2-րդ փուլ է անցել 5 գիրք

2-րդ փուլ է անցել 5 գիրք

Այս տարի ՀՀ նախագահի մրցանակի համար գրականության ոլորտում աննախադեպ մեծ թվով հայտեր են ընդունվել։ Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի նախագահ գրականագետ Ազատ Եղիազարյանից, այս անգամ արդյունքներն ամփոփվելու են ոչ թե մայիս ամսին, այլ հունիսին, ինչը, ըստ նրա, պայմանավորված է միայն ու միայն կազմակերպչական հարցերով։ 

Ընդհանուր 33 գործ է ներկայացվել, բայց 2-րդ փուլ է անցել 5 գործ, թեպետ Եղիազարյանը չասաց, թե որ գործերն են անցել 2-րդ փուլ, բայց, մեր տեղեկություններով, դրանց մեջ են Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը, Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» պատմվածքների ժողովածուն։ Եղիազարյանը միայն վստահեցրեց, որ այս տարի հանձնաժողովի որոշումը կլինի եթե ոչ անվիճելի, ապա գոնե քիչ հարձակումների ենթակա․ «Ես հիմա չեմ կարող ասել անուններ, մինչեւ դրանց հրապարակումը»։  

Նա հատուկ ընդգծեց, որ այս տարի թե՛ թարգմանության, թե՛ արձակի ու պոեզիայի ժանրերում եղել են բավականին լավ գործեր, հանձնաժողովը դիմել է կազմակերպիչներին՝ Համահայկական հիմնադրամին, որպեսզի թարգմանության համար հատուկ մրցանակ սահմանվի։

«Հրաշալի գործեր էին ներկայացված այս տարի, բոլորս ուզում էինք խրախուսել այդ գործերը, բայց կա ընդամենը մեկ մրցանակ, եւ դա պետք է ստանա գրողը, ոչ թե թարգմանիչը։ Ուզում եմ բոլորն իմանան, որ մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ, եւ չեմ բացառում, որ հաջորդ տարի կունենանք 2-րդ անվանակարգ՝ նախատեսված գեղարվեստական թարգմանության համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը։     

Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակը շնորհվում է ամեն տարի` լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների համար, որպես մրցանակ՝ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: