Ֆրանսիացիների շքեղ նվերը ՀՀ գիտությանը և տնտեսությանը

Ֆրանսիացիների շքեղ նվերը ՀՀ գիտությանը և տնտեսությանը

Մեր գիտնականների մեծ մասն անկախության տարիներին ստիպված եղավ փնտրել ապրուստի միջոցների հայթայթման նոր ձեւեր: Նրանց շուրջ 2/3-ը, հատկապես գերատեսչական գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցները, ստիպված էին մի կողմ դնել իրենց գիտելիքներն ու կարողությունները եւ գտնել այլ զբաղմունք: Մնացածը շարունակեցին կրծել գիտության գրանիտը՝ մատնելով իրենց չքավորության: Եթե պետական աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ, ՀՀ ԳԱԱ համակարգում այդ ցուցանիշը 100 հազար է: Մինչդեռ աշխարհի զարգացած երկրներում, ինչպես նաեւ՝ ԽՍՀՄ-ում, հակառակ պատկերն էր: Երեւի թե գիտության բնագավառում իրենց գործունեությունը շարունակող այդ նվիրյալների մեծ մասը նույնպես ստիպված կլիներ համալրել առեւտրականների, մատուցողների, սեւագործ բանվորների, տաքսի վարողների եւ բարձր որակավորման կարիք չունեցող այլ աշխատողների շարքերը, եթե չլինեին աշխարհի զարգացած երկրների նրանց գործընկերները: ԳԱԱ գիտնականների եկամուտների շուրջ 33-40 տոկոսը ստացվում է արտասահմանյան դրամաշնորհների տեսքով: Այն հիմնականում գալիս է Արեւմուտքից, քանի որ մեր դաշնակից Ռուսաստանն ընդունել է օրենք, ըստ որի՝ արգելվում է ֆինանսավորել այլ երկրներում աշխատող գիտնականներին: 

Գիտության նվիրյալներին, սակայն, իրենց գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ են լաբորատոր եւ այլ սարքավորումներ ու նյութեր: Արտասահմանցի գրանտատուները դա հասկանում են եւ հայաստանցի իրենց գործընկերներին են փոխանցում կա՛մ համապատասխան ֆինանսական միջոցներ, կա՛մ էլ արդեն իսկ մի թեթեւ օգտագործված, բայց դեռ պիտանի, իսկ Հայաստանի համար նաեւ շքեղություն հանդիսացող իրենց սարքավորումները: Քիչ թե շատ զարգացած երկրների նորմալ գործունեության համար 21-րդ դարում անհրաժեշտ են հզոր հաշվողական միջոցներ՝ ահռելի քանակությամբ հաշվումներ իրականացնող սուպերհամակարգիչներ:

Վերջին 15-20 տարում որեւիցե երկրի զարգացածության աստիճանը որոշվում է հենց այդպիսի կոմպյուտերների առկայությամբ, եւ ընթանում է լուռ մրցակցություն, թե որ երկիրը քանի այդպիսի համակարգիչ ունի, եւ ումն է ամենահզորը: 15 տարի առաջ Հայաստանի 60-ից ավելի գիտական եւ այլ կազմակերպությունների համակարգիչներն օպտիկամալուխային գծերով միացվեցին իրար, եւ ստեղծվեց Արմկլաստեր հաշվողական համակարգը: Այնուհետեւ, այդ հենքի վրա ստեղծվեց հայկական գրիդը: Այն կառավարվում էր ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) կողմից: Այսօր, սակայն, այդ հզորությունը չի բավարարում: Չունենալով սուպերհամակարգիչ՝ մենք շատ ենք հետ ընկել նույնիսկ ԱՊՀ տարածքում: 

Սուպերհամակարգիչն անհրաժեշտ է ոչ միայն գիտական խնդիրների լուծման համար, ասենք՝ հայկական գենոմի ուսումնասիրության կամ էլ արհեստական բանականության ստեղծման համար, այլ նաեւ՝ տնտեսության: Այսօր անհնար է առանց սուպերհամակարգչի ճշգրիտ կանխատեսել բնական աղետները, կլիմայի փոփոխությունը, էֆեկտիվ լուծել շրջակա միջավայրի պահպանման, հանցագործությունների բացահայտման, մեծ տվյալների պահպանման հարցերը: Լուծել Երեւանի փողոցների խցանումների հարցը, գյուղատնտեսական խնդիրները, գտնել հիվանդությունների բուժման նոր մեթոդներ: Ավելին, աշխարհում գոյություն ունեն ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման լավ մոդելներ, մինչդեռ այդ հարցերը Հայաստանում գնահատվում են աչքաչափով: Անհրաժեշտ է, որ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումը եւ ըստ այդմ էլ հանձնարարականների մշակումը կատարվեն գիտական հիմնավորմամբ: Ընդ որում, այլ երկրների սուպերհամակարգիչներից օգտվելը միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ գոյություն ունի տվյալների պահպանման, անվտանգության խնդիր: Հայկական սուպերհամակարգչի օգնությամբ հնարավոր կլինի լուծել ոչ միայն հայաստանյան խնդիրները, այլեւ ստանալ պատվերներ տարածաշրջանային երկրներից: 

ԳԱԱ ղեկավարության եւ տնտեսության շահագրգիռ ճյուղերի ներկայացուցիչների դիմում-խնդրանքները կառավարությանը՝ ֆինանսավորել հայկական սուպերհամակարգչի ստեղծման ծրագիրը, մնում էին անպատասխան: Ինչպես հաճախ է պատահում՝ օգնության հասավ արտասահմանը՝ Ֆրանսիան: Թուլուզ քաղաքի 3 համալսարանների գիտնականները, որոնց հետ արդեն 15 տարի համագործակցում են ԻԱՊԻ գիտնականները եւ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, տեսնելով մեր գիտնականների ապարդյուն ջանքերը, որոշեցին նվիրել իրենց սուպերհամակարգիչը ֆրանկոֆոն երկիր դարձած Հայաստանին: Անցյալ աշնանը տեղի ունեցած ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շենքում՝ դեսպան Ջոնաթան Լաքոտի անմիջական մասնակցությամբ, ստորագրվեց համաձայնագիր՝ այդ նվիրատվության մասին: Այսօր արդեն համաձայնագիրը միս եւ արյուն է ստացել. Երեւանի ինժեներական ավանում կբացվի բարձր արտադրողականությամբ հաշվարկների կենտրոն, որտեղ կտեղադրվի սուպերհամակարգիչը:

Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեի վկայությամբ, ավելի քան 10 մլն եվրո արժողություն ունեցող այդ սարքն օգտագործվել է ընդամենը 4-5 տարի: Ակադեմիկոս Շուքուրյանն էլ վստահեցնում է, որ շահագործման սկզբում այն իր վարկանիշով 164-րդն էր աշխարհի սուպերհամակարգիչների վարկանիշային ցուցակում:
Գիտնականները վստահեցնում են, որ մինչեւ տարեվերջ սուպերհամակարգիչը տեղադրված կլինի:
Մնում է, որ պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվի այդ սարքի գործունեությունը, որը ծախսում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա: 


Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