ՀՀ դեսպանի անհավատալի արկածները՝ Ռուսաստանում

ՀՀ դեսպանի անհավատալի արկածները՝ Ռուսաստանում

Այսօր կփորձենք չխոսել հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական բնույթի «ջերմացումների» մասին, մանավանդ որ մեր վարչապետը հավատացնում է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ OK է ու գնալով ավելի OK է դառնում: Ինչպես ասում են` աչքով չտանք: Խոսք է գնալու ՌԴ-ում մի հաստատության մասին, որ կոչվում է ՀՀ դեսպանություն: Չգիտեմ, կհաջողվի՞ մեզ այդ դիվանագիտական հաստատության մասին խոսելիս շրջանցել քաղաքականությունը, թե ոչ, բաց ջանքեր կներդնենք այդ ուղղությամբ:

Սկսենք, օրինակ, այսպիսի թվային տվյալներից: 2017 թվականի արդյունքներով` նախորդ տարվա համեմատությամբ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման ծավալներն աճել են ռեկորդային` 45 տոկոսով: 2018-ին այդ ցուցանիշը եղել է 19 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների կտրվածքով` 0 տոկոս: Սրանք պաշտոնական թվեր են, որոնք անխուսափելի հարց են առաջացնում` ինչո՞ւ, ի՞նչ պատահեց հանկարծ, որ հայկական ապրանքների արտահանման դինամիկան կանգ առավ, այն էլ՝ դեպի Ռուսաստան, որ հիրավի անտակ սպառման շուկա է հայկական արտադրանքի համար: Պարզ է, չէ՞, որ եթե Ռուսաստանում ապրող բոլոր ազգերն էլ բոյկոտեին հայկական ապրանքները, ապա այդ երկրի հայ համայնքը (գրեթե նույնքան մարդ, որ ապրում է Հայաստանում) կսպառեր ամեն ինչ, որ բերվել էր Հայաստանից:

Հայաստանի ոչ այնքան տեղեկացված քաղաքացիներին հաջողությամբ համոզում են, որ արտահանման տեմպերի կանգը մեծապես պայմանավորված է Վերին Լարսում ստեպ-ստեպ առաջացող խնդիրներով` մե՛կ ճանապարհն է քանդվում, մե՛կ քաղաքական անհամաձայնություններ են ի հայտ գալիս եւ այլն: Իհարկե, դա լուրջ պատճառ է, բայց ոչ բավարար, որ ամեն ինչ բարդես Լարսի վրա: Հայ գործարարներին չի կարելի մեղադրել անգործության մեջ: Եղել են դեպքեր, երբ նրանք այնպիսի ձեռնահասություն են ցուցաբերել, որ հայկական ավտոշարասյուները, մրգով բեռնված, Ռուսաստան են հասել Ուկրաինայով` «զարմացնելով» ՌԴ մաքսային ծառայություններին: Եվ, ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ դժվարանում է ՌԴ-ում հայկական արտադրանքի իրացման գործը, որն իր հերթին ազդում է արտահանման տեմպերի եւ ծավալների վրա:

Մեր աղբյուրների հավաստմամբ` Ռուսաստանի հետ մեր առեւտրատնտեսական հարաբերություններում տեղապտույտն սկսվել է 2017թ. գարնանից, երբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը, ով մինչ այդ 20 տարի ապրել է Ռուսաստանում` ոչ մի կապ չունենալով հայկական իրականության հետ: Մինչդեռ մեր զրուցակիցները նշում են, որ նրա նախորդները, որպես կանոն, Հայաստանում բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդիկ էին: Չխորանալով Տողանյանի «արտառոց նշանակման» մանրամասների մեջ` հիշեցնենք միայն, որ անգամ ՀՀ ԱԺ ամբիոնից ելույթներ են հնչել, որտեղ տարակուսանք են հայտնել Հայաստանի հետ կապ չունեցող մարդուն մեզ համար այդ կարեւորագույն երկրում դեսպան նշանակելու կապակցությամբ: Եվ մոսկվաբնակ որոշ հայ գործարարներ հաստատում են ՀՀ ԱԺ պատգամավորների տարակուսանքը. 

