Կոնկրետ պահանջ ենք դրել, որովհետև իսկապես պետական դավաճանության հետ գործ ունենք.Մինասյան

 Կոնկրետ պահանջ ենք դրել, որովհետև իսկապես պետական դավաճանության հետ գործ ունենք.Մինասյան

Դատական նիստին հետևողները ,կարծում եմ,հստակ հասկացան, թե հանցագործության մասին մեր հաղորդումը որքան հիմնավոր է եղել։ Եվ պիտի նշեմ, որ փաստաբան պրն Մարտիրոսյանը այսօրվա նիստի ընթացքում անդրադարձավ ներկայացրած հաղորդման երևի ընդամենը 10 տոկոսին։ Այս մասին քիչ առաջ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քիչ առաջ  քննվում էր  ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության անգործության, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության տարբեր հոդվածներով։

«Հանցագործության մասին հաղորդումը 32 էջից է բաղկացած, որը ներառում է երեք տասնյակից ավելի կոնկրետ փաստեր և այդ փաստերի վրա հիմնված համակարգային վերլուծություն, իսկ այդ վերլուծությունը ցանկացած անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ հետևություն է բերում,որ իսկապես մենք գործ ունենք պետական դավաճանության հետ, որն էլ արտահայտվել է մեր թշնամիներին օգնելուն ուղղված գործունեությունների տեսքով, խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի ու բազմաթիվ այլ պետական պաշտոնյաների մասին։ Տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների անցում, ինչի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը հայտնվել են կորուստների,հաճախ նաեւ անդառնալի կորուստների առաջ։ Դրա համար պիտի պատասխան տան, իսկ քանի որ գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն, ինչի մասին նիստի ընթացքում շատ հստակ նշվեց, որովհետև քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը չի նախատեսում նման որևէ հնարավորություն, այն, ինչ արել են նախաքննության մարմինները։ Պարտավոր էին կամ գործ հարուցել ,կամ մերժել, բայց փաստացի դրանցից որևէ մեկը չանելով՝ ավելի են աղճատել բողոքի տրամաբանությունը։ Դատախազությունը փորձել է պատասխանել, թե իբր սա փորձել է կցել այլ քրեական գործի շրջանակներում քննության, մինչդեռ մեր պահանջը դա չի եղել,մենք կոնկրետ փաստերով պետական դավաճանության ու պաշտոնական լիազորությունների անցման մեղադրանք առաջադրելու պահանջ ենք դրել»,- պնդեց Մինասյանը։

Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 16։30-ից։