Խախտումներ՝ ըստ «Ականատես»-ի

Խախտումներ՝ ըստ «Ականատես»-ի

ԱԺ արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ների եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից ստեղծված «Ականատես» նախաձեռնությունը։ Այսօր նրանք համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ը ներկայացնող Ադամ Բուսուլեանուի հետ։ Ադամ Բուսուլեանուն նախ նշեց, որ իրենց կազմակերպությունը 15 քաղաքացիական անկախ դիտորդների առաքելություն իրականացնող կազմակերպությունների միավորում է։

Նա ասաց, որ թեեւ դեռ իրենք վերլուծության վրա են աշխատում, սակայն այն, ինչ տեսել է երեկ, լիովին տարբերվում էր նախորդ ԱԺ ընտրություններից։ Ադամ Բուսուլեանուն հիշեց, թե որքան բարձր տոկոս էր կազմում 2017թ․ ԱԺ ընտրությունների մասնակցությունը, հիշեց, թե որքան լցոնումներ էին անում կուսակցություններից մեկի տոկոսները բարձրացնելու համար, իսկ 2018թ․ պատկերը նորմալ է։ «ԹԻ»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ առաջին անգամ կիրառել են ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանություն, նախաձեռնության շրջանակներում ներգրավվել են 581 դիտորդ, որոնք դիտարկել են ընտրանքի 300 ընտրական տեղամասերը։

Նա նկատեց, որ այս ընտրություններում էական առաջընթաց է գրանցվել ընտրակաշառք չբաժանելու, բարեգործություն չանելու առումով, թեեւ տարբեր կողմերից եղել է վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի չարաշահում։ Ընտրությունների օրը ընտրատեղամասերում քվեարկության եւ արդյունքների ամփոփման փուլում «Ականատեսն» արձանագրել է 78 էական խախտում։ Դրանցից 17-ը վերաբերել է կողմնակի անձանց ներկայությանը, 6-ը՝ քվեարկության գաղտնիության խախտումներ են, 3-ը՝ բռնություն, սպառնալիքներ կամ ճնշում գործադրելու դեպքեր, 25-ը՝ խախտումների արձանագրման մերժմանը ընտրական տեղամասի կողմից, 3-ը՝ կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկությանը, 6-ը՝ ընտրողին՝ իրավասություն չունեցող անձի կողմից օգնություն ցուցաբերելուն, 3-ը՝ բաց քվեարկությանը, 7-ը՝ ուղղորդված քվեարկությանը, 7-ը՝ արդյունքների ամփոփման կոպիտ խախտումներին, 1-ը՝ անվավեր դարձած քվեաթերթիկներին։