Ո՞ր երկիրն է լինելու Խաղաղության պայմանագրի երաշխավորը

Ո՞ր երկիրն է լինելու Խաղաղության պայմանագրի երաշխավորը

«Գիտեք ինչ, բոլոր այն կենտրոններում, որտեղ որ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են լինել երաշխավոր։ Այլ հարց է, թե վերջում մենք ինչ կստանանք։ Իմ անձնական կարծիքն է, որ կարևորը լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածությունների  պահպանմանը, որը ձեռք կբերվի, որովհետև մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինձ չի բավարարում, վստահ եմ՝ մեր գործընկերների պահվածքն ու հայտարարություններն էլ չի բավարարում ՀՀ ժողովրդին։ Նոյեմբերի 9-ի փորձը ունենք, նույն սխալներն էլ չենք անելու։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խաղաղության պայմանագրի վերաբերյալ դիտարկումներին, ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երաշխավորման մեխանիզմները ավելի հստակ ու հասկանալի պիտի լինեն։ Ես հիմա կոնկրետ խոսակցության կամ կոնկրետ առաջարկի մասին չեմ կարող ասել, սակայն ես վստահեցնում եմ, որ թե Եվրոպական միությունը, թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը պատրաստ են, որպեսզի խաղաղության պայմանագրի երաշխավոր հանդիսանան, բայց մենք, նորից եմ ասում, պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմը։ Ես մտածում եմ, որ ավելի լավ է մի երկիր լինի այդ երաշխավորը։ Մենք տեսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբերակը։ Ըստ իս՝ երբ մի քանի երկիր է լինում, միշտ կամ իրար մեջ հակասությունը վատ դեր է խաղում, կամ մեկը մյուսի վրա գցելու տարբերակով հնարավոր է լինում խուսափել։ Բերեմ ՀԱՊԿ-ի տարբերակը։ Մի կառույց է, որտեղ որոշումներն ընդունվում են ընդհանուր կոնսենսուսով, Հայաստանը իրեն ձեռք չտվող փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել։ Դրա համար ավելի լավ է լինի մի երկիր՝ դա կլինի Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, բայց լինի մեկ երկիր ու հստակ մեխանիզմ»,- հավելեց նա։