Ի պատասխան Իլհամի հոխորտանքի

Ի պատասխան Իլհամի հոխորտանքի

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ժամանակին հոր հետ եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ «հայերը Հեյդար Ալիեւի առջեւ կանգնում էին զգաստ»:  Այս հոխորտանքին ի պատասխան պատմեմ մի դեպք, որ տարիներ առաջ լսել եմ հանգուցյալ Մուշեղ Օհանջանյանից: Օհանջանյանը խորհրդային շրջանում մոտ մեկ տասնամյակ պաշտոնավարել է որպես ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ եւ մոտիկից գիտեր Հեյդար Ալիեւին ու նրա շրջապատը: ԼՂԻՄ կազմավորման 50-ամյակի տոնակատարության շրջանակներում Հեյդար Ալիեւը շքախմբով այցելում է Մարտունու շրջանի «Կոմունիզմ» կոլտնտեսություն, որի նախագահը սոցիալիստական աշխատանքի հերոս, Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Ադր.ԿԿ Կենտկոմի անդամ Սուրեն Ադամյանն էր: Շրջում են այգիներով, արտերով, տեսնում Ադամյանի կառուցած անասնապահական հոյակապ համալիները, որտեղ աշխատանքը գրեթե լիովին մեքենայացված էր, այնքան, որ խոզերն օրը երկու անգամ… ցնցուղ էին ընդունում: Պատկերն Ալիեւին չի ոգեւորում:

Զայրութը թափում է հարեւան ադրբեջանական տնտեսությունների ղեկավարների վրա: Բայց ամենամեծ անակնակն առջեւում էր: Նման այցելությունները, որպես կանոն, ավարտվում էին առատ կերուխումով: Ադամյանը գյուղից դուրս հոյակապ հյուրատուն էր կառուցել՝ տուֆակերտ դղյակ, սքանչելի այգի, լողավազան: Նստում են ճաշի: Իսկ սեղանին միայն տնաքաշ թթի օղի է, տեղական կարմիր եւ սպիտակ գինի՝ սառնությունից քրտնած սափորներով, իսկ հանքային ջուրը՝ «Ջերմուկ»: Ալիեւը մի կերպ իրեն հավաքում, կենաց է ասում՝ ի փառս աշխատավոր  Ճարտարի եւ նրա պանծալի զավակ Սուրեն Ադամյանի: Եւ տեղի է ունենում ամենամեծ կուրյոզը. ներս են մտնում մատուցողներն ու չորս սեղանակցի առջեւ դնում մեկական… խաշած գոճի: Մարզային իշխանության առաջին դեմքերը քար են կտրում: Ի՞նչ կասի Հեյդար Ալիեւը: Խոզի միս առաջարկել մուսուլմանին՝ նշանակում է ծանրագույն վիրավորանք հասցնել նրան: Բայց Ալիեւը կուլ է տալիս վիրավորանքը: Ավելին, վերցնում է դանակը, կտրտում գոճին եւ իր ձեռքով մի կտոր դնում նախարարների խորհրդի նախագահ Սեիդովի ափսեում: Վերջինս անակնկալի է գալիս. «Չէ, Հեյդար Ալիեւիչ, ես խոզի միս չեմ ուտում»:

-Դու կարծում ես ես ուտու՞մ եմ, բայց այսօր մենք Հայաստանում ենք եւ պարտավոր ենք հարգել տանտիրոջ սովորույթները,- պատասխանում է ապագա «համազգային առաջնորդը» եւ մի կտոր գոճու միս էլ ինքը վերցնում: Բոլորը ծափահարում են, եւ խնջույքը շարունակվում է, մինչեւ որ Հասան Սեիդովի ծանրացած գլուխն իջնում է կեղտոտ ափսեի վրա, եւ նա սկսում է խփմփացնել:
Ահա այսպես է Հեյդար Ալիեւի առջեւ «զգաստ կանգնել» Արցախի լավագույն զավակներից մեկը՝ Սուրեն Ադամյանը, որ խորհրդային Ադրբեջանի ղեկավարության կոկորդին չոր ոսկոր էր: Մինչեւ որ հատուկ ծառայությունները կազմակերպեցին նրա սպանությունը: