Ռուսական թատրոնը չի ընդունում նախարարության նշանակած տնօրենի ԺՊ-ին 

Ռուսական թատրոնը չի ընդունում նախարարության նշանակած տնօրենի ԺՊ-ին 

Հուլիսի 3-ին նախատեսված Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չի կայացել, մշակույթի նախարարությունը չի ընդունել երկրորդ հայտատուի փաստաթղթերը (անհամապատասխանության պատճառով) եւ չեղարկել է մրցույթը։ Իսկ տնօրենի պաշտոնի համար դիմած 2-րդ թեկնածուն թատրոնի երկարամյա դերասան, տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանն էր։ 

Երեկ առավոտյան արդեն մշակույթի նախարարությունը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հրամանագրել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին։ Այս առիթով թատրոնի դերասանները, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը եւ տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանը մամլո ասուլիսով հանդես եկան, որտեղ իրենց զարմանքն ու անհամաձայնությունը հայտնեցին իրենց համար անակնկալ այս նշանակման հետ կապված։ 

Թատրոնի գեղղեկավար Կարեն Ներսիսյանը նշեց, որ իր համար տարօրինակ ձեւով են զարգացել իրադարձությունները, Յ․ Իգիթխանյանի պաշտոնավարման այս 6 ամիսների ընթացքում ինքը միայն գոհ է եղել նրա աշխատանքից, քանի որ տնտեսական եւ ստեղծագործական մեծ հաջողությունների են հասել, եւ հիմա տնօրենի փոփոխությունը չի կարող անցավ լինել կոլեկտիվի եւ թատրոնի համար, որովհետեւ տնօրենի արդեն նախկին ԺՊ Իգիթխանյանը ձեռք էր բերել մի շարք հյուրախաղերի, փառատոների պայմանավորվածություններ, որոնք հիմա մնացին օդում կախված։ «Տնօրենը թատրոնի համար առանցքային կերպար է, եւ ինչպես նախարարությունն է ասում՝ կարճ ժամանակով նշանակվել է մեկ այլ տնօրենի ԺՊ, որից հետո՝ նորից մրցույթ, նոր թեկնածուներ, նոր անուններ։ Բայց այս ընթացքում ինչպե՞ս հասցնել եւ իրականացնել մեր ողջ ծրագրերը։ Ես նույնիսկ չեմ խոսում էմոցիոնալ ֆոնի մասին, մենք հավաքում ենք կոլեկտիվին, փորձում հանգստացնել նրանց եւ որոշում ենք ի պաշտպանություն տնօրենի ԺՊ-ի նամակ գրել նախարարություն»,-ասաց Ներսիսյանն ու նկատեց, որ սկզբում նախարարությունից ջերմ են արձագանքել կոլեկտիվի միասնականության այդ քայլին, ապա հորդորել են դադարեցնել մարդկանց վրա ճնշումներ գործադրելը եւ ստիպել նրանց այդ նամակի տակ ստորագրել։ 

Կարեն Ներսիսյանը նկատում է՝ իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում 3 մշակույթի նախարար է փոխվել, եւ ամեն նոր նախարարության հետ նոր նյարդային վիճակի մեջ են հայտնվում, փորձում են հանդիպել նորանշանակ նախարարներին, բայց պատասխան արձագանք չեն ստանում․ «Իսկ այդ ամենը մեզ լարում է»։ 

Յ․ Իգիթխանյանի դիտարկմամբ՝ ինքը երբեւիցե չի եղել այն մարդը, ով աթոռի եւ ամբիցիաների համար է պայքարել․ «Մենք միշտ մտածել ենք եւ արել ենք ի օգուտ թատրոնի, եւ թատրոնի ցուցանիշներն էլ այս ամիսների ընթացքում 4 անգամ կրկնապատկվել են»։ 

Օրենքով նախարարությունը կարող էր երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը տնօրենի ԺՊ-ի պաշտոնում, բայց չի արել։ «Ես չգիտեմ, թե ինչն իրենց չի բավարարել իմ աշխատանքի մեջ։ Այս 6 ամիսներն իմ համար լիարժեք քննություն էին»,- ասում է նա ու նկատում, որ նախարարությունն առցանց տարբերակով հետեւում է իրենց գործունեությանը՝ չհաշված, որ հաշվետվություններ են պարբերաբար տալիս, եւ անհնար է, որ ինչ-որ բան՝ լավ կամ վատ, նախարարությունը չիմանար։ 

«Ես այն մարդը չեմ, որ կարող եմ աթոռի համար կռիվ անել եւ որեւէ դերասանի կամ աշխատակցի ասել՝ եթե նամակի տակ չստորագրես, գործից հանելու եմ։ Հակառակը՝ դեմոկրատական վիճակ եմ ստեղծել, որտեղ բոլորը գիտեն ամեն ինչի մասին, թե ինչպես է ղեկավարվում թատրոնը, որ պայամանագիրը կնքեցինք, որը՝ ոչ, այսինքն՝ ի՞նչն է վատ դրա մեջ, պարտադիր պետք է բոլորին մզզացնե՞ս․․․»։

Նա նշում է, որ մի շարք պայմանավորվածություններ օդի մեջ են, մասնավորապես՝ Ռյազանի, Վլադիվոստոկի ուղեւորությունները․ «Երեւի իմ սխալը նրա մեջ էր, որ շատ ոգեւորվեցի ու գիշեր-ցերեկ նվիրվեցի այս աշխատանքին, պայմանավորվածություններ, պայմանագրեր, հրավերներ․․․»։ 

Իգիթխանյանը մրցույթը չեղարկելուց հետո կարճ խոսակցություն է ունեցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի հետ․ «Երեկ հանդիպեցինք, եւ նա հայտնեց, որ հրամանը ստորագրված է, եւ դուք ազատված եք աշխատանքից։ Պատճառաբանությունն այն էր, որ սա օրենքի սահմանում է, կնշանակենք ժամանակավոր պաշտոնակատար, կլինի մրցույթ, համեցեք՝ հաղթեք մրցույթը եւ շարունակեք պաշտոնավարել»։ 

Այն, որ գուցե նման որոշման պատճառ են հանդիսացել իր դեմ ամիսներ շարունակ գրված նամակները, որոնք ուղարկվել են նաեւ նախարարություն, տնօրենի նախկին ԺՊ-ն ասաց․ «Դուք չեք պատկերացնի, թե ինչ մառազմատիկ նամակներ են գրվել՝ անանուն։ Իմ պաշտոնավարման 6 ամիսներից 3 ամիսը զբաղված եմ եղել բացատրագրեր գրելով։ Գրել էին, որ մենք 3-րդ զանգից հետո հանդիսատեսի մուտքը պարտեր արգելում ենք եւ ամֆիթատրոն ենք տեղավորում։ Բայց եթե հանդիսատեսը եկել է 7։25 րոպե, եւ դերասանս արդեն բեմի վրա է, ի՞նչ անենք։ Ներողություն, բայց ես իմ դերասանին ավելի շատ եմ հարգում, որովհետեւ շխկոցով դուռը բացում են եւ գնում են պարտեր՝ առաջին շարք նստելու, հետեւից էլ մի ադմինիստրատիվ, ով պետք է նստացնի իր հյուրին։ Ես այդ մոտեցումն եմ փոխել, հիմա վա՞տ եմ արել»։ Նա ընդգծում է, որ եթե նախարարությունը հավատացել է այդ անանուն նամակներին եւ ոչ թե 6 ամիսների ընթացքում արված իր գործին, ուրեմն ավելացնելու ոչինչ չունի։ 

Ասուլիսին ներկա թատրոնի դերասանները նույնպես արտահայտվեցին, նրանք դիմեցին վարչապետին՝ հորդորելով  միջամտել եւ լսել «ժողովրդի», այսինքն՝ իրենց ձայնը։  

Սոնա Ադամյան