Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ով է իրենց խմբակցության ղեկավարը

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ով է իրենց խմբակցության ղեկավարը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը որոշում է կայացրել՝ խորհրդարանում իրենց խմբակցության ղեկավարը կլինի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Մինչ այս, սակայն, լուրեր էին պտտվում, որ դաշինքի ներսում ավելի շատ հակված են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեսնել խմբակցության ղեկավարի դերում, քանի որ Սեյրան Օհանյանը, նախ, ԱԺ պատգամավորի փորձառություն չունի, երկրորդ՝ խմբակցություն ղեկավարելը որոշակի հմտություններ ու կազմակերպական ունակություններ է պահանջում։
«Առաջարկություն եղավ դաշինքի ղեկավարի կողմից եւ ընդունվեց դաշինքում ընդգրկված բոլոր ուժերի կողմից»,- մեզ հետ զրույցում իր ընտրության վերաբերյալ ասաց Սեյրան Օհանյանը։

- Բոլորը համաձա՞յն են եղել Ձեր թեկնածությանը, թե՞ կային մարդիկ, որոնք համաձայն չէին, ասում են՝ ոչ միանշանակ է ընկալվել այդ որոշումը։

- Այո, բոլորը համաձայն են եղել։

- Իսկ Դուք ի՞նչ եք մտածում՝ այս բարդ իրավիճակում կստացվի՞  հաջողությամբ կառավարել խմբակցությունը, նաեւ հարաբերվել իշխանության հետ։

- Ես կարծում եմ, որ մեր խմբակցությունն իր առջեւ դրված առաքելությունը կիրականացնի, մենք այնպես, ինչպես նախընտրական փուլում համախմբվեցինք եւ գնացինք արտախորհրդարանական ընտրությունների, այնպես էլ հիմա համախմբված ձեւով մեր աշխատանքը շարունակելու ենք։

- Իսկ խմբակցության ղեկավարի պաշտոնում Ձեզ առաջադրելու մոտիվացիան ո՞րն է եղել, ավելի շատ Ձեր անցած ճանապարհը, դիրքը, հեղինակությո՞ւնն են հաշվի առնվել, թե՞ կառավարման հմտությունները․ Դուք օրենսդրական աշխատանքի փորձ, ամեն դեպքում, չունեք, ավելի շատ գործադիրի մարդ եք եղել։

- Ես, ճիշտ է, գործադիրում եմ աշխատել, բայց ես կազմակերպչական ունակություններ ունեմ, երկրորդը՝ օրենսդիրի հետ մշտական շփման մեջ եմ եղել, պաշտպանության նախարարությանը եւ անձամբ ինձ վերաբերող մասով չի եղել որեւիցե մեկ միջոցառում օրենսդիրի հետ, որ ես անձամբ չմասնակցեմ։ Եվ երկրորդը՝ ես չէ, որ պետք է գնահատեմ իմ ունակությունները։ Իմ արժանիքներն ու ունակությունները գնահատել են եւ իրենք են առաջարկել։

- Ի դեպ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն էլ կլինի Արթուր Վանեցյանը, ով, ինչպեսեւ Դուք, գեներալի կոչում ունի, իսկ իշխանական ՔՊ-ի ղեկավարը Հայկ Կոնջորյանն է․․․ դուք՝ երկու գեներալով, նրա հետ միասին, հավասար կարգավիճակով, նույն գծի մեջ եք հայտնվելու։

- Ուրեմն «Պատիվ ունեմ» դաշինքի հետ մենք համագործակցության եզրեր ունենք, փորձ ունենք, կհամագործակցենք, իսկ ՔՊ-ի մասով ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ով է իրենց խմբակցության ղեկավարը։ Մենք աշխատելու ենք նույն ոճով։

- Քաշային լուրջ տարբերություն կա ձեր երկուսի եւ Կոնջորյանի միջեւ։

- Ասենք, ի՞նչ ա, էլի, ես էնտեղ գնալու եմ շտանգա՞ բարձրացնեմ, թե՞ ինչ անեմ, քաշը ի՞նչ ա նշանակում։ Ես գտնում եմ, որ ինձ համար եւ մեր խմբակցության համար մեծ պատիվ է՝ արտահայտել մեզ ընտրողների շահերը եւ մինչեւ վերջ գնալ այն ծրագրերի իրականացման հետեւից, որը մենք դրել ենք մեր առջեւ։

- ԱԺ փոխխոսնակի հարցում Վանեցյանն ասաց, որ այդ հարցը կհամաձայնեցնեն «Հայաստան» դաշինքի հետ, նոր կորոշեն՝ ով է առաջադրելու թեկնածու։ Ձեր օրակարգում նման հարց, առհասարակ, կա՞, որ ձեզ հասանելիք պոստերից մեկը՝ ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահի, զիջեք «Պատիվ ունեմ»-ին։

- Նմանատիպ հարցերը հիմա մեր դաշինքի եւ խմբակցության ներսում քննարկվում են, վերջնական որոշում լինելու դեպքում կհայտարարենք։