Քերոբյանի հերթական ֆանտաստիկ-տրիվիալ հաշվարկները

Քերոբյանի հերթական ֆանտաստիկ-տրիվիալ հաշվարկները

Երեկ կառավարության նիստում քննարկում էին՝ կրճատե՞լ Ամանորի ոչ աշխատանքային օրերը, թե՞ ոչ։ Զեկուցում էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը: Նրա խոսքով` նախագիծն ուղղված է ուժեղ տնտեսության կայացմանը: «Այն կարգավորումները, որ ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, եւ, ըստ էության, խրախճանքի տասնօրյակ է Հայաստանում հայտարարվում», իսկ մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ:

Նշեց, որ սրանով մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ 1.5 տոկոսով։ Թե որտեղից են այդ տնտեսական հաշվարկները, դժվար է կռահել։ Առաքիչից նախարար դարձած Քերոբյանի գլխում բավականին հաճախ են նման ֆանտաստիկ թվեր ծնվում։ Վերջերս էլ նա հայտարարել էր, թե այս տարի, նախորդի համեմատ, տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ են կանխատեսում։ Կարող էր ասել՝ 627 տոկոս  կամ 831, իր ձե՞ռքը չէ, ինչ թիվ ուզի՝ կկրակի։ Կարեւորը՝ «պողոսներին» դուր գա։ Եվ եթե չլինեին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երեւի «պողոսներն» ու իրենց թագավոր Փաշինյանը հավատային այդ թվերին, նախագիծն ընդունեին։ Առաքելյանը հակադրվեց, որ դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը, քանի որ սրանով նվազում է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստյան օրերի քանակը։

«Այն, որ հանգստյան օրերը գերազանցում են մի շարք երկրների օրինակները, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, աշխարհի գրեթե բոլոր երկրներում դրանք փոխարինում են լրացուցիչ օրերով, եթե ոչ, աշխատանքային օրը համընկնում է շաբաթ եւ կիրակի օրերին», եւ նկատեց, որ այդ 7 օրվա ոչ աշխատանքային օրերից երկուսը շաբաթ-կիրակի են: «Հունվարին ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, իսկ այս դեպքում գրեթե վերանալու է»,- ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց զրկելով հանգստյան օրերից` ՀՆԱ-ի նվազում կունենանք, ոչ թե աճ:

Քերոբյան արձագանքեց, թե այդքան տրիվիալ չեն իրենց հաշվարկները, վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է հարցը։ Ֆինանսների նախարարն էլ նկատեց, որ էական չէ՝ 87, թե 48 միլիարդով է ավելանալու ՀՆԱ-ն, էական է, որ քաջալերում են աշխատանքը եւ դրա միջոցով աղքատության հաղթահարումը: Նրա խոսքով՝ կարող են այլ ծայրահեղության հանգել եւ ասել՝ եկեք շաբաթը 6 աշխատանքային օր դարձնենք, որ ավելի շատ ՀՆԱ ապահովենք: Փաշինյանն առաջարկեց թեման թողնել օրակարգում, որ հետո հավելյալ քննարկեն։ «Այս թեմայով 5-6 տարի քննարկումներ լինում են, հիմա մենք առաջարկում ենք այսօրվանից քննարկենք եւ հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձեւավորել: Այն նուրբ եւ կարեւոր հարց է եւ ոչ միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այլ նաեւ առողջապահական․․․ մարդիկ իրականում հանգստանո՞ւմ են, թե՞ ձեռք են բերում նորանոր խնդիրներ»,- ասաց նա՝ հիշելով իր համար հաճելի՝ ուտելու թեման։