Դավիդյանին փոխարինողն ազատման դիմում է գրել

Դավիդյանին փոխարինողն ազատման դիմում է գրել

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Վարդան Ավագյանը, մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է գրել։ Կենտրոնի գործավարուհին մեր զանգի ժամանակ հայտնեց, որ տնօրենը տեղում չէ։

Հիշեցնենք, որ վերջինս «Քաջարան բժշկական կենտրոն» նախկին ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ավագյանն է, ում օրոք Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվեց 7 մարդ: Նա այդ դեպքերի ժամանակ «փախավ» երկրից: Դեպքի կապակցությամբ անգամ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Գրել էինք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վարդան Ավագյանի նշանակման հարցում իր լուման ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նա է բարեխոսել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վարդան Ավագյանին: Ինչևէ տեղեկություն ունեինք, որ նրա տեղակալը ևս ազատման դիմում է գրել։ Ի պատասխան, իր մասով նա ասաց․ «Չկա նման բան, ես դիմում չեմ գրել»։ Ինչ վերաբերում է իր անմիջական ղեկավարին, ապա տեղակալն ասաց․ «Չէ, նա ինձ հետ կիսվում է մենակ աշխատանքային հարցերով»։