Սանասարյան-Սիմոնյան «փոխհրաձգությունը» շարունակվում է

Սանասարյան-Սիմոնյան «փոխհրաձգությունը» շարունակվում է

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ՀՀ պետական վերհսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջև «փոխհրաձգությունը» սկսվեց դեռ ամիսներ առաջ, երբ ՊՎԾ պետը հայտարարեց, որ շուտով ԵՊՀ-ում աղմկահարույց բացահայտումներ են տեղի ունենալու։ Ի պատասխան սրան՝ ԵՊՀ-ն իր «կրակոցը» արձակեց՝ Սանասարյանին մեղադրելով քաղաքական անփորձության մեջ։ Այնուհետև Արամ Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ՊՎԾ ստուգումները մայր բուհում շարունակվում են, և վստահեցրեց, որ Սանասարյանը որևէ չարաշահման դեպք չի կարող գտնել։

«Կրակելու» հերթը Սանասարյանինն էր, նա ևս մեկ անգամ պնդեց, որ բացահայտումներից հետո Սիմոնյանն իրենից ներողություն կխնդրի։ Թվում էր, թե փոխադարձ մեղադրանքները սրանով կավարտվեն, և ամեն ինչ պարզ կդառնա ՊՎԾ ստուգումների արդյունքների հրապարակումից հետո։ Սակայն ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս հրավիրեց և տեղեկացրեց, որ պատրաստվում է դատի տալ ՊՎԾ պետին։ Նախքան այդ, Սանասարյանը գրառում էր կատարել՝ ասելով, որ ԵՊՀ հիմնադրամին շուրջ 800 մլն դրամի վնաս է հասցվել․ «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։

Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»,- գրել էր Սանասարյանը։ Արամ Սիմոնյանն էլ իր հերթին Սանասարյանի հայտարարությունները որակել էր անհիմն․ «Այս տարվա վերջին աշխատանքային օրով ես ստացել եմ ուսումնասիրության արդյունքների մասին այս փաթեթը: Մենք համաձայն չենք այստեղ նշվածի մեծ մասի հետ, քանի որ դրանք դեկլարատիվ, ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող դրույթներ են և ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ։ ՊՎԾ պետը այսօր հայտարարել է, որ արդյունքները ուղարկել է դատախազություն: Հարգելիներ, նա իրավունք չունի իրեն վերագրել վարչապետի լիազորություններ: Միայն վարչապետը իրավունք ունի ստուգման արդյունքները իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնել դրանք ուղարկել դատախազությանը: Այս պարոնը իրեն վերապահել է ոչնչով չարդարացված վարչապետի լիազորություններ։ Մենք դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա ղեկավարի այս հայտարարությունից բխող հետևանքների պատճառով հասցված վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու: Մենք ունենք իրավաբանական ֆակուլտետ, ունենք իրավաբաններ, ունենք ներուժ, որը մեզ թույլ կտա այս անօրինությունը դատական կարգով լուծելու»։ Սիմոնյանի ասուլիսին պատասխան ասուլիսով հանդես եկավ Սանասարյանը՝ այսպես շարունակելով հեռակա «ծեծկռտուքը»։

ՊՎԾ պետը հայտարարեց՝ ռեկտորի ասածները մանիպուլյատիվ բնույթ ունեն․ «Մենք ստուգել ենք ծախսային մասերը, իրականացրել ենք ուսումնասիրություն, եկամտային մասից միայն վարձակալության մասն ենք ստուգել։ Ես վստահեցնում եմ, որ եթե մեր ուսումնասիրությունները տեւեն երկար, այդ թվերը բազմապատկվելու են։ Մենք չենք ուսումնասիրել ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղը, որովհետեւ ժամանակ չունենք, չենք կարող երկար տարիներ դնել-ուսումնասիրել, թե ԵՊՀ-ն պետությանն ինչքան վնաս է պատճառել։ Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի համար պատասխանատու ենք»։

Ինչպես ակնկալվում էր ԵՊՀ-ն նույնպես պատասխանել է ՊՎԾ պետի հնչեցրած պնդումներին։ Իրենց տարածած հայտարարության մեջ ԵՊՀ ղեկավարությունն է արդեն Սանասարյանին մեղադրում մանիպուլյացիայի մեջ․ «Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես:

Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք»,- ասված է ԵՊՀ-ի երեկվա հայտարարությունում։ Արդյունքում դեռ անհասկանալի է, թե ո՞վ ինչ է բացահայտել, ո՞վ է մանիպուլացնում և ո՞վ՝ չարաշահումներ թույլ տալիս, բայց Սանասարյան- Սիմոնայն հակամարտության վերջը չի երևում։