Երևան-Բաքու երկխոսությանն ինչպես է մասնակցելու Ստեփանակերտը

Երևան-Բաքու երկխոսությանն ինչպես է մասնակցելու Ստեփանակերտը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի դեկտեմբերի 18-ի ասուլիսում, բնականաբար, չէր կարող հայտարարություն չհնչել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Ըստ էության, կրկնելով մինչ այդ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ դեսպանն ասել է, որ ՌԴ-ն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի հարցով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Սա բավականին հետաքրքիր քայլ է ըստ էության, թեեւ նաեւ բավականին շատ հարցեր առաջացնող։ 

Նախ, եթե ամփոփենք մինչ այս ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով արված հայտարարությունները, անկախ նրանից, թե դրանք ում շուրթերից են հնչել, պարզ է դառնում մի բավականին յուրօրինակ պատկեր։ Նախ, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո տարածված հայտարարության մեջ առաջին անգամ ամրագրվեցին Դուշանբեում ԱՊՀ առաջնորդների հավաքի ժամանակ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ պայմանավորվածությունները դարձան բանակցային սեղանին դրված փաթեթի մաս։

Բացի այդ, եթե ուշադիր ենք հետեւում գործընթացներին, ապա պարզ երեւում է, որ պետերբուրգյան եւ Վիեննայի պայմանավորվածություններն առնվազն մղվել են լուսանցք, չասելու համար՝ առհասարակ հանվել են օրակարգից, ու հարցերի հարցն է, թե արդյոք կարգավորման բանակցային գործընթացի հիմքը շարունակում են մնալ Մադրիդյան սկզբունքնե՞րը, թե՞ դրանք էլ են մղվել հետին պլան` միջանկյալ գործողությունների համար։ Ի վերջո, վերջին օրերին Լուկաշենկոն ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս ասել է, որ բազում տարիներ Մինսկի խումբն աշխատել եւ «ոչ մի գրողի տարած արդյունքի չի հասել»։

Ասում են, որ Լուկաշենկոն խոսում է Պուտինի «սրտի ավելցուկից», հետեւաբար կարելի է ենթադրել, արդեն վկայակոչելով Զախարովայի եւ ապա Լավրովի վերջին հայտարարությունները՝ ղարաբաղյան կարգավորման, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման, Երեւան-Բաքու ուղիղ երկխոսության հաստատման մասին, որ Մոսկվան որոշել է հաստատակամորեն իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Ուղիղ երկխոսությունն ինքնին դրական երեւույթ է կողմերի համար։ Սակայն մի հետաքրքիր հարց կա։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ինքը՝ որպես Հայաստանի ղեկավար, չի կարող Ղարաբաղի անունից հանդես գալ։ Սակայն ուղիղ կապը հաստատվելու է Երեւանի եւ Բաքվի միջեւ եւ ոչ թե, ասենք, Բաքվի եւ Ստեփանակերտի կամ Երեւանի-Բաքվի եւ Ստեփանակերտի։ Այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու երկխոսությանը Ստեփանակերտի մասնակցությունը, եթե ընդունենք, որ այդ երկխոսությունը դառնալու է հիմք բանակցային գործընթացի առաջմղման համար։

Ի վերջո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքներում է արձանագրված, որ բանակցային գործընթացում գալու է մի այնպիսի պահ, երբ Ղարաբաղը մասնակցելու է բանակցություններին որպես կողմ։ Այդ դեպքում բաց է մնում Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Կամ էլ պետք է արդեն այժմվանից ընդունել, որ այն, ինչ արվում է հիմա եւ արվելու է առաջիկայում, ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են բուն գործընթացից առաջ, հատկապես որ դժվար թե Մադրիդյան սկզբունքներն այդքան հեշտ հնարավոր լինի դնել մի կողմ կամ էլ անտեսել, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ «օրհնությունն» ունեցող ՄԽ եռանախագահներին։