«Ընտանեկան փիլիսոփայության» հայկական խեղաթյուրումը

«Ընտանեկան փիլիսոփայության» հայկական խեղաթյուրումը

«Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Եվ այդ ակնկալիքի հեղինակները նրանք են, որոնք հանդես են գալիս որպես Հայաստանում ավանդական արժեքների, ընտանեկան արժեքի պահապաննե՞ր»,- մարտի 19-ին լրագրողների հետ իր երկարատեւ մամլո ասուլիսի ժամանակ, ի պատասխան իր ընտանիքին հասցեագրված քննադատություններին, տարակուսել-նեղսրտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ինչպես հարմարավետ տեղավորվել է իր իսկ ձաղկած գերվարչապետական իրավասությունների սահմանադրական գահին, այնպես էլ իր ընտանիքն է տեղավորել պետական արտոնությունների, իշխանության չարաշահման «բարիքների» դղյակում: Մինչդեռ:

Հեղափոխությունները, որպես կանոն, կոչված են քանդելու նախկին կառավարիչների արատավոր բարքերը, արտոնությունները, փոխելու նոր կառավարիչների վարքագիծը: Հեղափոխությունները ծնվում են արտոնությունների դեմ պայքարի ձգտումներով, կարգախոսներով, անհրաժեշտությամբ: Արտոնյալները բախվում են դասակարգային պայքարին, իշխանափոխությանը, հեղափոխություններին: Նրանց դատում են, արտաքսում, կախաղան բարձրացնում: 21-րդ դարի հեղափոխությունների հիմքում եւս արտոնությունների դեմ պայքարն է՝ կոռումպացված վարչախմբերի հեռացման, քաղաքացիների իրավահավասարության եւ օրինականության հաստատման ձգտումներով: 

Եվ եթե հայկական թավշյա հեղափոխության հիմքում դրված չեն արտոնությունների սահմանափակման, իշխանության չարաշահման սկզբունքները, ապա կա՛մ պետք է համաձայնել այն պնդման հետ, թե սա հեղափոխություն չէ, կա՛մ ընդունել, որ հեղափոխությունը տեղապտույտ է տալիս՝ շեղվելով իր հիմնարար սկզբունքներից: 

Չունենալով պետական շինարարության փորձ եւ քաղաքական գիտելիքներ՝ հեղափոխական իշխանությունը, փոխարենը, արագորեն ձեռք բերեց նախկինների արատավոր փորձը՝ արտոնություններով եւ պետական միջոցների վատնումներով՝ թանկարժեք պետական գնումներ, բարձր պարգեւավճարներ, ծառայողական ավտոմեքենաներ, թիկնապահներ, թանկարժեք գործուղումներ, ընտանիքներով պաշտոնավարություն եւ այլն. այն ամենը, ինչն ուղեկցել է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանություններին նրանց կառավարման ողջ ընթացքում: 

Հեղափոխական իշխանության մեջ առանձնանում է Փաշինյանի ընտանիքը՝ որպես արտոնյալների մեջ արտոնյալը: Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, կամա թե ակամա, դառնում է հեղափոխության տեղապտույտի օջախներից մեկը: Այստեղ են կենտրոնանում ոչ միայն հեղափոխությունից հետո չնվազած պետական արտոնությունները, այլեւ իշխանության չարաշահման վտանգները: Այսօրինակ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի զարմանքն ու զայրույթն առ այն, թե ինչու է իր ընտանիքը դարձել քննադատության թիրախ, եթե այդ ընտանիքը եղել է իր կողքին ծանր օրերին, ուրեմն պետք է լինի եւ երջանիկ օրերին, փոխադարձ տարակուսանքի է արժանի: Եվ ահա թե ինչու:
Փաշինյան ընտանիքը հանրային ակնդետ ուշադրության կենտրոնում հայտնվեց Նիկոլի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց գրեթե անմիջապես հետո, երբ նրա կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Աննա Հակոբյանը, մեկեն ներխուժեց հասարակական, քաղաքական, միջազգային դաշտ՝ նախ ստեղծելով «Կանայք հանուն խաղաղության» շարժումը, ապա գլխավորելով տարբեր հիմնադրամներ, պետբյուջեի հաշվին մեկնելով արտերկիր, զբաղվելով դրամահավաքներով, հանգանակություններով՝ ապահովելու իր ղեկավարած հիմնադրամների ֆինանսական ահռելի մուտքերը հայ գործարարների, տնտեսական կառույցների միջոցով: Վարչապետ Փաշինյանը ոչ միայն չի կանխել, այլեւ խրախուսել է այդ գործելակերպը:
Վերոհիշյալ մամլո ասուլիսում Փաշինյանը քանիցս ընդգծում է. «Ընտանիքն ինձ համար շատ կարեւոր է», «Հայաստանի հանրության հետ հարաբերությունները ես ընկալում եմ ընտանեկան հարաբերությունների տրամաբանության շրջանակներում»՝ վերահաստատելով, որ Հայաստանի հանրությանը, պետությանը վերաբերում է որպես ընտանիքի, որի հանդեպ «որդիական պարտք» ունի: 

