Ադրբեջանը երկրորդ ճակատ է բացել ՌԴ-ի դեմ՝ ստիպելով զորք պահել Հայաստանում եւ Արցախում

Ադրբեջանը երկրորդ ճակատ է բացել ՌԴ-ի դեմ՝ ստիպելով զորք պահել Հայաստանում եւ Արցախում

Երբ խոսվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին, պետք է նկատի ունենալ, որ իրականում այն վաղուց է բացված. այստեղ ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, բայց Ռուսաստանը ստիպված է Հայաստանում եւ Արցախում պահել բազմահազարանոց զորախումբ՝ իր ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ: Եթե իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ լիներ, իսկ Արցախը` պաշտպանված, Հայաստանից ռուսական զորքն իր զինտեխնիկայով վաղուց տեղափոխված կլիներ ռուս-ուկրաինական ռազմաճակատ, որտեղ ամեն զինվորը եւ միավոր զինտեխնիկան մեծ նշանակություն ունեն: Չնայած ՀՀ իշխանության եւ հասարակության դժգոհություններին, որ Ռուսաստանը պատշաճ չի կատարում անվտանգության երաշխավորի իր դերը, համարժեք պատասխան չի տալիս Ադրբեջանին, երբ նրանք գրավում են տարածքներ Արցախում եւ Հայաստանում, միեւնույն է՝ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր զգալի ռազմական ներկայությունը Հայաստանում եւ Արցախում՝ չցանկանալով կորցնել վերահսկողությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:

«Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում (նկատի ունի Արցախը)՝ ցանկացած գործողություն իրականացնելու համար»․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս հոխորտանքն ուղղված չէ Հայաստանին կամ Արցախին, ավելի շուտ՝ ուղղված է Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին: Ալիեւը շատ լավ գիտի, որ Հայաստանի իշխանությունը՝ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանով, վաղուց է հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորումից, համաձայնել Ալիեւի այն մտքի հետ, որ Ադրբեջանն Արցախում կարող է անել այն, ինչ ցանկանա: Փաշինյանն ու իր շրջապատը չեն էլ թաքցնում, որ իրենց համար միեւնույն է, թե ինչ տեղի կունենա Արցախում եւ արցախահայության հետ: Շրջափակված Արցախի պաշտպանական հնարավորությունները սահմանափակ են, եւ ռազմական առճակատման դեպքում դժվար է հաղթական ելք ակնկալել: Ալիեւը սպառնում է Ռուսաստանին՝ ասելով, որ թեեւ դու ես Արցախի անվտանգության երաշխավորը, եւ այնտեղ են գտնվում ռուսական զինվորները, բայց նրանք չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Ադրբեջանի բանակի համար: 

Անընդհատ հոխորտալով, սպառնալով, կրակելով Արցախի խաղաղ բնակիչների վրա, սպառնալով ուժի գործադրմամբ փոխել հայ-ադրբեջանական սահմանը, բացել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքը՝ Ալիեւը ստիպում է, որ Ռուսաստանն իր զորքը չհանի Արցախից եւ Հայաստանից, հակառակը` անընդհատ մտավախություն ունենա, որ Ադրբեջանը մի օր կարող է սպառնալիքներից անցնել կոնկրետ գործողությունների: ՌԴ իշխանությունը հասկանում է, թե ինչ քաղաքականություն է վարում Ալիեւը, բայց այդքան ուժ եւ հնարավորություն չունի դրան հակազդելու: 
Համեմատության համար տեսեք, թե ինչ է անում Վրաստանը, որից այդքան դժգոհ են Ուկրաինայի իշխանությունները: Վրաստանը եւ Ռուսաստանն ուղիղ ռազմական առճակատման մեջ են. Ռուսաստանը փաստացի գրավել է Աբխազիան եւ Հարավային Օսիան: 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց այդ տարածքների անկախությունը, բայց այնտեղ ստեղծեց ռազմաբազաներ՝ որպես այդ տարածքներում իր ազդեցության գործիք:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո Ուկրաինայի իշխանությունները համառորեն պահանջում էին, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ, ինչը Ռուսաստանին կստիպեր իր բանակի եւ զինտեխնիկայի մի մասը տեղափոխել Վրաստանի սահման: Պարզ է` Ուկրաինան չէր պահանջում, որ Վրաստանի իշխանությունները պատերազմ հայտարարեն Ռուսաստանին, իսկ վրացական բանակը ռազմական գործողություն սկսի Աբխազիան եւ Հարավային Օսիան ազատագրելու համար: Ուկրաինայի ուզածն այն էր, որ Վրաստանի իշխանությունները, Ալիեւի օրինակով, հայտարարեն, որ ցանկացած պահի կարող են հետ նվաճել իրենց տարածքները, պատրաստ են վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները, մեկ-մեկ սահմանային միջադեպեր հրահրեին, կրակեին ռուս զինծառայողների ուղղությամբ: Այդ պարագայում Ռուսաստանը մշտապես մտահոգություն կունենար, որ Վրաստանը կարող է իսկապես ռազմական գործողություններ սկսել, եւ ստիպված կլիներ պահել բանակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Բայց Վրաստանը չգնաց Ադրբեջանի ճանապարհով: Ընդհակառակը՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո էականորեն բարելավեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում էապես մեծացրեց տնտեսական գործակցությունը՝, դրանով հարուցելով Ուկրաինայի իշխանության դժգոհությունը, որն արտահայտվում է հրապարակային քննադատության տեսքով: Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումը թույլ տվեց Ռուսաստանին, ֆորմալ պահելով իր ռազմաբազաներն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, դրանցում առկա ռազմական կարողություններն օգտագործել ռազմաճակատում: Ըստ վրաց փորձագետների՝ Աբխազիայի եւ Օսիայի ռուսական ռազմաբազաները հիմա գոյություն ունեն իրենց նախկին հզորությունների 20 տոկոսով, խիստ սահմանափակ մարդկային եւ ռազմական կարողություններով:

Վրաստանի իշխանությունները չգնացին Ռուսաստանի հետ առճակատման խորացման ճանապարհով, որովհետեւ, ի տարբերություն Ադրբեջանի եւ Ալիեւի, չունեն Թուրքիայի նման անվտանգության երաշխավոր: Ալիեւը համոզված է, որ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի` Ռուսաստանի համար հաջող ավարտի դեպքում Ռուսաստանը չի համարձակվի պատժել Ադրբեջանին, Թուրքիան դա թույլ չի տա: Իսկ հիմա, քանի դեռ պատերազմի ելքը վճռված չէ, Ադրբեջանը փորձում է լուծել իր բոլոր խնդիրները`հայաթափել Արցախը եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»:

Հայաստանի հետ, այսպես կոչված, «Խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման» համաձայնագիրն ավելի մեծ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ Ռուսաստանին դուրս մղելու Արցախից, ազատվելով Ռուսաստանից կախվածությունից, իսկ Հայաստանն առանց ռուսական ռազմական ներկայության կդառնա Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հետնաբակ: Դրա փոխարեն Ալիեւը Ռուսաստանին խոստանում է «լիարժեք համագործակցություն ԵԱՏՄ-ի հետ»: ՌԴ իշխանությունները հասկանում են, որ ԵԱՏՄ-ի կամ մեկ այլ ինտեգրացիոն կառույցի Ադրբեջանի կամ մեկ այլ պետության միանալը կամ անջատվելը կապված չէ Ադրբեջանի կամ Ալիեւի բարի կամեցողությունից, այլ Ռուսաստանի ուժից եւ պարտադրանքի հնարավորությունից, որն այս պահին չափազանց թույլ է: Ալիեւը հայտարարում է, որ բոլոր հնարավորություններն ունի՝ ցանկացած գործողություն սկսելու Արցախում, բայց չի սկսում: Այդքան հումանի՞ստ է, թե՞, այնուամենայնիվ, կաշկանդված է Ռուսաստանի ռազմական ներկայությունից:

Ավետիս Բաբաջանյան