Աճեմյանցիների ամերիկյան տպավորությունները

Աճեմյանցիների ամերիկյան տպավորությունները

Այսօր, Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուրախաղերին, ինչպես նաև թատրոնի առաջիկա ծրագրերին և անելիքներին։

Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանը, 18 օր տևած շրջագայության ընթացքում Գյումրու դրամատիկական թատրոնը Լոս Անջելոսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում խաղացել է թվով 4 ներկայացում, նախատեսված 2-ի փոխարեն։

 «Հունվարի 25-ից փետրվարի 11-ը Լոս Անջելոսի Global Arts և Levon Travel ընկերության հրավերով, մեր խումբը «Հարսանիք թիկունքում» հյուրախաղային ներկայացումով հանդես եկավ Լոս ԱՆջելոսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում։ Հյուրախաղային 4 ներկայացումներից մեկը համարվեց հատուկ նշանակության, քանի որ ներկայացման հանդիսատեսներն էին Լոս Անջելոսի հայկական վարժարանների սաները, և շուրջ 800 սփյուռքահայ պատանիներ մեծ ուշադրությամբ և ոգևորությամբ դիտեցին ներկայացումը։

Ապրիլյան քառօրյայի մասին պատմող ներկայացման հանդիսատեսների շարքերում էին նաև Լոս Անջելոսի ՀՀ գլխավոր հյուպատոս՝ Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանը, գյումրեցի նկարիչ և քանդակագործ՝ Էմիլ Գազազը, ապրիլյան քառօրյայի հերոս՝ Արման Ավետիսյանը, գյումրեցի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև արվեստի ու մշակույթի գործիչներ։ Ոգևորությամբ պետք է նշեմ, որ Գյումրու դրամատիկականի այս հյուրախաղերը գնահատվեցին որպես նշանակալի քայլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում» - նշեց Լ․Հարությունյանը։

  ՀՀ վաստակավոր արտիստ՝ Սուսաննա Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ Գյումրու թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը նշանակալի երևույթ էին տեղի հայ համայնքի մշակութային կյանքում, որտեղ նրանք արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի։
«Պետք է ասեմ, որ մենք մեկնեցինք մի երկիր, որտեղ հայերը ամենաշատն են։ Չգիտես ինչու, ես մտածում էի, որ այնտեղ ապրող հայերը իրենց կարոտի զգացողությունն արդեն կորցրած կլինեն, բայց ի զարմանս մեզ չգտնվեց մի գյումրեցի, որն իր անմնացորդ սերն ու կարոտը չարտահայտեր մեր ստեղծագործական խմբին։ Լոս Անջելոսում մենք հանդիպեցինք նաև մեր գյումրեցի սիրելի դերասաններին, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ ապրում են Միացյալ նահանգներում» - նշեց Ս․ Բաղդասարյանը։

Հյուրախաղային տպավորություններով կիսվեցին նաև ՀՀ վաստ․ արտիստ՝ Տիգրան Գաբոյանը, դերասանուհի՝ Նառա Սանթոյանը, ինչպես նաև թատրոնի մենեջեր՝ Նվարդ Ղազարյանը։
Լ․Հարությունյանը ներկայացրեց նաև թատրոնի առաջիկա ծրագրերն ու անելիքները․ «Ինչպես գիտեք, այս տարի լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, և թատրոնն այդ առիթով պատանի հանդիսատեսի համար կներկայացնի «Տերն ու ծառան», «Հե՜յ, ջան, Շաշաստան» և «Փանոսի արկածները», որը համարվում է նոր բեմադրություն։ Առաջիկայում նաև Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ կունենանք ևս մի առաջնախաղ, որը Ս․Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսի մասին է»