«ՎԵՏՕ»-ն՝ այսօր անցկացվելիք հավաքի մասին

«ՎԵՏՕ»-ն՝ այսօր անցկացվելիք հավաքի մասին

ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային և բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանադրության, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի:
Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է, թքած ունենալով Սահմանադրության և օրենքի վրա, ինքնահռչակվել իր երազած պաշտոնին:
Իշխող քաղաքական ուժը բուծել է խուլիգանախմբեր, որոնց հռչակել է «ժողովուրդ», ֆեյքերի ջոկատներ, որոնց հռչակել է «ժողովրդի ձայն» և դրանց միջոցով հանրությանը պարտադրում է իր ապօրինությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք սկսելու մասին: Այդ նպատակով «ՎԵՏՕ»-ն սկսում է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ խորհրդակցությունների շարք՝ Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգմանն ուղղված ճանապարհային քարտեզի, գործիքակազմի և ժամականացույցի մշակման ու իրագործման նպատակով:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ-ում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանով պայմանավորված՝ հետագա սրացումների, լարվածության, հնարավոր բոլոր բախումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խումբ