«Եթե 3 ամիս հետո Արթուր Սարգսյանն անհապաղ ազատ է արձակվելու, լոգիկան ո՞րն է նրան կալանքի տակ պահելու»

«Եթե 3 ամիս հետո Արթուր Սարգսյանն անհապաղ ազատ է արձակվելու, լոգիկան ո՞րն է նրան կալանքի տակ պահելու»

Նորընտիր պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Գործը, երբ ուղարկվել է դատարան, նախնական նիստի ընթացքում դատավոր Գնել Գասպարյանն անփոփոխ է թողել կալանավորման որոշումը։

«Գործը պետք է քննվի, ըստ էության, Սյունիքի մարզի դատարանում, Սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ նախնական դատական նիստ է նշանակվել, եւ այդ ընթացքում անփոփոխ է թողնվել։ Մենք այդ որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, հույս ունենք, որ այս շաբաթ արդեն մակագրություն կունենանք»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։

Պաշտպանը նաեւ ասում է՝ այս գործով վաղեմության ժամկետի, ինչպես նաեւ համաներման հարց կա․ «314-րդ հոդվածի 1-ին մասով դեկտեմբեր ամսին լրանում է վաղեմության ժամկետը, իսկ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ամբողջ ծավալով՝ 6 տարի ռեժիմով, Արթուր Սարգսյանը համաներման տակ է ընկնում։ Հիմա ես էլ դատարանին ամենածանրակշիռ փաստարկներից մեկն եմ ասում՝ չեն հակադարձում, որոշման մեջ չեն ասում, բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ապօրինի ու չպատճառաբանված որոշում են կայացնում։ Այս պայմաններում դատարանի համար տեսանելի է, որ ինքը գործը 3 ամսում չի կարա քննի եւ ավարտի․․․ Վճռաբեկի դատարանի կայուն նախադեպերի որոշումների համաձայն՝ չի կարող անձը մնալ կալանքի տակ, եթե արդեն տեսանելի ու հասկանալի է, որ նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անձի նկատմամբ անազատության հետ կապված որեւէ պատիժ չի կարող նշանակվել։ Իսկ հիմա ի հակառակ մեր պնդումների՝ մարդիկ պահում են կալանքի տակ»։

Սարգսյանը համաձայն չէ, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, ցանկանում է հիմնավորել անմեղությունը․ «Դա կապ չունի կալանքի հետ, որովհետեւ կալանքը պատժի տարրեր է պարունակում։ Դու գիտես, որ անձին վերջում չես կարա անազատության հետ կապված պատիժ նշանակես, բայց դու հիմա պահում ես կալանքի տակ, այդտեղ լոգիկա չկա։ Դա հակասում է Վճռաբեկ դատարանով հաստատված նախադեպերին»։

Դեկտեմբերին, երբ լրանա վաղեմության ժամեկտը, Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, Էմին Խաչատրյանի մեկնաբանմամբ՝ դատարանը «չարաճճիություն» է անում․ «Մի գերնպատակ կա, որ անձին պահեն կալանքի տակ»։

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

Արթուր Սարգսյանը կալանավորվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին քաղաքապետը 2016-ին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի գործով նախաձեռնել է, որ շինարարական աշխատանքների մրցույթը շահի ոչ թե ավելի էժան գին առաջարկած, այլ՝ Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ընկերությունը։ Իրավապահները հաշվել են, որ սրանով համայնքին պատճառվել է ավելի քան 3 միլիոն դրամի վնաս։