Մենք Մակրոնին ըսինք, որ չի կռնար չեզոք մնալ․ Մուրադ Փափազյան

Մենք Մակրոնին ըսինք, որ չի կռնար չեզոք մնալ․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայում իրենք շարունակում են բողոքի ակցիաները, նաև կապը տեղի պաշտոնյաների հետ՝ Արցախի անկախության ճանաչման օրակարգով։ «Անշուշտ, մենք միշտ կաշխատենք, նաև գլխավոր անձնավորություններու հետ՝ քաղաքապետներ, շրջաններու նախագահներ, նաև պատգամավորներու մոտ կներկայացնենք, որ այդ ճնշումը բանեցնեն, որ Ֆրանսիային կոչ ուղղեն, որ ճանչնա Արցախի Հանրապետությունը, հոսանքը մը կկազմակերպենք, որպեսզի այլ քաղաքները քվեարկեն Արցախի ճանաչման տեքստեր, նախագծեր։ Այս դինամիկի մեջ ենք, երեկ նորեն ցույց կազմակերպեցինք, մոտ 20 հազար հոգի ներկա էին, նույնը՝ նախորդ կիրակի՝ 20 հազար հոգի, այսինքն՝ թե՛ քաղաքական, թե՛ ժողովրդական աշխատանքը կշարունակենք, և մեդիաները նույնպես սփռած են մեր ցույցը»,- ասաց Փափազյանը։

- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց Մակրոնին, այդ հանդիպումից Ձեզ հայտնի ի՞նչ արդյունքներ կան։

- Գիտեք, իրականության մեջ Ֆրանսիան շատ դրական դեր կխաղա, Ֆրանսիան միշտ պրոհայկական քաղաքականություն կվարե, բայց մենք կնկատենք, որ կրնա ավելի հեռու երթալ, մենք կքաջալերենք Ֆրանսիայի նախագահին, կտեսնաք, թե ինչ վերաբերմունք է Էրդողանի նկատմամբ, մենք կքաջալերենք, որ ավելի հեռու երթա, որովհետև Ֆրանսիան այն երկիրն է, որ կրնա օրինակելի ըլլալ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը, կրնա միջազգային ընտանիքի սեղանի վրա դնել պրոբլեմը, որ կստեղծվի՝ այսօրվա ստատուս-քվոն, և պրոբլեմն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ մը պատրաստեցին այս վերջին տարիներու ընթացքին, երբ Ադրբեջանն իսկապես զինվեցավ, այսինքն՝ 20 տարի է, որ կզինվի, և երբ որ բոլոր երկրները՝ նույնիսկ  Մինսկի խմբի համանախագահները, զենքեր կծախեին Ադրբեջանին, մենք միշտ կոչ կուղղեինք, որ իրենց պարտականությունն այն է, որ խաղաղություն տարածեն, բայց իրենք զենք կծախեն Ադրբեջանին, որուն միակ թշնամին Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդն են։ Այդ չեզոքությունը, որ կպարտադրեն իրենք, հարցականի տակ է։ Մենք նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին ըսինք, որ երբ պետությունը չհարգե միջազգային ընտանիքի որոշումները և պատերազմական քայլեր կընե ուրիշ պետության դեմ, չի կրնար չեզոք մնալ։ Այս կոնտեքստի մեջ չեզոքությունը մեղսակցություն է, այսօր կարելի չէ ըսել, որ մենք Մինսկի խմբակի համանախագահ ենք, պարտավոր ենք չեզոք ըլլալ։ Ոչ, որովհետև Ադրբեջանը չի հարգեր հրադադարը, կխախտե, ուրեմն հիմա պետք է որ դատապարտվի, պետք է որ քննադատվի, և պետք է որ Արցախի անկախությունը ճանաչվի՝ իբրև նաև ապահովական բնույթ ունեցող որոշում մը։

- Անընդհատ խոսվում է Արցախում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսել է այդ մասին՝ ասելով, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանի համար ընդունելի է։ Ձեզ հայտնի՞ է այս հարցի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը։

- Ֆրանսիայի իշխանություններն իսկապես պատրաստ են մաքսիմումը ընել, բայց իրենք կնկատեն, որ արդեն մաքսիմումը կընեն, մենք, ընդհակառակը, կըսենք, որ դեռ կրնաք ավելին ընել։ Մենք նաև կխոսենք այդ մասին, որ Ֆրանսիան զորքեր ուղարկե Արցախ՝ խաղաղության զորքեր, որպեսզի խաղաղությունը պարտադրվի, որովհետև, եթե Ֆրանսիան հազար զինվոր ղրկե Արցախ, Ադրբեջանը պիտի չկրակե ֆրանսիացի զինվորներու վրա, այսինքն՝ ուժով կպարտադրե զինադադարը։ Մենք կկարծենք, որ Ֆրանսիան կրնա ավելին ընել, նաև կրնա ընդունիլ, որ Արցախի Հանրապետության ճանաչումն ընթացքի մեջ կրնա ըլլալ, այսինքն՝ ճիշտ է, որ 2 վայրկյանի մեջ Ֆրանսիան չի կրնար ճանաչել Արցախի անկախությունը, բայց կրնա տևական ընթացք մը մեջտեղ բերել, որպեսզի այդ շաբաթներու ընթացքին, երբ որ մեր պատգամավորներու բանաձևն ընթացքի վրա կա, այն բանաձևը, որ կոչ կուղղե Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի անկախությունը, նախագահ Մակրոնը համակրանքով ընդունի պատգամավորներուն այդ քայլը, և եթե պատգամավորները քվեարկեն այդ բանաձևը, Ֆրանսիայի ձեռքին մեջ լուրջ զենքը մը կըլլա՝ ըսելով, որ մեր պատգամավորներն այս կոչը կուղղեն մեզի, և մենք լուրջի կառնենք, որ եթե Ադրբեջանի և Թուրքիո կողմե այդ պատերազմը շարունակվի, մենք ի վիճակի ենք ճանչնալ Արցախի Հանրապետությունը։

- Ուզում եք ասել, որ պառլամենտական դիվանագիտությո՞ւնը պետք է աշխատի։

- Այո, որովհետև ժողովուրդին ներկայացուցիչներն են, չէ՞, պատգամավորները։ Այսօր Ֆրանսիային մեջ հանրային կարծիքը մեզի հետ է, լրիվ մեզի հետ է, պրոհայկական և հակաթուրքական ու հակաադրբեջանական կարծիք մըն է, որովհետև մենք նաև իբրև ֆրանսիացի կխոսինք, և իբրև ֆրանսիացի՝ մեզի ուժ կուտա, ոչ թե միայն որպես համայնքի մը ներկայացուցիչներ։