Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ Քերոբյանի

Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ Քերոբյանի

Էկոնոմիկայի նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան, որտեղ արտադրվում են էլկետրական լիցքավորմամբ ավտոբուսներ։ Նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրանքին, ավտոբուսների հավաքման գործընթացին։ 

Հաղորդագրության վերջում նշվում է, որ Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը։ 

Այս հայտարարութունը դուր չի եկել Երևանի քաղաքային իշխանություններին։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությանը՝ նշելով․

«Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։ Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով»։

Ասել է թե՝ խոսնակն ակնարկել է նախարարությանը, որ առանց իրենց հետ համաձայնեցնելու, ինքնագլուխ հայտարարություններ մի տարածեք։ 

Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի պետական կառավարման ապարատում չկա միջգերատեսչական պատշաճ համագործակցություն, մեկը մյուսի հետ չի շփվում, չեն կարողանում իրար հետ հարաբերվել, համաձայնեցնել իրենց քայլերը, որ նման թյուրընկալումներ չառաջանան։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Կամ էլ գուցե անձնական և քաղաքական ամբիցիաների խնդիր կա, քաղաքապետ Հայկոն փորձում է ցույց տալ, որ ավտոբուսների հարցով զբաղվելու «մենաշնորհն» իրենն է, ուստի թող այլ անձինք չխառնվեն այս թեմայի մեջ և ավելորդ դիվիդենտներ չհավաքեն։