Փորձում են փաշինյանական թուրքամետ հոգեբանություն ստեղծել սփյուռքահայ երիտասարդության մեջ

Փորձում են փաշինյանական թուրքամետ հոգեբանություն ստեղծել սփյուռքահայ երիտասարդության մեջ

Մայիսի 10-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը տեղի հայ համայնքի հետ մեծ աղմուկ առաջացրեց: Նրանից հետաքրքրվել էին, թե ուր են գնացել պատերազմի ժամանակ իրենց հանգանակած գումարները: Հարց տված անձին ոստիկանները հեռացրել էին։ Մենք տեղեկացանք, որ նա գերմանաբնակ Արթուր Հովհաննիսյանն է, ում մի քանի հարց ենք ուղղել։

- Տեղեկացանք, որ ոստիկանության աշխատակիցները Ձեզ հեռացրել են հանդիպման վայրից։ Ո՞վ էր դիմել ոստիկանություն, եւ ի՞նչու Ձեզ դուրս հանեցին։

- Ոստիկաններին կանչել էր այն տիկինը, ով այդ հանդիպման համար վարձել էր սրահը։ Պիտի նշեմ, որ այս միջոցառումը կազմակերպված էր ՀՀ արտգործնախարարության կողմից, բայց կազմակերպիչները սա հայտարարել էին որպես համայնքային միջոցառում, որի մասին մեզ ոստիկանները հետագայում տեղեկացրին։ Ոստիկանները մեզ՝ ինձ եւ էլի մի մասնակցի, հրավիրեցին սրահից դուրս եւ մեր անձնական տվյալները պարզելուց հետո մեզ հետ մտերմացան։ Նրանք զայրացած էին ահազանգ կատարողների վրա, քանի որ ահազանգը եղել էր ուժի կիրառման եւ ահաբեկչության մասին, որի հետեւանքով նրանք չափազանց մեծ ուժ էին մոբիլիզացրել` մոտավորապես 30 ոստիկան էր պատրաստվում մոտենալ: Տեսնելով, որ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում, ոստիկանները շատ քաղաքավարի մեզնից ներողություն խնդրեցին, բայց նաեւ խնդրեցին լքել տարածքը, քանի որ կազմակերպիչները մեզ այլեւս թույլ չէին տալիս մասնակցել միջոցառմանը։ 

- Նման հարցադրումներ միայն Դո՞ւք եք առաջ քաշել, թե՞ էլի մարդիկ կային ձեր համայնքում։ 

- Կոնկրետ այն հարցը, որ ես հնչեցրել եմ, մեծամասնությանը հուզող հարց է։ Տարիներ շարունակ մենք օգնություններ ենք նվիրաբերել, բայց այս անգամ այլ էր՝ օգնությունը պատերազմի եւ զինվորի տարրական պահանջները հոգալու համար էր։ Եվ հանկարծ մենք լսում ենք, որ այդ գումարը պարգեւավճարներ են դառնում ոչ մի գործ չանող երեսփոխանների համար: Աներեւակայելի է, խաբեություն: Այնպես չէ, որ մենք այդ գումարները հետ ենք ուզում, քավ լիցի, մենք արդարություն եւ ազնվություն ենք պահանջում, այսքանը:
Չեմ կարող գերմանահայ բոլոր համայնքների մասին կարծիք հայտնել, գերմանահայերն այնպես չէ, որ բոլորը կենտրոնացած են մեկ կամ մի երկու քաղաքում, թեպետ ամենամեծ համայնքը երեւի Քյոլնի հայ համայնքն է, այդ պատճառով իմ իմացած գերմանահայերից բոլորն էլ անչափ հիասթափված են: Բայց նրանք, ովքեր որոշ բիզնեսներ կամ պաշտոններ ունեն, միշտ իշխանամետ են եղել, նրանք միշտ եղել են բոլոր դավաճան կառավարությունների կողքին՝ սկսած Տեր-Պետրոսյանից մինչեւ Փաշինյան։ 
Բայց բազմաթիվ են իսկական հայրենասեր եւ գիտակից հայերը, որոնք գիշեր-ցերեկ մտածում են, մտահոգված են Հայաստանի անցուդարձով, փորձում են ամեն հնարավոր միջոցներով՝ թե՛ դրամական, թե՛  խորհրդակցական, թե՛ այլ ներդրումային միջամտություններով դրական ազդեցություն ունենալ հայրենիքի բարգավաճման, այժմ արդեն` Հայաստանի պետականությունը փրկելու գործին։ Ու թող հայրենիքում բնակվող մեր հայրենակիցները լավ իմանան, որ օրհասական պահին ամբողջ սփյուռքը, բռունցք դարձած, կանգնած է իրենց կողքին:

- Սփյուռքը ժամանակին մեծ աջակցություն է ցույց տվել Փաշինյանին։ Հիմա ի՞նչ վերաբերմունք կա իշխանությունների նկատմամբ։

- Տարբեր եւ շատ հակասական տրամադրություններ ու վերաբերմունք ունեն: Ոմանք խիստ հիասթափված են, ոմանք դեռ հույս ունեն, որ Փաշինյանն ինչ-որ մի օգտակար գործ կանի հայրենիքի համար: Ովքեր բիզնեսներ ունեն, խիստ հիասթափված են, բայց հասկանալի պատճառներով լռում են: Անտարբերներ էլ կան, որոնք իրենց օրվա հացի համար աշխատելով` խիստ մեկուսացած են: Գիտակից եւ լուրջ՝ քաղաքական կյանքում ակտիվություն ունեցող եւ հեռատես հայեր կան, որոնք տեսնում են իշխանության հակահայ պահվածքն ու ոչինչ չեն կարողանում անել: Ոմանք իրենց խաբված են համարում, ոմանք էլ ուղղակի հայրենիքի թշնամի եւ հակահայ են որակում:

- Քյոլնում ինչպե՞ս են վերաբերվել Սինանյանի հետ հանդիպմանը։

- Ընդհանուր առմամբ, բացասական արձագանքներ եղան անհատների կողմից, բայց կային նաեւ շատ պնակալեզներ, ովքեր, ավելի շուտ իրենց գրպանի մասին մտածելով, լռում կամ կեղծավորում էին Սինանյանի պես երեւույթին, որը, իմ կարծիքով, զուգահեռ կառույցներ ստեղծելով եւ դրանք անհայտ աղբյուրներից ֆինանսավորելով, փորձում է փաշինյանական թուրքամետ հոգեբանություն ստեղծել սփյուռքահայ երիտասարդության մեջ։

- Իսկ գերմանահայ համայնքում ամենաքննարկվող ու հայերին ամենից շատ մտահոգող հարցերը որո՞նք են։ 

- Ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց շատ-շատերի հետ զրուցելով՝ մի բան լավ զգացել եմ․ զրուցակիցներիս մտահոգությունը Փաշինյանի ոչ ադեկվատ եւ պարտվողական, անարժանապատիվ քաղաքականությունն է: Բոլորի ցանկությունը մեկն է՝ ունենալ սուվերեն եւ ազատ, անկախ հայրենիք: Շատ-շատերը ցանկություն ունեն կրկին վերադառնալ՝ ապրելու իրենց հայրենի հողի վրա, բայց մտածմունքը մեկն է՝ ընտանիք, որի հոգսերը հոգալու համար աշխատանք է պետք, հիվանդության բուժման համար մեծ գումարներ եւ այլն, չհաշված, որ իրենք այստեղի իրենց աշխատանքով նաեւ Հայաստանում գտնվող հարազատներին են օգնում․ դուք ինձնից լավ գիտեք այդ ամենը: Ինձ շրջապատող հայերին ամենաշատ մտահոգող հարցը Նիկոլի թուլակամ եւ ոչ պրոֆեսիոնալ, թշնամու ջրաղացին ջուր լցնող, թշնամու խոսքով գործող ոչ պետականամետ, մեր հայրենիքը թշնամուն հանձնող գործունեությունն է: Մենք ամեն օր մի նոր արտառոց ցավալի կորստի ենք ականատես լինում, լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել, գլուխներս ավազի մեջ թաղելով` չտեսնել ու չլսել կատարվածը։