Ծառուկյանի «անկարգությունը» գալիս է Փաշինյանի անկարգությունից

Ծառուկյանի «անկարգությունը» գալիս է Փաշինյանի անկարգությունից

Փաշինյանական արդարադատությունն, իմ կարծիքով, վստահություն չի վայելում ՀՀ քաղաքացիների մեծ մասի մոտ: Որպեսզի ավելորդ տեղը չվիճենք, առաջարկում եմ հարցում անցկացնել մի պարզ հարցադրմամբ. «Վստահո՞ւմ եք, արդյոք Նիկոլ Փաշինյանի ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, ՊՊԾ-ին, դատախազաին և կուզենայի՞ք մի քանի րոպեով գործ ունենալ նշվածների հետ»: Կարող եք նույնիսկ համարել, որ մենք արդեն իսկ սկսեցինք այդ հարցումը և հենց այս հոդվածի տակ պատասխանել` «այո», կամ «ոչ»: Առաջինը ես կպատասխանեմ` «ՈՉ»:

Ես կուզենայի այսօր խոսել այն պատճառների մասին, թե ինչու չենք վստահում Փաշինյանի արդարադատությանը: Խոսքը անցումային արդարադատության մասին չէ, որը դեռ չի էլ սկսվել, ոչ էլ վեթինգ-մեթինգի ու սահմանադրական դատարանի հետ կապված վերջին խայտառակությունների: Խոսքը սովորական արդարադատության մասին է, որն սկսվում է  քաղաքացու տուն իրավապահ մարմնին ներկայանալու մասին ծանուցագիր բերելուց` քաղաքացի այսինչյան, այսինչ բաժնից այսինչ գործի շրջանակներում Ձեզ հրավիրում են հարցաքննության` որպես վկա: Առաջին զգացումը որ ունենում ես այսպիսի ծանուցագիր ստանալիս` «խույվորելն» է:

Ով չգիտի, թե ինչ է դա նշանակում, առաջարկում եմ ևս մեկ անգամ լսել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հանրահայտ հեռախոսազրույցը: Ճիշտ է, Ձեզ ընդամենը հրավիրում են «զրուցելու», բայց հենց այն հանգամանքը, թե ով է «հրավիրում», ստիպում է անհանգստանալ: Ի՞նչ արժե միայն փոստատարի կասկածամիտ հայացքը, որով նա ձեզ է մեկնում ծանուցագիրը, իսկ հետո մատը դնում թղթի վրա` «այ ստեղ ստորագրեք, որ ստացաք»: Իսկ ամենատհաճն այն է, որ իրավապահ մարմինը ծանուցագրում հստակ չի գրում, թե ինչ գործով է քեզ հրավիրում: Գործի համարն են գրում և վերջ: Գուցե կարգն է այդպես, չգիտեմ, բայց, ծանուցագիրն ստանալուն պես, ընկնում ես երևակայությունների գիրկը` է՞ս ինչ փորձանք էր, այ մարդ: Նորմալ երկրներում, հավանաբար, այդպես չէ, որովհետև բոլոր այդ երկրներում քաղաքացին գիտի, որ գործ ունի բոլորի համար միատեսակ արդարադատության հետ, որն իր հերթին իրականացվում է օրենքներով և ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ: Փաշինյանը թող չնեղանա, բայց եթե այդ ինչ-որ մեկը նույնիսկ Հռոմի պապը լինի, մարդը չի կարող վստահել նրա անձնական արդարադատությանը:

Օրերս մեր հանրահայտ խմբագիրներից մեկը զայրացած գրել էր, թե սա ի՞նչ բան է, Գագիկ Ծառուկյանը ծանուցագիր է ստացել ՀՔԾ-ից, բայց չի ներկայացել, իսկ ՀՔԾ-ն էլ չի պնդում, որ ներկայանա: Հետո էլ հայրենասիրական պաթոսով ավելացրել, թե բոլորս պետք է հավասար լինենք օրենքի առաջ` կթվորուհուց մինչև մեծահարուստը: Ճիշտ է, գլխավոր խմբագիրները խիստ հազվադեպ են սխալվում, բայց այս հարցի հետ կապված մենք որոշ վերապահումներ ունենք: Օրենքի առաջ հավասարությունն, այո, լավ բան է, սակայն այս դեպքում խոսքն ամենևին էլ այդ մասին չէ, այլ այն, թե կոնկրետ ով է հրավիրում և կոնկրետ` ում: Մենք Փաշինյանի ՀՔԾ-ին էլ ենք ճանաչում, Ծառուկյանին էլ: Մեզ համար Գագիկ Ծառուկյանի ռեակցիան միանգամայն բացատրելի է և հասկանալի, իսկ, ահա, ՀՔԾ-ի հարցաքննության հրավերը` ոչ: Ինչո՞ւ:

Որովհետև Գագիկ Ծառուկյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, որին այդ կառույցից կարող են հրավիրել որպես վկայի և մեղադրանք ներկայացնել: Սկզբում լավ «շուխեր» են անում, հետո` կոնկրետ գործողություններ, ընդհուպ այնպիսիք, որ «կլիենտը խույվորի»: Սա վերջին մեկ տարում մի տեսակ ձեռագիր է դարձել ՀՔԾ-ում, որտեղ սովորել են առուն չթռած «հոպ» անել և հասարակությանը մատնել անլուր տվայտանքների ու կասկածների: Տարեցներն ասում են` սովետի ժամանակներն են եկել` մարդ լինի, գործ միշտ էլ կճարվի: Թե ինչ էին պատրաստվում անել Գագիկ Ծառուկյանի հետ, եթե նա ներկայանար, չգիտեմ, բայց ներքուստ համոզված եմ, որ մի վատ բան կանեին, ավելի վատ, քան նրա տոնավաճառներն ու բիզնեսներն ստուգելը: Այս տեսանկյունից ես ողջունում եմ Ծառուկյանի պահվածքը` ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս, թե ինչ կա Փաշինյանի մտքին: Այսօր արդարադատությունը Փաշինյանի թրի ծայրին է, ինչպես կտրում է, այդպես էլ հարցը լուծվում է: Կներեք, բայց սա ո՞ր թիվն է:

Մարդը կառավարության ռեսուրսը հանում է դատարանների դեմ, թե պահանջում եմ արդար վճիռներ կայացնել: Դատավորներին են պատերից պոկում, գցում ասֆալտին, հու-բու անում, իսկ հետո զայրացած դեմքով էկրաններից հայտարարում դատական համակարգում ռեֆորմներ, իմա` բարեփոխումներ անելու մասին: Ձեր բարեփոխումները ձեր բարեփոխիչ գլխին կպնեն, մարդկանց լեղաճաք եք անում, թե` ռեֆորմ եմ անո՞ւմ: Կարելի՞ է, միթե, հավատալ մի մարդու դատական ռեֆորմին, որի աչքին հասարակությունը երկու գույնի է երևում, որը քնում ու արթնանում է հակահեղափոխության մասին անբացատրելի վախերով, որ կանգնում է ոստիկանության զորքերի առաջ և հանձնարարում` արյան մեջ խեղդել անհնազանդության յուրաքանչյուր փորձ, «սատկացնել» բոլոր նրանց, ովքեր չեն հասկանում հեղափոխության բերած արժեքներն ու փորձում վերադարձնել անցյալը:

Ըմբոշխնեք, խնդրեմ, ոստիկանության զորքերի առաջ Փաշինյանի այդ ելույթը և անկեղծ ասացեք` հանգիստ կնստեի՞ք տեղներդ կամ սուսուփուս կգնայի՞ք հարցաքննության, եթե վաղը ձեզ Փաշինյանի ՀՔԾ-ից հրավիրեին «զրույցի». «Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք, կարծես, փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Եվ այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: 

Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»:

Ի՞նչ ասեմ,  մնում է անվճար մածուն և արիության մեդալ տալ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս հաթաթայի պայմաններում դեռ շարունակում են ապրել Հայաստանում: Գագիկ Ծառուկյանը, կարծում եմ, անվճար մածունի կարիք չունի, որովհետև ինքն է կաթումածուն արտադրում: Նրա պարագայում խնդիրն ավելի խորքային է, և այնպես էլ չէ, որ Փաշինյանն առաջին անգամ է լսում Ծառուկյանի բիզնեսների մասին: Բանն այն է, որ Ծառուկյանի հարցով հետաքրքրվում է Փաշինյանը, մարդ, որն արդարադատություն է իրականացնում հայտնի առակի մոտիվներով: Զի՞նչ ցուցանեն Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միհրան Պողոսյանի և շատ ու շատ ուրիշների «դուրս թռած աչքերը», այսինքն` «գործերը», որոնք աջուձախ հարուցվել են Փաշինյանի «հեղափոխական արդարադատության» արդյունքում, և որոնց վերջը, մեղմ ասած, չի երևում:

Ավարտեմ` հանրահայտ գլխավոր խմբագրին ուղղված մի հորդորով: Մինչև ՀՀ քաղաքացիներին խրատներ տալը և մամուլի անելիքների մասին խելոք-խելոք մտքեր տիրաժավորելը, պետք է նախ` անել մամուլի անելիքը և իշխանությանը հասկացնել, որ ցանկացած հակազդեցություն ծնունդ է առնում ազդեցությունից, և, եթե մեկին թվում է, որ իր ձեռքը չի դողա հակառակորդին իր տեղը նստեցնելու հարցում, ապա նա պետք է իմանա, որ պետությունը տեր Թոդիկի դպրոց չէ, և ինքը, ամենայն հավանականությամբ, պատասխան կստանա, այն էլ` համարժեք պատասխան:
Իսկ հետո՞… Անկեղծ ասած` չգիտեմ, թե դրանից հետո ինչ կարող է տեղի ունենալ: Փաշինյանն, արդյոք, չի՞ փորձի կրկնել կամ գերազանցել իր նախորդների ռեկորդը, որ գրանցվեց հեռավոր 96-ին: Մարդ ես, մեկ էլ տեսար`մի 5-6 հարյուր հոգու տանկի տակ տվեցին որպես հակահեղափոխականների ու հայտարարեցին, որ ընտրություններում «փայլուն» հաղթանակ տարան: