Առանց Նարեկ Սարգսյանի քաղաքաշինության բնագավառն ահավոր տխո՞ւր է

Առանց Նարեկ Սարգսյանի քաղաքաշինության բնագավառն ահավոր տխո՞ւր է
Նարեկ Սարգսյան

Հունվարի 16-ի համարում «Նարեկ Սարգսյանը գործուն դերակատարում ունի քաղաքաշինության ոլորտում» վերտառությամբ հրապարակման մեջ զրուցելով ինքզինքը ճարտարապետ համարող Մարիամ Խաչատրյանի հետ՝ «Հրապարակը» անհեթեթության հասնող սուտ եւ հերյուրանք է փոխանցում իր ընթերցողին:

Սույն անձի կապը քաղաքաշինության եւ ճարտարապետության հետ բացառապես կեղծիք տարածելով է արտահայտվում մշտապես, ընդ որում` թիրախավորելով առաջատար ճարտարապետներին` Ջիմ Թորոսյանին, Նարեկ Սարգսյանին, նորաստեղծ Ճարտարապետների պալատը եւ նրա նախագահ Մկրտիչ Մինասյանին, հիմա նաեւ` Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Մասնավորաբար, Մ. Խաչատրյանը թյուրիմացության մեջ է գցում՝ կեղծ տեղեկություն հաղորդելով, թե Նարեկ Սարգսյանն օրումեջ այցելում է քաղաքաշինության կոմիտե` ուղղորդելու նախագահ Ավետիք Էլոյանին: Իր ղեկավարած գերատեսչության ղեկն Էլոյանին փոխանցելուց հետո Ն․ Սարգսյանը ոտք չի դրել կոմիտե եւ ոչ մի անգամ: Մ. Խաչատրյանը ոլորտում առկա մասնագիտական ու մարդկային կապերն ու առնչություններն անգամ խեղաթյուրում է. Ավետիք Էլոյանի հայրը` ճարտարապետ Լեւոն Էլոյանը, կյանքի վերջին տարիներին Նարեկ Սարգսյանի արվեստանոցում խորհրդատու է եղել՝ մինչ այդ, երկար տարիներ աշխատելով որպես քաղաքաշինության նախարարի տեղակալ, Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալ:

Աբսուրդի ժանրին պատկանող տվյալ հրապարակման շարժառիթը թերեւս այն է, որ առանց Նարեկ Սարգսյանի քաղաքաշինության բնագավառն ահավոր տխո՞ւր է: 

Նարեկ Սարգսյանի մամլո խոսնակ՝ Անահիտ ԵՍԱՅԱՆ