Խենթ- խելառ աշխարհ
Սիրուց չի խենթացել-խելքամաղ եղել (կարինցի մեծ մամիկիս՝ Սաթենիկի սիրելի եզրույթն էր) աշխարհը, այլ… Եւ պատմագիտական, աշխարհաքաղաքական խոր վերլուծություններն ու կանխատեսումները անիմաստ-անզոր են, երբ գործ ունես տհաս-տգետ-ընչաքաղց-առանց արգելակների-առանց արգելանքների աշխարհի հետ:
Ի՞նչ պիտի պատահած լինի Արեւմուտքի ողջախոհությանը, որ 21-րդ դարում, բոլորի աչքի առաջ հոշոտեն ու բզկտեն իրենց քաղաքակրթության անբաժանելի մաս կազմող մի բուռ բնիկներին-սերբերին, իսկ աշխարհը՝ հաշտ ապրելու անվրդով կոչ անի կողմերին: Շատ լավ իմանալով, որ հաշտի (մի բան, որ անհնար է) հակառակն ամենեւին էլ անհաշտը չէ, քրիստոնյաների եղեռնն է լինելու պարզապես (լույս իջնի հոգուն Ալիսիա Կիրակոսյանի):
Զարմանալի չէ՞, որ խորհրդային երկրի փլուզումից հետո աշխարհն ամենից շատ հուզվում ու մտահոգվում է ամենացածր սուբյեկտայնություն ունեցող կեղծ-շինծու «ստեղծվածքներով»՝ Ուկրաինա եւ Ադրբեջան: Ի վերջո, առաջինը արեւելասլավոնական անբաժանելիության երեքից մեկն է եւ ինչո՞ւ կռվես նմանակիդ հետ: Եւ ի լուր աշխարհի շատ լուրջ դեմքով, խրոխտ կեցվածքով պնդես, թե կռվելու ես մինչեւ վերջին ուկրաինացին (մեղա եմ Տեր): Շեշտեմ անպատճառ՝ ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ուկրաինամետ:
Լավ, Աշխարհ, ինչքա՞ն պետք է «կերած-խմած» լինես, մտամոլոր լինես, որ Ադրբեջանը աչքիդ քաղաքակիրթ երեւա, որ արեւելյան բիրտ բռնակալիկը հուսալի գործընկեր թվա, որ լեռնցիների բազում տարրերի պարտադրված կոնգլոմերատը աչքիդ… ժողովուրդ երեւա: Կույր ու խուլ, նաեւ՝ անբարո աշխարհ:
Մինչդեռ, ճիշտ 105 տարի առաջ՝ 1918-ին, իրազեկները պնդում էին, թե «Ադրբեջանը պետական միավոր չի համարվում՝ հաշվի առնելով պետական կազմավորման համար պատմական եւ ազգագրական հիմնավորման բացակայությունը, ու համարվում է ավելի կրոնական, քան թե քաղաքական միասնություն» (Գ. Պետրոսյան, ՀՀ միջազգային դրությունը եւ արտաքին քաղաքականությունը 1918-20 թթ., Ե., 2023, էջ 417): Պատմական եւ ազգագրական հիմնավորման բացակայություն: Այսօր բոլոր տեսակի «հիմնավորումները» գրողի ծոցն է ուղարկել՝ սոված, մրսած, ագահ, անկուշտ աշխարհը: Ուղեծրից դուրս պրծած, դուրսպրծուկ աշխարհը…
Դիմակայել է պետք…
Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան
Կարծիքներ