Լատվիայից ու Բելառուսից հետո  դարձ ի շրջանս յուր՝  Հայաստան

Լատվիայից ու Բելառուսից հետո  դարձ ի շրջանս յուր՝  Հայաստան

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին փոխարինելու է  գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը։ 
Նրա թեկնածությունն առաջադրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ 
2015 թվականից մինչ օրս Անդրեա Վիկտորինը Բելառուսում Եվրամիության դեսպանն էր, 2012-15թթ․ եղել է Լատվիայում Գերմանիայի դեսպանը։ 
Անդրեա Վիկտորինի՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու մասին լուրը հրապարակած կայքերի մեծ մասը լռում են այն մասին, որ վերջինս Հայաստանի կյանքում բուռն ներքաղաքական իրադարձությունների շրջանում՝ 2007-2009թթ․ եղել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը։ Հատուկենտ կայքեր էին միայն հիշել եւ նշել այդ փաստը։ 
Դժվար է չհիշելն ու չանդրադառնալը այն փաստին, որ 2007-2009թթ․ Հայաստանում եղել են նախընտրական, ընտրական եւ հետընտրական շրջաններ, որոնք պատմության մեջ կմնան կեղծված ընտրություններով, Մարտի 1-ով, ընդդիմության ներկայացուցիչների տոտալ հալածանքներով։ Այդ շրջանում եվրոպական կառույցների, ՀՀ-ում հավատարմագրված եվրոպացի դեսպանների հետ պարբերաբար հանդիպում էին ընդդիմության՝ «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն» կուսակցության  ղեկավարները, իրազեկում քաղբանտարկյալների, մարդու իրավունքների խախտումների մասին։ Անդրեա Վիկտորինը Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարել է այդ ժամանակահատվածում, ականատես է եղել նման իրականության։ 
Տասը տարի անց ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Անդրեա Վիկտորինը որպես ԵՄ պատվիրակության ղեկավար գալիս է պաշտոնավարելու բոլորովին այլ Հայաստանում։ 
ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ փոփոխություններ կարող է բերել Անդրեա Վիկտորինը Հայաստանին, ԵՄ պատվիրակության նոր ղեկավարի օրոք արտաքին քաղաքականության ոլորտում որո՞նք են լինելու առաջնահերթությունները, նշեց․ «Անդրեա Վիկտորինը փորձված դիվանագետ է, գրեթե 4 տարի Եվրամիությունը ներկայացնում է Բելառուսում։ Ես վստահ եմ, որ նման հմուտ դիվանագետի նշանակումը եւ պաշտոնավարումը Հայաստանում լինելու է շրջադարձային, եւ նոր որակի քաղաքականություն է իրականացվելու ԵՄ-ի հետ։ Անդրեա Վիկտորինը գիտի նախկին Խորհրդային միության տարածքի խնդիրները։ Վստահ ենք, որ ԵՄ քաղաքականությունը կբարելավվի։ Երբ ԵՄ հենասյուներից մեկի՝ Գերմանիայի պրոֆեսիոնալ եւ վաստակաշատ դիվանագետներից մեկն է գալիս Հայաստան, որը երեք տարի պաշտոնավարել է մեր երկրում, կարող ենք մաղթել հաջողություն, իսկ իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը՝ շատ արագ իրագործել  ԵՄ-Հայաստան օրակարգի խնդիրները, նպատակները բոլոր ուղղություններով»։