Կարևորը մենք ենք ու Ամերիկան... Չէ, Ավստրիան

Կարևորը մենք ենք ու Ամերիկան... Չէ, Ավստրիան

Հայաստանում այսօր դժվար է գտնել մի մարդու, որը չի հասկանում, թե ինչու չեն շնորհավորում Փաշինյանին: Ավելին ասեմ: Հայաստանում այսօր բոլորը գիտեն, որ չշնորհավորելու պատճառները տարբեր են՝ Ռուսաստանը, օրինակ, իր պատճառներն ունի, Արեւմուտքը՝ իր եւ այսպես շարունակ: Այս համընդհանուր լռության մեջ Գերմանիայի կանցլերի, Կանադայի վարչապետի եւ Վրաստանի նախագահի ու վարչապետի շնորհավորանքները թվում են կա՛մ շտապողականության, կա՛մ նշվածների՝ քնից միամիտ արթնանալու հետեւանք: Ի դեպ, Վրաստանի վարչապետն էլ երեւի չշնորհավորեր, եթե Նիկոլ Փաշինյանն այս օրերին բոլորովին կողմնակի հարցով չզանգահարեր նրան: Այս ամենը միով բանիվ նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն այնքան էլ հասկանալի չեն մեր օտարերկրյա գործընկերներին․ ռուսներին՝ մի տեսանկյունից, ամերիկացիներին՝ մեկ այլ, ԵՄ-ին՝ բոլորովին այլ տեսանկյունից:

Մեր քաղաքագետներն այս օրերին ամեն ինչ ասացին, միայն թե «սխալ հանեն» չշնորհավորողներին: Հայրենասիրության այս տեսակը, հավանաբար, պետք է կոչել «քաղաքագիտական հայրենասիրություն»: Չգիտես ինչու, սակայն, մեր քաղաքագետ հայրենասերներն ավելի շատ սեւեռված են Ռուսաստանի չշնորհավորելու փաստի վրա, ասում են՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, ոչ մի խոսք այն մասին, որ ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ռազմավարական դաշնակից Պուտինին ասաց՝ Հայաստանում բան է փոխվել, եւ դուք ստիպված եք ադապտացվել դրան:

Հայտնի է, չէ՞, որ Պուտինի հետ նման տոնով խոսել նույնիսկ Թրամփը չի համարձակվում: Այսքանից հետո էլ փողոցում ընտրված վարչապետը բռնում ու կալանավորում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որ, այսպես ասած, վերազգային կառույցի ղեկավար էր: Բնականաբար, ոչ մեկը Պուտինին չէր կարող նախանձել դրանից հետո. խայտառակվել էր նրա իսկ ձեռքով ստեղծված ռազմական բլոկը, որն այսօր ՆԱՏՕ-ի միակ հակակշիռը լինելուց զատ նաեւ ՌԴ արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Դե եկ ու ադապտացվիր այս ամենին: Հայաստանից Փաշինյանը «գոռում է»՝ ՀԱՊԿ-ն անկարեւոր կառույց է: Հայ քաղաքագետներն էլ ձայնակցում են՝ ճիշտ է ասում մեր Նիկոլը, ո՞ւմ է պետք այդ կառույցը, որտեղ ամեն մեկն իր շահերն ունի: Անմեղսունակների ինչպիսի շքերթ:

Պահի լրջությունն ի վերջո հասնում է նաեւ Փաշինյանին, եւ նա հիմա էլ հայտարարում է՝ չէ, մենք չենք ուզում մտնել ՆԱՏՕ: Այսինքն՝ հակառակ պրոցեսն է սկսվում՝ Պուտինի փոխարեն մեր նորընտիր վարչապետն է սկսում ադապտացվել հայ-ռուսական հարաբերություններին: Ասում են՝ Փաշինյանի այս հայտարարությունից հետո ուժեղացրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի պահպանությունը եւ նույնիսկ ՀՀ արտգործնախարարին չեն թողել հանդիպել նրա հետ: ՀՀ ԱԳՆ-ից շտապեցին հերքել այս լուրը՝ ասելով, որ Սթոլթենբերգը տեղում եւ նույնիսկ տարածքում չի եղել այդ ժամանակ: Իսկ իրականում Սթոլթենբերգը հասկանում է, չէ՞, որ երբ պամիդոր աճեցնող երկիրը հրաժարվում է իր պաշտպանության միակ համակարգից, նշանակում է՝ այդ երկրի վերին հարկի շարիկները թափած են, եւ այդ երկրի հետ ինքը խոսելիք չունի:
Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ Հռոմի պապն ուղղակի սարսափած է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններից: Խեղճ մարդու աչքերի առջեւով հիմա երեւի սարսափի տեսարաններ են անցնում, թե ինչպես են զոմբիները գրոհում Վատիկանը... Անհանգիստ է նաեւ համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցու առաջնորդը, նույնիսկ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեն է տարակուսած ու չի իմանում ինչ ասի բարեպաշտ մահմեդականներին Սբ Էջմիածնի վրա քրիստոնյաների գրոհի կապակցությամբ:

Կոնսերվատիզմի բնօրրան Անգլիայից մեկ մարդ է շնորհավորել Փաշինյանին՝ բացահայտված ԼԳԲՏ մի խորհրդարանական: Սրանից հետո ինչպե՞ս կարող էր իր կյանքը գեղեցկուհիների մեջ անցկացրած Թրամփը շնորհավորել Փաշինյանին:

Արեւմուտքը Փաշինյանին չշնորհավորելու ավելի լուրջ պատճառներ էլ ունի: Այնտեղ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է աշխատի Փաշինյանի խորհրդարանը, որտեղ ընդդիմություն չկա: Արեւմտյան չափանիշներով՝ եթե չկա ընդդիմություն, ապա չկա նաեւ իշխանություն: Նման իշխանությունը խունտա է, ուրիշ ոչինչ: Արեւմուտքում մարդիկ ապուշ չեն ու լավ են հասկանում, թե ինչ միջոցներով կարելի է նման խորհրդարան ձեւավորել: Մենք ինչքան ուժ ունենք, կարող ենք գոռալ՝ հեղափոխական էյֆորիա՜ա՜ա՜... Բայց դա էլ է վատ ազդում արտաքին աշխարհի վրա: Բոլթոնը մեզնից ընտրություն էր պահանջել, ոչ թե 100 տոկոսանոց էյֆորիկ խորհրդարան: Նոր ենք գլխի ընկել այդքան բանը, եւ հիմա ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» պատրաստ են զոհվել, միայն թե ընդդիմություն դառնան:

Լավ, գոնե Իրանը շնորհավորեր՝ ի հեճուկս Ամերիկայի: Պարզվում է՝ Փաշինյանը մեր հարեւաններին էլ է զարմացրել Սյունիքում իր բոցաշունչ ելույթներով: Նա, իբր սյունեցիներին է հաթաթա տալիս, խոստացել էր արմատախիլ անել Հայաստանի հարավային սահմանով անցնող նարկոթրաֆիկը: Խեղճ Իրան, արդեն եղած սանկցիաները քիչ էին, մեկն էլ կարող էր ավելանալ Հայաստանի թեթեւ ձեռքով...

Այս պահին Հայաստանի հանդեպ բարեհաճ տրամադրված միակ երկիրըն Ադրբեջանն է: Միայն Ալիեւի կարգի առաջնորդը կարող էր հալած յուղի տեղ ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված գովասանքը: Փաշինյանն ինչ-որ կոմպլիմենտ էր արել նրան, որը հիմա լավ չեմ հիշում: Բայց Ալիեւը չկարողացավ ճիշտ գնահատել դա եւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կրկնի իր նախորդների սխալները: Սա թուլացրեց Փաշինյանի դիրքերը Հայաստանում, որոնք արդեն իսկ թուլացել էին առանց նախապայմանների սահմանը բացելու նրա հայտարարությունների առիթով թուրքական կողմի մերժումների պատճառով: 

Եվ ահա, այս իրավիճակում ունենք այն, ինչ ունենք: Համադրելով այս ամենը, հստակ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, որ հիշեցնում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Դովութօղլուի «0 խնդիր հարեւանների հետ» տխրահռչակ քաղաքականությունը: Տարբերությունը «ռազմախի» մեջ է: Փաշինյանը հայտարարել է «0 խնդիր աշխարհի հետ» եւ, ցավոք, «խնդիր» ասելով՝ հասկանում է ամեն ինչ, այդ թվում նաեւ «քաղաքականություն» եւ «հարաբերություն»:

ՀԳ․ Հոդվածը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շնորհավորանք է հղել Փաշինյանին։ Էլի մխիթարություն է։