Ջերմուկը՝ առանց մշակույթի

 Ջերմուկը՝ առանց մշակույթի

Առաջին հայացքից թվում է՝ Ջերմուկը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից է: Այդպիսի տպավորություն է առաջանում, որովհետեւ մարդիկ իրենց բնակավայրը ստեղծել են իրոք Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Իսկ երբ շրջում ես քաղաքում, փորձում համեմատել մարդու եւ բնության ստեղծածը, համոզվում ես, որ մարդը ստեղծել է ինչ-որ նկատառումներից ելնելով: Ստեղծել ու չի պահպանել, ավելին՝ ինչ-որ տեղ էլ ավերել ու շարունակում է ավերել իր, ինչ-որ տեղ՝ նաեւ բնության ստեղծածը: Սակայն բնությունը շարունակում է քաղաքին գեղեցիկ տեսք հաղորդել: Մինչդեռ մարդը շարունակում է մնալ անտարբեր:

Մինչեւ Արփա գետին տարածվող կամուրջ հասնելը, քաղաքի մուտքը զարդարում է Իսրայել Օրու արձանը: Արձանի շրջապատի ասֆալտը կարծես անհիշելի ժամանակներից չի վերանորոգվել, իսկ չորուցամաք շրջապատն ուղիղ համեմատական է մեր հայրենասիրության դրսեւորման մակարդակին: Թվում է, թե ուր որ է արձանը կտապալվի, որովհետեւ պատվանդանի սալիկները վաղուց պոկվել, ընկել են գետնին: Զարմանալի է, որ այստեղով անցուդարձ անող 14 տարվա քաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ աշխատակից չեն նկատել այն: Հնարավոր չէ նկատած չլինեն, սակայն գուցե Իսրայել Օրու ճակատագիրն է այդպիսին, շարունակում է աղերսել, այս անգամ՝ Ջերմուկի քաղաքապետին:

Հայդուկների պուրակը հիմնվել է երջանկահիշատակ քաղաքապետ Ֆերդինանդ Ղազարյանի աշխատած տարիներին: Մեր ազատամարտի փառահեղ հերոսների հսկա կիսանդրիները կողք կողքի տեղադրված են քաղաքի բարձրադիր վայրերից մեկում. Անդրանիկ, Գեւորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ… եւ անտառածածկ մի հսկա շերտ՝ չորացած հսկա ծառերով: Իսկ Ջերմուկում ջրի խնդիր չկա: Գուցե պատճառաբանեն, թե տարիքն առած ծառեր են, սակայն կարծում ենք՝ այդ դեպքում դրանք կարելի էր թարմացնել, եւ այսօր այդ պատկերին ականատես չէինք լինի:

Քիչ ներքեւում քաղաքի երբեմնի մշակույթի տան ավերակներն են՝ անկախությունից հետո ձեռքից ձեռք ընկած: Երբեմն այս կառույցը զարդարել է քաղաքը՝ իր եզակի գեղեցկությամբ, մշակութային բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներով հագեցած: Թալանել, քանդել, ավերել են ներսում ամեն ինչ, անցել են դրսի պատերին: Կառույցի երկրորդ հարկի միջանցքի պատերին տեղադրված են հայ մշակույթի գործիչների կիսանդրիները՝ Հովհ. Թումանյան, Արամ Խաչատրյան, Հրաչյա Ներսիսյան․ շուրջ երկու տասնյակ եւ էլի ուրիշ հայեր։ Պղծել են դրանք՝ մեկի քիթը չկա, մյուսի՝ աչքը, մեկի՝ ականջը եւ այդպես շարունակ: Իսկ, ահա, շենքի դիմաց մի հսկա կաղնի է ընկել ու գարնանից դեռ կենդանի է: Մի՞թե հնարավոր չէ այն բարձրացնել․ կարծում ենք՝ մի վերամբարձ կռունկի փող կունենա քաղաքապետարանը, եւ ծառը գուցե նորից շարունակի ապրել: Հիմա էլ ուշ չէ: Իսկ քաղաքի շրջակայքում նման ծառեր շատ կան:

Անբարեկարգ են կենտրոնական փողոցները, մայթեզրերի թափված սալիկները: Իսկ կենտրոնականից դուրս ընկած փողոցներն աննկարագրելի թշվառ են, ցեխածածկ, ամայի: Եվ այդ ամայի փողոցներից մեկում, ստույգ՝ Շահումյանում, կառուցվում է յոթ հարկանի մի հյուրանոց, որը ոչ միայն ստվերում, առհասարակ՝ նսեմացնում է շրջակայքի սեփական առանձնատները: Բնակիչները քաղաքապետարան դիմում-բողոք են ուղարկել եւ մի լղոզված, սոցիալիստական տարիների բառուբանով գրված պատասխան ստացել: Իբր՝ նախկին կաթսայատունը, որն աղտոտում էր շրջակա միջավայրը, բարեբախտաբար, չի գործում՝ փողոցի գազիֆիկացման արդյունքում, ու այն հատկացվել է մի մասնավոր ներդրողի: Քաղաքաշինական բոլոր չափանիշների կոպիտ խախտումներով կառուցվող այս շենքի՝ քաղաքապետարանին ուղղված նամակի 6 կետից բաղկացած պատասխանից առանձնացնենք վերջինը․ «Վերջում՝ բարիդրացիական խորհրդի կարգով հուշում եմ, որ եթե ձեր սպառնալիքները՝ հանրապետության նախագահին ու վարչապետին դիմելու մասով, արդյունք չտան, նրանք էլ այս ամենի մեջ ձեր օրինական շահերի, քաղաքացիական ու մարդկային իրավունքների խախտումներ չտեսնեն, կարող եք դիմել դատական համակարգին, մարդու իրավունքների պաշտպանին եւ, վերջապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»: Այս խորհրդի հեղինակը Վարդան Հովհաննիսյանն է՝ Ջերմուկի քաղաքապետը, թեեւ ստորագրության տակ պաշտոնը չի նշվել:

Ինչ խոսք, գուցե քաղաքապետը նման տոնով պատասխանելու իրավունքը վաստակել է իր տասնչորսամյա անպտուղ աշխատանքով, իսկ թե ինչպես են աշխատել՝ բացահայտվում է հիմա եւ դեռ կշարունակի բացահայտվել:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