Էրդողանի որդեգրած քաղաքականությունը բերեց այս ֆիասկոյին

Էրդողանի որդեգրած քաղաքականությունը բերեց այս ֆիասկոյին

Արդեն հայտնել էինք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, նախնական տվյալներով, դարձել է քաղաքապետ։ 

Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն ստացած քվեներով առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրից, ով ստացել է  քվեների 45.24 տոկոսը։ Ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին վստահություն է հայտնել ընտրողների 53.92 տոկոսը։

«Հրապարակի» հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախորդ, հիմնական ընտրություններում գրանցված արդյունքները բավականին անակնկալ էին։

«Անակնկալ էր այն տեսանկյունից, որ, կարծես թե, պատրաստվել էին արդեն շնորհավորանքներ ընդունելու, սակայն ամեն ինչ այլ հունով ընթացավ»,- նշում է Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ առաջին դեպքում ձայների տարբերությունը շատ քիչ էր, դրանով պայմանավորված՝ Էրդողանը փորձեց ճնշում գործադրել ԿԸՀ-ի վրա, ինչի շնորհիվ էլ նոր ընտրությունների անցկացման թույլտվություն ստացավ․ «Նոր ընտրությունները ժողովրդին դուր չեկան։ Նույնիսկ նրանք, ովքեր սկզբում քվեարկել էին իշխող կուսակցության օգտին, հասկանալով Էրդողանի վերաբերմունքը, արդեն ձայն տվեցին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին։ Նոր ընտրություններից առաջ Թուրքիայում անցկացվող բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ իշխող կուսակցությունը պարտություն է կրելու»։

Մեր այն հարցին, թե կարելի՞ է սա ընկալել որպես դանդաղ իշխանափոխություն, թուրքագետն ասաց․ «Թուրքիայում վերջին տարիներին Էրդողանի որդեգրած քաղաքականությունը բերեց այս ֆիասկոյին։ Բայց արդեն խոսել իշխանափոխության մասին, կարծում եմ՝ մի փոքր վաղ է, քանի որ Էրդողանը, ամեն դեպքում, անկանխատեսելի է։ Նա ցանկացած պահի կարող է երկիրը տանել ինչ-ինչ զարգացումների, որով կփոխի ամբողջ պատկերը։ Խոսքը ներքին լարվածություն ստեղծելու, պատերազմի և այլ բաների մասին է»։

Անդրանիկ Իսպիրյանը նշում է, որ նման դեպք արդեն իսկ եղել է․ «Հիշենք 2015 թվականը, երբ այդ տարվա ընտրություններում քրդական կուսակցությունը բավականին շատ ձայներ էր հավաքել, իսկ իշխող կուսակցությունը պարտվում էր։ Էրդողանն այդ ժամանակ քրդերի դեմ բավականին ակտիվ պայքար նախաձեռնեց, նույնիսկ ձերբակալություններ եղան։ Սրանից հետո արդեն արտահերթ ընտրություններում Էրդողանը կարողացավ հաղթանակ տանել»։

Մեզ հետ զրույցում թուրքագետը նաև համեմատականներ անցկացրեց վերնոշյալ և արդեն ներկայիս՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների միջև․ «Այս ընտրություններին էլ Էրդողանն այդ հաշվարկով գնաց։ Նա հույս ուներ, որ արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալով՝ կկարողանա նախորդ արդյունքը գրանցել, սակայն հակառակը եղավ»։