Ընտանեկան արժեքների նվիրվածության այս օրինակը գովելի է, սակայն պայմանով, որ կառավարման ընթացքում ընտանիքը չնույնացվի պետության հետ, եւ պետությունը չստորադասվի այդ ընտանիքին: Եվ այստեղ է գայթում Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան փիլիսոփայությունը», երբ պետությունը ստորադասվում է ընտանիքին, իսկ իշխանությունն ընկալվում է որպես ընտանիքի բարեկեցության, արտոնությունների ապահովման, ընտանիքի անդամների մարդկային, հասարակական, քաղաքական հավակնությունների բավարարման միջոց: Թեպետ սա ոչ միայն փաշինյանական ընկալում է, այլեւ՝ հայկական: 

Դարեր շարունակ պետականազուրկ վիճակում գտնվող Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ընտանիքը, որպես կանոն, փոխարինել է պետությանը: Ընտանիքի դերի բացարձականացումը վերածվել է ազգային բնավորության: Ընտանիքը դարձել է պետության՝ ազգային ընկալման մանրակերտը, հայ մարդու՝ հոգածության եւ գուրգուրանքի խտացումը: Եվ Մուրացանի ձեւակերպումը՝ «Ազգերի հզորությունն ընտանիքների մեջ է», ձեւավորել է ընտանիքի դերի եւ նշանակության հանրային ընկալումները: Հայկական միջավայրում ամեն ինչ հանգում է ընտանիքին, ամեն ինչ ստորադասվում է նրան, արատավոր բարքերն արդարացվում են «ընտանիք պահելու» մտածողությամբ: Նմանօրինակ իրավիճակում ամեն ինչ ստորադասվում է ընտանիքին՝ հայրենիքը, պետությունը, արժեքները, գաղափարները: Ընտանիքը դառնում է համահայկական հոգածության կենտրոն, գերնպատակ: Նաեւ այդ պատճառով է հայկական պետականությունը կորսվել, իսկ ընտանիքները՝ պահպանվել: Ընտանեկան այսօրինակ փիլիսոփայությունը խեղաթյուրել է ազգային մտածողությունը, արժեքները, ձգտումները եւ նպատակները: 
Այդ փիլիսոփայությամբ են առաջնորդվել Հայաստանի քաղաքական ղեկավարները: Հանուն սեփական ընտանիքի բարեկեցության եւ նրա նվիրվածությամբ էին ապրում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ կողոպտելով պետությունը, կեղծելով ընտրությունները, կեղեքելով հանրությանը, վաճառելով Հայաստանի անկախությունը: Հանուն ընտանեկան բարեկեցության էին իրենց քաղաքական հայացքներից հրաժարվում ընդդիմության ղեկավարները, դավաճանում հանրության ձգտումներին: Հանուն ընտանիքի էին ՀՀ բարձրագույն իշխանությունները կողոպտում բանակը, ավելացնում պետական պարտքը, մեծացնում արտագաղթը: 

Նիկոլ Փաշինյանն այդ մեղքերը չի գործել, սակայն նա եւ նրա ընտանիքը հաճույքով չարաշահում են վարչապետ Փաշինյանի իշխանությունը հենց վերջինիս համաձայնությամբ: 

Եվ Ղարաբաղ մեկնող ուղղաթիռը, Բրյուսել մեկնող ինքնաթիռը, ԱԽ նիստի եւ ՀՀ վարչապետի զինվոր որդու տարեդարձի համընկնումը դադարում են լինել իշխանության չարաշահման եւ արտոնությունների ընդլայնման խորհրդանիշներ՝ վերածվելով ընտանեկան վտանգավոր վարքագծի:  

Ընտանեկան փիլիսոփայության հայկական ավանդական ընկալումները, ընտանիքի դերի բացարձականացումը հանգեցնում է ծայրահեղությունների, որոնք կարող են վտանգել հասարակության եւ պետության զարգացումը: Այդ փիլիսոփայությունը շարունակում է խեղաթյուրել պետականության հանդեպ հանրության վերաբերմունքը, երբ հանրությունն առաջնորդվում է «ընտանիքն իմն է, պետությունը՝ իշխանությանը» սկզբունքով, իսկ իշխանությունը՝ «ընտանիքը իմն է, իշխանությունը եւ պետությունը՝ նույնպես»  սկզբունքով: Ընտանիքի հանդեպ հայ ժողովրդի պաշտամունքն այդպես էլ չի վերածվում պետականության հանդեպ անգամ պարզ սիրո: 
Քաղաքակիրթ աշխարհում պետության եւ ընտանիքի կապը բնական է եւ տրամաբանական, երբ պետությունն ու ընտանիքը բնական գործընկերներ են, ուր պետությունը հոգ է տանում ընտանիքի մասին, իսկ ընտանիքը՝ պետության:    

Հայաստանում յուրաքանչյուրը հոգ է տանում նախեւառաջ ընտանիքի մասին: Այդ թվում նաեւ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: