«Կովկասի գերուհին». Անահիտ Թարխանյան

«Կովկասի գերուհին». Անահիտ Թարխանյան

Զարմանալ կարելի է, թե հայ ճարտարապետների սրտներն ինչպես չեն պայթում, երբ տեսնում են, թե ինչպես են վերացվում կամ ձեւափոխվում ու վերապրոֆիլավորվում տեւական ժամանակ մայրաքաղաքի ինքնատիպության գրավականները հանդիսացած, մշակութային եւ պատմական արժեք ներկայացնող կառույցները, փողոցները: Այնպես չէ, որ նրանք անտարբեր են վերաբերվում մեր շրջապատում կատարվող բարբարոսություններին: Բայց, ինչպես ասվում է հայտնի կինոնկարներից մեկում («Կովկասի գերուհին»)՝ «Невеста будет сопротивляться, брыкаться, даже кусаться… Звать милицию, кричать: «Я буду жаловаться в обком!» Но вы не обращайте внимания, это старинный красивый обычай».

Անահիտ Թարխանյանը եւ իր գործընկերները բազմիցս բարձրաձայնում են քաղաքաշինական հիմնախնդիրներ, փորձում են դիմադրել, աղմուկ հանել, իհարկե՝ չեն «կծում», ոստիկանություն էլ չեն դիմում, բայց դիմում են «обком»-ին փոխարինող մարմիններին, իսկ այնտեղ ասում են, թե «դուք ուշադրություն մի դարձրեք, դա հին գեղեցիկ ավանդույթ է»՝ ամեն ինչ ապականելը, անճաշակ կառուցապատելը, ճաշակով, արժեք ներկայացնող կառույցները քանդելը: Անահիտ Թարխանյանը, փաստորեն, հայտնվել է «Կովկասի գերուհու» վիճակում:

Հիմա, այս վեհանձն հայուհին, ով բոլորովին չի համակերպվում իրեն «գերուհու» կարգավիճակ շնորհելու հետ, ասում է. ««Ռոսիա» կինոթատրոնի շուրջը «Ռոսիա մոլը» նախ սարսափելի անճաշակության մի զանգված է, երկրորդը՝ որպես կոմպլեքս, ինքը շատ մեծ վնաս է հասցրել Հայաստանի ունիկալ շենքերից մեկին։ Ճարտարապետների կարծիքով՝ «Ռոսիա» կինոթատրոնը մտել է համաշխարհային արժեքների ցանկի մեջ։ Առաջին իսկ տարվանից, երբ որ Սուքիասյանը սեփականաշնորհել է «կոպեկներով», այն դարձրել է առեւտրի կենտրոն։ Կինոթատրոնի միջի ունիկալ զարդաքանդակները, քանդակները, որոնք որ հանդիսանում էին մեր քանդակագործների ընտրանին, խայտառակ ձեւով ջարդել են, փշրել են, դեսուդեն են գցել։ Ես չեմ հասկանում՝ ո՞վ էր Խաչատուր Սուքիասյանին խորհուրդ տվել...»։

Ինչպե՞ս կարելի էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մոտակայքում կազմակերպել «բազառ»: Ըստ որոշ լուրերի, Վանո Սիրադեղյանը ոչ ֆորմալ վերահսկում էր եկեղեցու շինարարությունը: Լավ, Սուքիասյանն ինչո՞ւ չէր խնդրել իր ընկերոջը, որպեսզի նա այդ եկեղեցու շինարարությունը կազմակերպեր, ասենք, օրինակ, Չարբախում, Առինջում կամ Բանգլադեշում: Ի դեպ, ես Վանո Սիրադեղյանին համարում եմ նորագույն պատմության ժամանակաշրջանի ակնառու պետական գործիչ, անկախ նրա անվան հետ կապվող շատ ու շատ ասեկոսեներից:
Դա արդեն անցել է: Իսկ աժմ ինչո՞ւ ականջալուր չլինել «Կովկասի տիրուհուն» ու «Ռոսիա»-ն չնվիրաբերել քաղաքապետարանին՝ իր նշանակությամբ օգտագործելու համար, իսկ շրջապատը բերել միջավայրին հարիր տեսքի: Կարծում եմ, քաղաքապետարանը շատ չի դիմադրի եւ շնորհակալությամբ կընդունի այդպիսի «արքայական» նվերը: Ինչո՞ւ «Կովկասի տիրուհի», որովհետեւ Կովկասում ընդունված է եղել լսել կնոջը: Նույնիսկ միմյանց թշնամի մարդիկ, ովքեր ուր որ է պատ-րաստվելիս են եղել ոչնչացնել միմյանց, տեսնելով, որ կինն իր գլխաշորը նետում է գետին, անմիջապես հաշտվել են:

ՀԳ. Ի դեպ, պարոն Սուքիասյանը, լինելով գրագետ եւ ինտելիգենտ բիզնեսմեն, պետք է որ գիտակցի՝ «նախկին օլիգարխների» հետ հաշվեհարդար տեսնելուց հետո, պրոլետարիատը, որը ոչինչ չունի կորցնելու, բացի… լծվելու է «ըստ էության՝ նախկին, բայց նոր օլիգարխների ոչնչացման սուրբ գործին»: Հետո, Սուքիասյանն ինչո՞ւ պետք է հետ ընկնի Արմեն Ավետիսյանից, ով «մաքուր սրտով» «Գոլդեն Փելեսը» նվիրեց պետությանը: Ճիշտ է, պետությունը լավ չվարվեց այդ եզակի կառույցի հետ, բայց դե… Միեւնույն է, գալիք սերունդը, որն արդեն կողմնորոշված կլինի արժեհամակարգային առումով, չի համակերպվելու մայրաքաղաքի կենտրոնում առեւտրի այդպիսի օբյեկտի գոյության հետ:

Գագիկ Վարդանյան