Ապաքաղաքական թիմով ԱԺ գնալով՝ չես կարող հիմնարար բան ստեղծել

Ապաքաղաքական թիմով ԱԺ գնալով՝ չես կարող հիմնարար բան ստեղծել
Արամ Մայիլյան

Երկուշաբթի՝ հունվարի 14-ին, նորընտիր Ազգային ժողովը կհրավիրի իր անդրանիկ նիստը։ Ինչպիսի՞ քաղաքական զարգացումներ են հնարավոր Հայաստանում արդեն ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների օրոք։ Մեր հարցերին պատասխանում է 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։

-Ընտրված Ազգային ժողովն իր մեջ մեկ դրական հատիկ է պարունակում. դա բարորակ ընտրությունների արդյունքում ձևավորված լինելն է։ Այս ԱԺ-ն, որի առաջին կոչումը քաղաքական քննարկումների արդյունքում քաղաքական օրակարգի ձևավորումն է, քաղաքական ուժեր ու դեմքեր , ըստ էության, չի պարունակում։ Հեղափոխությունը, որը հեռացրեց հին ռեժիմին, շատ արագ տեղի ունեցավ, և, ըստ այդմ, հեղափոխական զանգվածը չհասցրեց ձևավորել քաղաքական թիմ: Բառացիորեն մեկը մյուսին ո՛չ ճանաչում էին, ո՛չ ընդհանուր գաղափարներ ունեին։

Միակ գաղափարը հին ռեժիմին հեռացնելն էր, որն էլ շաղախեց այդ թիմին։ Բավականին ժամանակ ու ջանքեր են պետք, որպեսզի «Իմ քայլը» դաշինքը քաղաքական ասպարեզում կարողանա տարբերել առաջնայինը երկրորդականից։ 88-ի շարժումը մինչև խորհդարանի ընտրությունները տեւեց մոտ երկու տարի, եւ այն ժամանակվա առաջամարտիկների մի մասը կարողացավ իրեն դրսեւորել և իրեն տեսնում էր պետական կառավարման աշխատանքում , մյուսները՝զինվորական գործում, երրորդները՝հմտացան հասարակության հետ հարաբերություններում, եւ այդ կերպ նրանք դարձան գործիչներ։ Ես համոզված եմ, որ «Իմ քայլ»-ի թիմն ունի ազնիվ մղումներ, բայց, որպես գործիչներ, իրենք չհասցրեցին ձեւավորվել։ Միևնույն ժամանակ, նրանց ջանքերով է, որ կարելի է ասել, այսօր մեր երկրում մթնոլորտը փոխվել է ։ Եվ դա առաջին հերթին ազատ, ընտրությունների արդյունքն է։ Օրինական անցկացված ընտրությունները ներուժ պարունակող քաղաքական և պետական համակարգի հիմքն են։

-Որո՞նք են անցած ամիսների ընթացքում հեղափոխություն իրականացրած թիմի հիմնական հաջողություններն ու բացթողումները։

-Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ մարդիկ, որոնք եկան իշխանության, զբաղեցրին պաշտոններ, նույնիսկ չպատկերացրեցին էլ, թե ուր են մուտք գործում։ Նրանք գլխապտույտ ձեւով հայտնվեցին իշխանության մեջ։ Դրա համար պետական կառույցի կենսունակությունը պահպանելը դարձավ իրենց գերխնդիրը, իսկ զարգացման մասին չէին էլ հասցնի մտածել։ Եվ նույնիսկ շատ պարզ հարցերում ոչ մի փոփոխություն չարեցին։

Այս ԱԺ-ն, կարծում եմ, գտնվում է հասարակության զարգացման անցումային փուլում, ուստիև անցումային մարմին է։ Ապաքաղաքական թիմով ԱԺ գնալով՝ չես կարող հիմնարար բան ստեղծել։ Հիմնարար քաղաքականություն ստեղծման հիմքեր կան միայն Ազգային ժողովից դուրս։ Բանն այն է, որ այս Ազգային ժողովում տեղ չեն գտել շատ քաղաքական գործիչներ։ Կուսակցությունների մասին չեմ խոսում, որովհետեւ հին համակարգի կուսակցությունները հիմնականում իրենց դարն ապրել են։

-Այսինքն՝ սա անցո՞ւմ է հին Հայաստանից նոր Հայաստանին։

-Անցում նոր Հայաստանին դեռ չի կատարվել։ Նոր Հայաստանը պետք է ունենա քաղաքական համակարգ՝ իր քաղաքական օրակարգով։ Ցանկացած ժամանակաշրջան ունի իր քաղաքական օրակարգը։ Քաղաքական օրակարգ առաջին անգամ ձեւավորվել է 1988-90թթ․, Այդ օրակարգում բերվում էին խնդիրներ, դրանց լուծման առաջնահերթությունները, լուծման ռազմավարությունը, և թե ովքեր են առաջ մղելու, ղեկավարելու դրանք։ 1992-93 թվականներից հետո քաղաքական օրակարգն ասպարեզից դուրս եկավ:

Փոխարենը առաջ քաշվեց գոյատեւման քաղաքական դոգման՝ ռուսական տիրապետության ներքո։ Հիմա հասարակական փոփոխությունների արդյունքում ձևավորված ներկայիս կայուն վիճակն օգտագործելու ժամանակն է։ Փառք Աստծո, հասարակությունը քայքայող լայնածավալ կաշառակերության և կողոպուտի վտանգ չի նկատվում, գոնե մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում: Երիտասարդները, որոնք եկել են իշխանության, համենայնդեպս, ակնհայտ կոռուպցիոն հակումներ չեն ցուցաբերում։ Այս իրավիճակում մեր հասարակությանը մնում է ձևավորել քաղաքական օրակարգ, ինչը, բնականորեն, պետք է կատարվի խորհրդարանից դուրս՝ քաղաքական ուժերի, փորձառու գործիչների ու ջանասեր երիտասարդների ջանքերով։

Համարենք, որ այդ մարդիկ ազնիվ մղումներով են եկել խորհրդարան և ծառայում են իշխանության մյուս մարմիններում: Թող նրանք իրենց գործն անեն, իսկ հասարակությունն՝ իրենը: Երբ ԱԺ-ն կկանգնի քաղաքական ճգնաժամի առաջ (իսկ դա շատ հավանական է , որովհետեւ ոչ քաղաքական օրակարգով դժվար է քաղաքական հարցեր լուծել), ապա հասարակությունը ձևավորված քաղաքական համակարգի կարիք կզգա. համակարգ, որը հասարակության դատին ներկայացնի իր օրակարգը։ Այդ օրակարգում պետք էլինեն Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, հարեւանների հետ հարաբերությունների, տնտեսական զարգացման, ազգային միասնականության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, երկրի պաշտպանության և այլ կարևոր հարցերը։Օրակարգը պետք է ներառի այդ խնդիրների նկատմամբ մոտեցումներն ու տեսակետները, հարցերին լուծում տալու ռազմավարության սկզբունքները: Մասնավորապես, մենք ինքնիշխանության պահպանման ճակատում ծանր կորուստներ ենք ունեցել: Դրա վերադարձի մասին է պետք մտածել։ Կարծում եմ՝ լրջանալու պահն է. ինքնիշխանության կորստից պետության կորուստ մեկ փոքրիկ քայլ է:

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական գործիչներին մի սեղանի շուրջ համախմբելը, երբ նրանք անցել են տարբեր ճանապարհներ, ունեն տարբեր հավակնություններ, տարբեր պատկերացումներ, միջանձնային բարդ հարաբերություններ։

-Պարտադիր չէ, որ նրանք միավորվեն մեկ կուռ կառույցի մեջ։ Քաղաքականության մեջ կա մի կանոն՝ այն ուժը, որը կարողանում է իր կազմակերպվածությամբ, հասարակական ազդեցությամբ առաջ անցնել մյուսներից, նա էլ դառնում է դրոշակակակիրը, և մյուսները նրա հետ համաձայնություն են հացում ։ Կարծում եմ քաղաքական օրակարգ ձևավորելիս նման մի ուժ կառաջանա և կ թելադրի խաղի կանոնները։ Այդ ուժն էլ կդառնա բեւեռ, այլընտրանք «Իմ քայլը» դաշինքին: