Ովքե՞ր և ի՞նչ ռեսուրսներով են պատրաստում  «գարաժներում» տեսանյութեր

Ովքե՞ր և ի՞նչ ռեսուրսներով են պատրաստում  «գարաժներում» տեսանյութեր

Ընդունված կարծիք կա, որ նախկիններն առ այսօր տիրապետում են մեծ թվով մեդիառեսուրսների՝ կայքեր, հեռուստատեսություններ, թերթեր։ Այդպես է, չեմ հերքում։ Բայց արդյո՞ք իշխանությունը չունի նախկինների ենթադրյալ հակաքարոզչությանը հակազդելու պրոպագանդիստական հավասարազոր գործիքներ և խեղճուկրակ ու անհավասար պայմաններում է։ Բնավ՝ ոչ։ Անգամ նկատի չունեմ հայտնի ռեսուրսները` ի դեմս երկու-երեք մեծ լսարան ունեցող և ազդեցիկ ինտերնետ հեռուստատեսությունների, մի քանի կայքերի, ու, ի վերջո, Հանրային հեռուսատատեսության ու ռադիոյի, այլև անհայտ ծագման ու արտադրության պրոիշխանական տեսառեսուրսներ, որը գործարանային հոսքագծի պարբերականությամբ տեսանյութեր է նետում youtube և յուրաքանաչյուրը՝ 70, 50-100, 150 հազար դիտում  ապահովում։ Իսկ նման կոնտենտ օրական արտադրվում է մոտ մեկ տասնյակի չափ։

Ըստ որում, այդ անհայտ ծագման արտադրանքը բազմաշերտ է․ կան այնպիսիները, որ ակնհայտորեն լրագրողի ու խմբագրի ձեռք ով են անցել  և դրանք հիմնականում հայտնի «աջակցող» ինտերնետ-հեռուստաընկերությունների առաջնորդողների վրա կառուցված կամ Նիկոլ Փաշինյանի թիմին դեռևս պաշտպանող մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետներն են գեներացնում, կա նաև խիստ ցածրորակ արտադրանք, որը տպավորություն է, որ թողարկվում է ինչ որ «գարաժներում»։ Դրանք մոտավորապես այսպիսի վերնագրեր են ունենում․«ՎԵՐՋ ! Պուտինը Այլևս Դեր Չունի․ Հների Խայտառակ Խուճապը», «Պուտինը Խոնարhվեց Նիկոլի առջև...Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», «Քարդաշյանն ասաց՝ կողքդ եմ, Նիկոլ,» (ըստ որում՝ «կողքդ» ,«մոտդ» բառերը բացառապես գրվում են «տ»-ով )։ Օրինակ այս վերնագրով տեսանյութը, որը թողնում ենք այնպես, ինչպես կա Youtube-ում ունի 107 հազարից ավելի դիտում և այպիսի վերնագիր․«Նիկոլ գալ իս եմ հայաստան կողքտ կանգնեմ...Աշխարհի ամենահայտնի հայը ցնցելե մոլորակը ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ»։ Բոլոր տառասխալները հատուկ պահպանել ենք։

Պուտինի գլուխ խոնարհելու մասին տեսանյութում, օրինակ, նախ պատմվում է, որ տխուր դեմքով  և ոչ այնքան լավ տրամադրությամբ Հայաստան ժամանած Պուտինին, որը սովոր է, որ Հայաստանի ղեկավարներն, մեջբերում եմ՝ « իր առջև վազուվազ անեն», չեն դիմավորել ոչ օդանավակայանում, ոչ Բաղրամյան 26-ի դիմաց, ապա ասվում է․«Դիմավորման ընթացքում, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե ինչպես է Պուտինը խոնարհվում Նիկոլ Փաշինյանի առջև բարևելիս, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ և հպարտ կանգնած է», ապա հայտարարվում․« Նիկոլ Փաշինյանն այսօր գրավել է ողջ աշխարհը, Նիկոլ Փաշինյանն այսօր իր ժողովրդավարական քայլերով, իր հասարակ լինելով՝ գրավել է արտասահմանյան մամուլը։ Նիկոլ Փաշինյանի մասին են այսօր խոսում բոլորը։ Նիկոլ Փաշինյանն այսօր բացառիկ․․․ սելֆիներ  արեց տարբեր երկրների ղեկավարների հետ։ Անգամ՝ այդ սելֆիներում էր հայտնվել Վլադիմիր Պուտինը՝ դժգոհ դեմքի արտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյաանը շատ ուրախ և ջերմ»։Միայն տեքստն, իհարկե, ի զորու չէ փոխանցել  ձայնը, որով այս տեքստը կարդում է լրագրության հետ որևէ կապ չունեցող երիտասարդը։ Այս տեսանյութն, օրինակ, ունի 63․500 դիտում։

Այսպիսի ամբողջական շարքեր նվիրված են Արթուր Վանեցյանի ու Օսիպյանին,«Վանեցյանը կռիս ա» կամ՝«ՎԵՐՋ Գագոն բռնված է . Անհավատալի է բացահայտվեց սարսափելի դեպք Նիկոլը Հուպ Տվեց» (198.505 դիտում)։ Բավականին հետաքրքիր մի տեսանյութ կա այն մասին, թե ինչպես է Մելանյա Թրամփը Աննա Հակոբյանին գովեստի խոսքեր ուղղել, նրան շատ ուժեղ կին որակել։ Մեկ այլ տեսանյութում (վերնագիր՝«Աննան անսպասելի կոտրեց Ռիայի մեջքը. Խայտառակ Դեպք Բոլորի Համար») պրոպագանդայի  այս  անտանելի ձայնով ու տոնով գործիքը հայտարարում  է․«Եվ սա տարածվել էր համացանցում և մեկնաբանվել այնպես, որ Աննա Հակոբյանը չի հարգում Նիկոլ Փաշինյանին և նրա ելույթին արհամարհականով է մոտենում և զբաղված է այլ գործողություններով)։ Խոսքը ՄԱԿ-ում սեփական հեռախոսի էկրանին Աննա Հակոբյանի հայտնի զմայլված հայացքի, մազերն ու շրթունքներն ուղղելու իրոք որ «գործողությունների» մասին է, քանզի «ուղղելը», որպես կանոն, մեկանգամյա գորրծողություն է։

Ամեն դեպքում,  այն, որ Աննան Նիկոլին «արհամարհականով չի մոտենում» ու որպես ցանկացած կին կարող է ուղղել իր մազերը ցանկացած տեղում ու ցանկացած ժամանակ, վկայում է , ըստ տեսանյութի հեղինակի, այդ մասին գրած լրագրողների, նորից մեջբերում եմ՝ անասունության աստիճանը։

Դե ինչ, ուզում ենք իմանալ, թե ինչ միջոցների հաշվին է ստեղծվում այս տիրաժավորվող․ իսկականից՝ անասունությունը։