- Հարցազրույցներից, որ այդ մարդը սիրում է տալ ռուսական ԶԼՄ-ներին, կարելի է եզրակացնել, որ նա հավասարապես հեռու է ինչպես պետական ծառայությունից, այնպես էլ բիզնեսից: Տպավորություն է ստեղծվում, որ նրա ողջ գործունեությունը երեք հիմնական նպատակ է հետապնդում` խոսակցություններ տարածել այն մասին, որ Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում Ռուսաստանի համար, ՀՀ իշխանությունների մեջ միֆեր ստեղծել, թե ինքը հատուկ հարաբերություններ ունի ՌԴ պաշտոնական շրջանակների եւ Ռուսաստանի հայկական էլիտայի հետ, ինչպես նաեւ դեսպանատան հնարավորություններն առավելագույնս ծառայեցնել սեփական նպատակներին` ծանոթություններ «պետքական» մարդկանց հետ, ՀՀ-ին չվերաբերող հարցերի լոբբինգ եւ այլն:

Ռուսաստանյան հայ գործարարներին ամենից շատ հուզում է Տողանյանի անհասկանալի վերաբերմունքը ինչպես հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին ընդհանրապես, այնպես էլ ՌԴ եւ Մոսկվայի իշխանությունների հետ նախընթաց աշխատանքների արդյունքում հայկական բիզնեսի համար ստեղծված նախընտրելի հնարավորություններին: Տողանյանին են, օրինակ, վերագրում ԱՊՀ տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչության լիկվիդացումը, որը բավականին արդյունավետ էր ներկայացնում մեր շահերն այդ կառույցում եւ կարող էր նույն հաջողությամբ աշխատել նաեւ ԵԱՏՄ կառույցների հետ: Տողանյանը դա բացատրել է ՀՀ բյուջեի միջոցների սղությամբ, մինչդեռ այդ ընթացքում պայքարել ու հասել է դեսպանության եւս մեկ խորհրդականի հաստիքի ավելացման` պետբյուջեն ծանրաբեռնելով տարեկան 80-100 հազար դոլարով:

«Հրապարակը» մի առիթով արդեն անդրադարձել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Արմենիա» տաղավարի շուրջ բարձրացած աղմուկին, որի կենտրոնում դարձյալ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանն է: Այս ուղղությամբ կրքերը տակավին չեն հանդարտվել: Ձախավեր դիվանագետը լծվել է Մոսկվայի իշխանությունների սեփականություն հանդիսացող տաղավարը ՀՀ դեսպանատան սեփականությունը դարձնելու իր սեւեռուն նպատակի իրագործմանը` ի հեճուկս ՌԴ օրենքների եւ հայ-ռուսական միջկառավարական համաձայնությունների: Ընդ որում, ինչպես նշում են մեր զրուցակիցները, Տողանյանը չի վարանում նույնիսկ հայկական կողմին ամեն առիթով ռուսների առաջ նսեմացնելուց, ինչի մասին հայկական շրջանակների հետ իրենց հանդիպումներում քանիցս խոստովանել են ВДНХ-ի ռուս ղեկավարները:

- Չենք հասկանում` ի՞նչ է ուզածը, երբ հստակ է, որ միջկառավարական համաձայնագրով մեր դեսպանատանը ի պաշտոնե չկան եւ չեն կարող լինել ցուցադրությամբ եւ առեւտրի կազմակերպմամբ զբաղվող մասնագետներ: Գուցե Տողանյանը ցանկանում է «բռնագրավել» տաղավարի շենքը, որպեսզի շենքի պահպանության եւ գործունեության համար կատարվող հսկայական ծախսերն արվեն Հայաստանի՞ միջոցներով: Իսկ գուցե նա ցանկանում է լիկվիդացնել Հայաստանից ապրանքների արտահանմանը նպաստող եւս մեկ կառո՞ւյց,- ասում են մեր զրուցակիցներն ու հավատացնում, որ Տողանյանը, հանդես գալով ՀՀ իշխանությունների անունից, իր այդ քայլերով առաջին հերթին լուրջ վնաս է հասցնում Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հեղինակությանը Ռուսաստանում:

Տողանյանը «մեծ ներդրում» ունի նաեւ Մոսկվայի աշխույժ հատվածներում գործող, այսպես կոչված, հայկական տոնավաճառների փակման գործում: Մեզ պատմեցին, որ 2014 թվականից Մոսկվայի կառավարությունը ՌԴ տարբեր ռեգիոնների տնտեսվարողների համար տոնավաճառներ էր կազմակերպում քաղաքի տարբեր հատվածներում: Այդ տոնավաճառները լավ հարթակ էին հայաստանյան ապրանքների ցուցադրության ու գովազդի համար եւ միեւնույն ժամանակ թույլ էին տալիս մեծ ծավալներով իրացնել դրանք: Հայ գործարար շրջանակների մեծ ջանքերի շնորհիվ նմանատիպ տոնավաճառներ են բացվել նաեւ հատուկ հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար, սակայն 2017թ. հոկտեմբերին այդ տոնավաճառների կազմակերպումը, Տողանյանի պնդմամբ եւ կարգադրությամբ, հանձնարարվել է նրա մտերիմ մի գործարարի, որն անհասկանալի պատճառներով առեւտրային կետերը հանձնել է ոչ հայկական ապրանքների վաճառքով զբաղվող գործարարների: Արդյունքում` Մոսկվայի համապատասխան կառույցներն անմիջապես փակել են հայկական տոնավաճառները` համապատասխան լուսանկարներով ու գրությամբ բացատրելով իրենց քայլը: Տողանյանը փորձել է դիմադրել եւ, ի վերջո, դեսպանի ունեցած ողջ գործիքակազմը «գործադրել» հայկական տոնավաճառների նախկին կազմակերպչի նկատմամբ` նրան հրավիրելով դեսպանատուն եւ սպառնալով, որ եթե չդադարեցնի իր գործունեությունը, նրան կհանձնի Հայաստանի ոստիկանությանը:

