Պարզվեց՝ ում համար է Արցախը թանկ

Պարզվեց՝ ում համար է Արցախը թանկ

Գրում եմ՝ տեղեկություն չունենալով՝ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ: Դա այնքան էլ կարեւոր չէ: Արայիկ Հարությունյանն իր մերձավոր մրցակցից երկուսուկես անգամ ավելի քվեներ է ստացել, մեծամասնությունն իր խոսքն ասել է: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ պարզվեց՝ ում համար է Արցախը թանկ: Նախագահի թեկնածուների աննախադեպ առատությունը, քարոզարշավին երեւանյան մեդիա եւ քաղտեխնոլոգիական որոշակի շրջանակների սերտ ներգրավվածությունը, ավելի քան մեկ ամիս սոցցանցերում տարված արշավը մի բան են վկայում՝ բոլորը խնդիր էին դրել խոչընդոտել Արայիկ Հարությունյանին:

Գործի էր դրվել «թեկուզ ջրհեղեղ, միայն նա չընտրվի» սկզբունքը: Քվեարկության նախնական արդյունքները վկայում են, որ քաղտեխնոլոգիական այդ նախագիծը փաստացի դիվերսիա էր Արցախի ժողովրդի դեմ: Ժամանակը կբացահայտի շատ բան: Բայց կայուն տպավորություն է, որ փորձ է արվել արտաքին շահագրգիռ կենտրոնների համար քաղաքական միջամտությունների հող նախապատրաստել: Պատահակա՞ն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ընդգծված էր, որ Արցախում կայացել է նախագահի ընտրության առաջին փուլը: Ընտրությունը պաշտոնապես չճանաչող միջնորդներն իրենց նման ձեւակերպում սկզբունքորեն չպետք է թույլ տային: Իրական քաղաքական ռեժիմում, ասյպիսով, գործ ունենք իրավիճակի հետ, երբ թե ներսում, թե դրսում կանխածրագրվել էր նախագահի ընտրությունների երկրորդ փուլի սցենարը: Մեծ է հավանականությունը, որ կրկնաքվեարկություն տեղի կունենա: Եւ այստեղ հստակվելու է, թե ում համար է Արցախը թանկ:

Արցախի գործող իշխանությունը, քաղաքական քիչ թե շատ ազդեցություն ունեցող դերակատարները, հանրության պատասխանատու խավերը պետք է համախմբվեն, որպեսզի ժողովրդի մեծամասնության որոշումը վերջնական ֆորմալ ձեւակերպումն ստանա: Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքն Ազգային ժողովի ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել: Արայիկ Հարությունյանի մերձավոր մրցակից Մասիս Մայիլյանի «Նոր Արցախ» դաշինքը, մինչդեռ, հինգ տոկոսի շեմը չի հաղթահարել եւ խորհրդարանում ներկայացված չի լինի: Այս իրողության դեմ քաղտեխնոլոգիական բոլոր հնարքները պարզապես ոտնձգություն կլինեն Արցախի ժողովրդի կամարտահայտության դեմ: