Մյուսներն ա՞յլ տեսակետի են

Մյուսներն ա՞յլ տեսակետի են

Մամուլում տարածվել է «Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հայտարարությունը», որտեղ ասվում է, որ առաջիկա ՏԻՄ եւ գալիք տարվա «համապետական ընտրությունների խորապատկերին (ընտրությունները դեռ չեն կայացել, բայց արդեն խորապատկե՞ր են թողել՝ Վ. Ա.) որոշ խմբերի եւ անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը»:

Խոսքը, հավանաբար, Արցախը որպես մարզ Հայաստանին վերամիավորելու հարցով «Սասնա ծռերի» ստորագրահավաքի եւ ԼՂ խնդիրը Ռուսաստանի մանդատին վերապահելու մասին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարության մասին է, քանի որ փաստաթուղթն ամփոփվում է հետեւյալ շեշտադրմամբ. «Կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին՝ զերծ մնալ պետականության ավանդույթները եւ արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից եւ քայլերից»:

Հայտարարությունն ստորագրել են «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն: Մինչդեռ Արցախի խորհրդարանում ներկայացված են եւս երկու՝ «Շարժում  88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները: Կարելի՞ է ենթադրել, որ տվյալ հարցում այս կուսակցություններն ունեն այլ տեսակետ: Նրանց առաջարկվել է ստորագրել, հրաժարվե՞լ են: Սա բավականին ինտրիգային պահ է, որը, թվում է, մեկնաբանության կարիք ունի: