Մինչդեռ գարունն այնքան ծաղիկ է վառել

Մինչդեռ գարունն այնքան ծաղիկ է վառել

Սեւերի եւ սպիտակների բաժանելը շախմատային գործառույթ է: Նարդի, շաշկի եւ այլն` չեմ ասում, հարցը լրջացնելու համար, քանի որ մենք` երկիրը, լուրջ «շախմատային» վիճակում ենք:
Ինձ վշտացնում է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակումների ոչ կառուցողականությունը, երբ, ժողովրդական լեզվով ասած, խոսակցությունը պարզապես վերածվում է «լկռահաչիի», երկու կռվարար հարեւանուհիների` ոճով եւ բառապաշարով զզվելի ղալմաղալի...

Բոլոր իշխանություններն էլ` մերոնք, մեզանից են եղել, լուսնից հո չե՞ն ընկել, կամ հո Հազկե՞րտը չի նշանակել: Ճիշտ է, մեկը մյուսից ավելի ճարպիկ է եղել կամ պակաս անազնիվ ու գիշատիչ է եղել, բայց իդեալական իշխանություն չի եղել ու չի լինի: Ինչ մենք ենք, էն էլ միշտ մեր իշխանություններն  են, ճիշտը խոսենք: 

Հիշում եմ, ինստիտուտում սովորելու տարիներին «Հավանականությունների տեսություն» կոչվող առարկա էինք անցնում: Դասախոսն ասում էր` տոպրակի մեջ լցնենք երեսուն հատ սեւ եւ հինգ հատ սպիտակ գնդիկներ․ որքա՞ն է հավանականությունը, որ այսինչ գույնի գնդիկ դուրս կգա: Ասաց` մի պատահական գնդիկ հանենք, ի՞նչ գույնի կլինի, սե՞ւ, թե՞ սպիտակ: Մի գյումրեցի սրամիտ ընկեր ունեինք` ասաց... բորդո...

Յուրաքանչյուր իշխանության որակ պայմանավորված է իրեն ծնող հասարակության որակով: Ինչ-որ մեկից մի բան պոկելու նշանաբանով գործող հասարակության մեջ դու որտեղի՞ց պետական ապարատի համար հազար հոգի ճարես, որ «չուտեն հաշա (կաշառք) եւ չսիրեն թամաշա» (այս դարձվածքը ոչ մի տեղ իզուր մի փնտրեք․ ես հենց նոր ձեռքի հետ «սարքեցի»):

Հասարակության նորմալ անդամներն արդեն զզվել են` ֆեյսբուքային կլինի, թե ինչ, լաչառ մտազեղումներից: Բան ունես ասելու` մարդավարի, հիմնահարցը լուծող առաջարկություններով բան ասա, դու հո Ադրբեջանի քաղաքացի չե՞ս... Ինձ հանդիպել է այսպիսի շարադրանք, թե Ադրբեջանն այսքան ու այսքան անխոցելի զենք է առել, բա ի՞նչ ես անելու  (իշխանությանն է ասում), տղա ես` խոսա, է՜... Ուզում ես ասել` բա դու ո՞վ ես, արա (տո հենց` արա), դու էս երկրի՞ց չես, ինչո՞ւ ես չարախնդում: Նույնն է, թե հորդ տան պատը ճաք տա, ու փոխանակ օգնես, մի բան էլ հորդ վրա մուննաթ ես գալիս...

Կամ` սա ի՞նչ բան է, մի պաշտոնյա փռշտում է (լա՜վ, ասենք թե մի բանկետ էլ ավելի է արել), եւ թերթերն ու կայքերը մի ամիս դա են քննարկում, այն էլ ի՜նչ ոճով ու բառապաշարով, ոնց որ թուրքի դեմ խոսես:

Չի կարելի այսքան թույնի դոզա սրսկել հասարակական գիտակցության մեջ: Չի կարելի ապրել միայն քաղաքականությամբ եւ... հնդկական սերիալներով (սա բոլորին եմ ասում՝ ե՛ւ սեւերին, ե՛ւ սպիտակներին, ե՛ւ... բորդոներին): Գարուն է եկել, բայց որեւէ հեռուստաալիքով չի լսվում. «Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով...»: Օրինակի համար եմ ասում:

Զավեն ԲԵԿՅԱՆ