- Տողանյանի «հաջողությունն» ակնհայտ է: Մինչ օրս չենք կարողանում վերականգնել հայկական տոնավաճառները,- ափսոսանքով նշում է զրուցակիցներիցս մեկը եւ Տողանյանին վերագրում նաեւ այն նախաձեռնությունը, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում այդպես էլ չերեւաց Հայաստանի տնտեսական գրավչությունը, չնայած որ դրա համար այնտեղ կային հիանալի հնարավորություններ: Ըստ նրա` Տողանյանը, առհասարակ, մի տեսակ հակակրանք ունի այն ամենի հանդեպ, ինչ կարող է օգտակար լինել Հայաստանին: Այս տարվա մայիսի վերջին ВДНХ-ում նոր ծրագիր էր մեկնարկել, որի նպատակը Հայաստանի մարզերի տնտեսական ներուժի ցուցադրելն ու հայկական ապրանքների շնորհանդեսներ կազմակերպելն էր: Պիլոտային ծրագրի շրջանակներում առաջինը կազմակերպվել է Տավուշի մարզի շնորհանդեսը, որի կապակցությամբ Մոսկվա է ժամանել մեծ պատվիրակություն` Տավուշի մարզպետի գլխավորությամբ: Այդ մասին պատշաճ կերպով տեղեկացված է եղել նաեւ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը, սակայն ՀՀ դեսպանը ցուցադրաբար անտեսել է միջոցառումը եւ հրաժարվել է մասնակցել ու որեւէ կերպ աջակցել ձեռնարկին:

Մեր տեղեկություններով` Տողանյանը, սակայն, շատ հետեւողական է սեփական PR-ի հարցերում: Նա բավականին հաջողությամբ է գլուխ բերել ՀՀ դեսպանատան շենքի թանկարժեք վերանորոգումը: Այն այժմ «հանդիպումների սրահի» եւ ժամանցային վայրի տպավորություն է թողնում եւ լիարժեք ծառայում դեսպանին ու նրա ընտանիքի անդամներին: Նա ի չարս է գործադրում նաեւ Վիեննայի կոնվենցիան, որով օտարերկրյա ներկայացուցչությունները տվյալ երկրում ազատվում են հարկերից: Օգտվելով այդ հանգամանքից` ամենահաս Տողանյանը, «Արտ բար» անվամբ սրճարան է բացել դեսպանատանը, որի մուտքն ազատ է փողոցի կողմից:
- Նրա արկածներն այսքանով չեն ավարտվում: Ռուսական տարբեր մարզային ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում Տողանյանը քանիցս հայտարարել է ՌԴ մարզերում հայկական ապրանքների վերաբաշխման լոգիստիկ կենտրոններ կառուցելու իր մտադրության մասին` չմտածելով, որ դա առաջին հերթին նշանակում է հայկական ապրանքների ինքնարժեքի բարձրացում: Հայ արտահանողներն ու ռուս ներմուծողները տարակուսանքի մեջ են,- ասում է մեր զրուցակիցը:


Մեզ թվում է` ժամանակն է պարզություն մտցնել այս հարցում, մանավանդ որ այլեւս հնարավոր չէ թաքցնել, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանն առնվազն զբաղված է ոչ այն գործով, որի համար նշանակվել է: Չենք կարծում, որ առեւտրային խառը գործերով հայ-ռուսական հարաբերություններն «ավելի լավացնելու» տեղ ունենք այսօր: Մյուս կողմից էլ` հայտնի ճշմարտություն է, որ առեւտուրն ու առեւտրատնտեսական հարաբերությունները լավ են զարգանում ավանդական, ժամանակի քննությունը բռնած կայուն իրավիճակներում, ինչը չես ասի Ռուսաստանում ստեղծած իրավիճակների մասին, որոնք ոչ միայն խարխլում են առեւտրատնտեսական հարաբերությունները, այլեւ սպառնում առանց աշխատանքի թողնել բազմաթիվ հայ ընտանիքների: