Հեղափոխությունն արել եք, որ Նիկոլ Փաշինյանը փոխարինի Հովիկ Աբրահամյանին, իսկ ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի՞ն

Հեղափոխությունն արել եք, որ Նիկոլ Փաշինյանը փոխարինի Հովիկ Աբրահամյանին, իսկ ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի՞ն

Ինչպե՞ս կարող է այդքան հակասություն լինել մեկ մարդու եւ մեկ ուժի խոսքերում ու պահվածքում։ 
Երբ իրենց հարմար է՝ ասում են․ հեղափոխությունը մենք չենք արել, ժողովուրդ ջան, դուք եք արել։ Այդ դուք եք, որ հավատացել եք ձեր ուժին, ելել փողոց, կանգնել մեր կողքին եւ միասին ենք վռնդել նախկին իշխանություններին։ Հետո ասում են՝ իշխանափոխությունից հետո է սկսվել հեղափոխությունը եւ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, հեղափոխությունը ձեր գլուխներում եւ այլլն։ 

Բայց երբ մարդիկ սկսում են հեղափոխությանը «տեր» կանգնել՝ պահանջներ ներկայացնել, քննադատել, մասնակից դառնալ երկրի կառավարմանը, հանդիպում են մեծ դիմադրության։ Այդ ժամանակ պարզվում է, որ հեղափոխությունը մի քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագրի եւ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի բացառիկ սեփականությունն է։ 
Երեկ Ազգային ժողովում ընթացող կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  հատկապես ընդգծվեց այս հակասությունը։ Պարզվեց, որ իշխող մեծամասնությունը եւ նրա կազմած կառավարությունը կարծում են, որ իրենք եկել են մեզ բոլորիս փրկելու, իսկ ժողովուրդն ու ընդդիմությունը դիմադրում են՝ ծույլ են, դժգոհ են, համարձակվում են քննադատել իրենց եւ այլն։ Եւ սկսվեց երեսով տալու գործընթացը՝ մեր հեղափոխության շնորհիվ եք 18 հոգով հայտնվել խորհրդարանում (խոսքը «Լուսավոր Հայաստանի» մասին է)։ Հետո՝ ժամանակին չեք աջակցել մեզ՝ չեք քայլել մեզ հետ, չեք պաշտպանել մեր պայքարը, հիմա եկել վայելում եք այդ հեղափոխության պտուղները եւ հեղափոխությունն արածներիս էլ «հավան չեք»։ Դուք չէի՞ք, որ կողմ էիք քվեարկում Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին եւ այլն, եւ այլն։

Բայց եթե հեղափոխությունը մի հրաշքով նպաստել է, որ դուք հայտնվեք իշխանական աթոռներին՝ կառավարության անդամ, վարչապետ ու պատգամավոր դառնաք, ապա նույն հեղափոխությունը կարող էր նաեւ նպաստել, որ մի 18 հոգի՝ ձեր համար անցանկալի անձինք հայտնվեին խորհրդարանում։ Եթե հայտարարում եք, որ հեղափոխությունն արել եք, որ երկրում իրավիճակ փոխվի, մոնոպոլիաները վերանան, հավասար մրցակցություն լինի եւ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքն ու չվախենան, որ «ոհմակով կհարձակվեն իրենց վրա», ապա այդ հեղափոխության շնորհիվ կարող են նաեւ այլ ուժեր ազատագրվել նախկին կապանքներից՝ քննադատել, ազատորեն քվեարկել ու դեմ լինել նաեւ իրենց ու իրենց բերած ծրագրին։ Ո՞րն է խնդիրը։ 

Իսկ եթե հեղափոխությունն արել են, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնի Հովիկ Աբրահամյանի տեղը, Քաղպայմանագիրը՝ ՀՀԿ-ի, ընդդիմությունն էլ հազիվ 5 մանդատ ունենա եւ վախենա կարծիք արտահայտելուց, կնշանակի՝ մեզանում հեղափոխություն չի եղել։ Համենայն դեպս, կնշանակի, որ հանրության մեծամասնության համար ոչինչ չի փոխվել։

Էդգար Ավետիսյան