Փաշինյանական իրականություն

Փաշինյանական իրականություն

Մարդկության կյանքում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում իրականությունը բաժանվեց իրական եւ վիրտուալ մասերի. ասում ենք, չէ՞, վիրտուալ իրականություն: Բայց մեր երկրում առկա է մեկ այլ բաժանում, եւ դրա հիմքը Փաշինյան Նիկոլի անձն է: Այո, հիմքը ոչ թե վերջինիս նկատմամբ վերաբերմունքն է, այլ հենց իր անձը: Ինքը ստեղծել է իր անձով պայմանավորված իրականություն՝ հասարակությանը թողնելով ընդունել-չընդունելու այլընտրանքը: Եվ ինքն իրենով լինելով բաժանարար՝ այդ անձը միաժամանակ չեղարկում է իրականության բաժանումն իրականի եւ վիրտուալի՝ այդ երկուսին միավորելով մեկ ամբողջության մեջ:

Այսինքն՝ իր աշխարհի մեջ միավորվում են իրականն ու վիրտուալը՝ դրանից դուրս թողնելով իրեն չընդունող հասարակության հատվածին: Բայց եթե շարքային քաղաքացի լինելու դեպքում այդ հանգամանքն ուղիղ գծով նրան կտաներ դեպի հոգեբուժարան, իշխանությամբ օժտված Փաշինյան Նիկոլի դեպքում երկիրն է տարվում կործանման: Կործանման, քանի որ չկա եւ չի կարող լինել այնպիսի հոգեբուժարան, որ տեղավորեր մի ողջ պետություն՝ որքան էլ այն փոքր լիներ:

Փաշինյանական իրականությունում կամ աշխարհում, օրինակ, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական հետընթացից եւ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ավելացնել սեփական եկամուտները միջին ամսական անվանական աշխատավարձի չափով: Եվ դա ներկայացվում է որպես խիստ անհրաժեշտ «գրպանային ծախսերի» ավելացում: Կրկնենք՝ վերը նշված հանգամանքների բերումով շարքային հայաստանցիների եկամուտների նվազման եւ աղքատության մակարդակի աճի պայմաններում: Եվ քանի որ վատ օրինակը վարակիչ է, որպես տեղական ինքնակառավարման մարմին ներկայացող Երեւանի քաղաքապետարանը որոշում է 2 հազար աշխատակցի համար 30-100 տոկոսով ավելացնել՝ այս դեպքում աշխատավարձերը:

Արդյունքում ստացվելու է, որ ոչ մեծ վարչական շրջանի նշանակովի թաղապետը, օրինակ, ստանալու է համարյա նույնքան, որքան իշխանության առաջնային մանդատով օժտված խորհրդարանի պատգամավորը: Բայց դա, բնականաբար, հաստատվում է Երեւանի ավագանու նիստով: Իսկ ավագանու արտահերթ նիստին իմքայլական խմբակցության ոմն անդամ (անունն էական չէ. դա տիպական կերպար է՝ ավելի կամ պակաս չափով երեւակայությամբ օժտված) երեւույթը ներկայացնում է որպես «ճառ ասելու, թե զանգ կախելու» այլընտրանք՝ բնականաբար, նախապատվությունը տալով «զանգ կախելուն»: 

Ինչպես տեսնում ենք, փաշինյանական իրականությունը կամ աշխարհը բնութագրվում է ոչ միայն օրիգինալությամբ, այլեւ սոցիալական արդարության նկատմամբ անտարբերությամբ կամ, ավելի ճիշտ՝ արհամարհանքով: Եվ դա այն դեպքում, երբ 2018-ին փողոցի բողոքական ժողովրդի կողմից իշխանություն ստանալով՝ Փաշինյանը հայտարարեց «ժողովրդի իշխանության» հաստատման մասին: Իսկ «ժողովրդի իշխանությունը» կամ ժողովրդավարությունը, առաջին հերթին, բնութագրվում է հենց սոցիալական արդարության հաստատմամբ: Դրա մասին տեղյակ է թե՛ ինքը՝ Փաշինյան Նիկոլը, թե՛ խորհրդարանի նրա ուսապարկերը եւ թե՛ Երեւանի ավագանու՝ երկրորդ կարգի ուսապարկերը: Բայց բոլորն էլ թքած ունեն այդ հանգամանքի վրա, քանի որ հունիսի 20-ին նույն այդ ժողովուրդը, այսպես կոչված, «պողպատյա մանդատ» նվիրեց Փաշինյանին: Եվ այժմ վայելում է դրա պտուղները՝ թե՛ սոցիալական արդարության նկատմամբ արհամարհանքի եւ թե՛ սահմանային միջադեպերի արդյունքում ստացած զոհերի, վիրավորների եւ գերեվարվածների առումով: