Ադրբեջանը բացահայտվու՞մ է

Ադրբեջանը բացահայտվու՞մ է

Անվտանգության հարցերով Մյունխենի ամենամյա խորհրդաժողովն ավարտվեց: Ի՞նչ հանրագումարի մասին կարելի է խոսել՝ կամփոփեն միջազգային հեղինակավոր փորձագետները: Մեզ համար այն կարեւորվեց նրանով, որ ավելի վաղ անոնսավորված, այնուհետեւ հավանական համարված՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի չունեցավ: Արտգործնախարարները չշփվեցին անգամ «ոտքի վրա» ձեւաչափով, ինչը նշանակում է, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը, որի շուրջ կողմերը եւ միջնորդները մինչեւ վերջերս բավական լավատեսորեն էին տրամադրված, տեսանելի հեռանկարում դինամիկա հազիվ թե ունենա: Մյունխենում խնդիը քննարկվեց Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպմամբ:

Մինչդեռ Լավրով-Մամեդյարով հանդիպում տեղի չունեցավ: Սա կարեւոր պահ է եւ թույլ է տալիս ենթադրել, որ բանակցությունների դինամիկան խախտվել է ադրբեջանական կողմից: Հազիվ թե պատահանություն է, որ Մյունխենի խորհրդաժողովի նախօրեին տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն առաջ քաշեց այն թեզը, որ ժամանակակից աշխարհում արդարացի է նա, ով ավելի ուժեղ է: Պաշտոնական Բաքուն, այսպիսով, սլաքները կրկին ուղղում է ռազմատենչ հռետորաբանությանը: Մամուլում գաղափար է գեներացվում, որ կողմերի միջեւ ուժերի հավասարակշռությունը փոխված է հօգուտ Ադրբեջանի, եւ Հայաստանը պետք է ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւ:

Հակառակ դեպքում, ըստ ալիեւյան քարոզչամեքենայի, անխուսափելի է դառնում կարգավորման ուժային տարբերակը: Այդ տրամադրվածությունը որոշակի խմբագրմամբ ամփոփում է քաղաքագետ Էլխան Շաինօղլուն: Նա ասում է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ բանակցային գործընթացը, երբ պարզ է, որ Փաշինյանի թիմը պատրաստ չէ առարկայական քննարկումների, այլ հանդիպումներն օգտագործում է ստատուս-քվոն պահպանելու համար: «Ինչու՞ մենք հանուն ցուցադրականության պետք է մասնակցենք այդ հանդիպումներին»- ընդհանրացնում է Շաինօղլուն:

Երեւում է, ադրբեջանական կողմում չափազանցված սպասումներ են ունեցել Հայաստանի նոր իշխանություններից, մինչդեռ իրական բանակցային ռեժիմում պարզ է դարձել, որ միակողմանի զիջումներ չեն լինելու: Վարչապետ Փաշինյանը հստակ ձեւակերպել է, որ ժամանակն է, որպեսզի Բաքուն խոսի իր կողմից փոխզիջումների մասին: Ադրբեջանում դրան պատրաստ չեն, ուստի եւ Ալիեւը չի լիազորել Մամեդյարովին՝ հանդիպելու Հայաստանի արտգործնախարարի հետ: Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, փորձում է իրավիճակի պատասխանատու կարգել ՌԴ արտգործնախարար Լավրովին՝ զարգացնելով տեսլական, որ ԼՂ կարգավորման բանակցություններին դինամիկա հաղորդել էր ԱՄՆ-ը, ինչը խոր անհանգստության տեղիք է տվել Մոսկվայում, եւ Լավրովը շտապել է «Հայաստանի միջոցով գործընթացը դնել արգելակների վրա»:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, իրավիճակը բնութագրում է որպես Ադրբեջանի կողմից բանակցությունների մասնակցության իմիտացիա՝ շփման գծում կատարվող ինժեներա-տեխնիկական աշխատանքների վտանգավորության ֆոնին: Հավանական է, որ ոչ այնքան լավատեսական կանխատեսումներն ավելի մոտ են իրականությանը: Համենայն դեպս, Մյունխենի խորհրդաժովի համատեքստում Ադրբեջանը բացահայտվեց որպես ոչ բանակցունակ կողմ: Ի՞նչ զարգացումներ կհետեւեն դրան: Regnum-ի մեկնաբանի հայացքով՝ Ադրբեջանի բալանսավորվող արտաքին քաղաքականության ժամանակն սպառվում է, Ալիեւը պետք է Արեւմուտքի եւ Հյուսիսի միջեւ ընտրություն կատարի, երբ առարկայանա Հարավի սպառնալիքը: Խոսքն, ինչպես հասկացվում է, Իրանի շուրջ հավանական զարգացումների եւ այդ իրավիճակում Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության մասին է: Մի՞թե Ալիեւը ԼՂ կարգավորման բանակցություններն առկախում է այդ սպասումներով: