Քաղաքական անեկդոտը լուրջ ազդակ է

Քաղաքական անեկդոտը լուրջ ազդակ է

Գյումրին ապաքաղաքական քաղաք է, միշտ էլ այդպիսին է եղել, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ուրիշ կուսակցություններ, ո՛չ էլ ՔՊ-ն այստեղ արմատ չեն գցել ու չեն գցի: 
Գյումրին ի՛ր ճշմարտությունն ունի, եւ բուն քաղաքը իր գնահատականներն իշխանավորներին շատ հաճախ տալիս է անեկդոտի ժանրի օգնությամբ, որոնց մեջ չասված ու չգրված ճշմարտություններ կան: 

ՀՀԿ-ի օգտին Կարեն Կարապետյանի նախընտրական արշավի ժամանակ. 
Երկու գյումրեցի ընկերներ «Բոշի սադ»-ի մոտ տեսնում են Կարեն Կարապետյանի մեծադիր նկարը, որտեղ վերջինիս հագին հայտնի ժիլետն է, եւ երազուն հայացքով նայում է դեպի հյուսիս. 

- Ծօ՛, կըռնա՞ս ըսես՝ վարչապետն ի՞նչ կենե:

- Ժիլետի թեւը ման գուգա, ի՞նչ կենե:

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցից հետո:

- Ծօ՛, Պուտինը Հայաստան թազա վարչապետ է նշանագե:

- Չէ հա, ըբը Նիգօ՞լը:

- Քեզի բան կըսեմ: Անունն էլ՝ Николай Духов:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելուց հետո.

- Ծօ՛, կըռնա՞ս ըսես, հըմի՞ ինչ պատճառ գըդան:

- Կըսեն․ ստուգեցին՝ հայերենն ու անգլերենը լավ չէր սօրվե, ըսին՝ գնա երկու ամիս էլ նստի, լաաա՜վ պարաբի: 

-  Ծօ՛, ըբը օր Նիգօլին մե հատըմ էլ բռնեն, ի՞նչ լիզու բդի սորվի:

- Պարսկերեն:

«Հայկական ժամանակ» թերթի փետրվարի ութի համարի առաջին էջում Ռոբերտ Քոչարյանի ծամածռված դեմքը տեսնելուց հետո.

- Ծօ՛, էս վերջերս ի՞նչըղ օր մենակ «Հայկական ժամանակ» կառնիս:

- Իիի՜, Նիգօլի կնգա թերթն է, ըբը ի՞նչ էնեմ:

- Ըբը էսօր ընչի՞ չառար:

- Ծօ՛, Քոչարյանի նգարից վախեցա:

- Քոչարյանն էլ Տիգրան Ավինյանի նգարից է վախեցել, ըդոր համար էլ դեմքը ըդպես աղավաղվել է:

- Թարգե՛, Տիկոն լավ էլ սիրուն տղա է:

- Ծօ՛, սիրո՞ւն է՝ կըսես: Սադանեն էլ է սիրուն:

Ծաղկաքաղը` Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ 

Գյումրի

ՀԳ․ Հարգարժան պարոնայք, «Հրապարակ» օրաթերթը փետրվարի 12-ին հրապարակել է «Ո՞վ է իրականում Անդրանիկ Քոչարյանը» հոդվածը, որի հեղինակը ես եմ: Քաջ ճանաչելով սույն անձին, տեղյակ լինելով նրա անկանխատեսելի բնույթին՝ հայտարարում եմ, որ ցանկացած պատահական կամ ոչ պատահական ոտնձգություն հարազատներիս եւ իմ նկատմամբ կարող է կազմակերպվել միայն Անդրանիկ Քոչարյանի կողմից: 

Խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունն ընդունել որպես կանխարգելիչ հայտարարություն:

ՀՀ քաղաքացի՝ Հասմիկ Մելքոնյան