Գյումրու հայտնի պատկերասրահի դռները փակ են․ մեծ կոնֆլիկտ է հասունացել

Գյումրու հայտնի պատկերասրահի դռները փակ են․ մեծ կոնֆլիկտ է հասունացել

Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի դռները փակ են, կողպված ։ Պատկերասրահի աշխատակազմը անժամկետ դադարեցրել է աշխատանքը ։ Պատճառը շուրջ մեկ շաբաթ տևող պատկերասրահի անձնակազմի կողմից վերհանված խնդիրների լուծումների նկատմամբ անտարբերությունն է։ 

«Մենք հորդորում ենք Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կանգնել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» ողջ անձնակազմի կողքին՝ առաջացած լուրջ խնդիրների լուծման համար»,-նշում են նրանք։ Պահանջել են հանդիպել քաղաքապետի հետ, որպեսզի դրական լուծում ստանա այս հարցը, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։ Բանն այն է, որ մեկ աշխատակցուհու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով աշխատանքից ազատվել է թանգարանի տնօրեն Վարդպարոնյանը, որի ներդրումն, ըստ աշխատակիցների, թանգարանի զարգացման գործում զգալի է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ թանգարանի աշխատակիցները բաց նամակով էին հանդես եկել, ընդգծել, որ կոնֆլիկտ հրահրած աշխատակցի հայրը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերն է, և հենց քաղաքապետի ճնշմամբ էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ստիպված է եղել ազատման դիմում գրել: Քաղաքապետարանից որևէ կերպ չեն մեկնաբանում կատարվածը։ Միակ հեղհեղուկ  բացատրությունը , որն ազատման հիմք է հանդիսացել, Միքայել Վարդպարոնյանի՝ երկու աշխատանք համատեղելու փաստն է։ Երեկվանից թանգարանը նոր տնօրեն ունի՝ Գագիկ Մանուկյանը։ Վերջինիս դեմ աշխատակիցները ոչինչ չունեն, ավելին՝ նա ևս միացել է գյումրեցի մտավորականների ստորագրահավաքին՝ ի  աջակցություն Միքայել Վարդպարոնյանի։

Գյումրեցի զբոսավարները մտահոգ են․ զբոսաշրջության այս բուռն շրջանում չի գործում քաղաքի սրտում գտնվող հայտնի պատկերասրահներից մեկը, ինչը ֆինանսական մեծ հարված է։

Թանգարանի աշխատակիցներն էլ առայժմ հրաժարվում են անցնել աշխատանքի, բայց միաժամանակ նշում են, որ բարդ, բայց անհրաժեշտ որոշում են կայացրել՝ արդարությունը վերականգնելու համար։