Ես կարիք չունեմ արդարանալու․ Քոչարյանի պաշտպան

Ես կարիք չունեմ արդարանալու․ Քոչարյանի պաշտպան

Փաստաբանների պալատը երեկ ակումբի նիստ գումարեց, որտեղ քննարկվեցին մի շարք աղմկոտ գործերով փաստաբանների նկատմամբ վերջին շրջանում իրականացրած գործողությունների դեպքերը։  Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի գործերով պարբերաբար ցույցեր են կազմակերպվում, նույնիսկ կոտրել էին Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի մեքենան, թքել մեքենային։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ զրուցեցինք փաստաբանների նկատմամբ ճնշումների վերաբերյալ՝ նրան հարցնելով, թե ի՞նչ ճնշումներ են եղել իրենց նկատմամաբ, և, իր գնահատմամբ, ինչպե՞ս են դրանք ազդել դատական պրոցեսի ընթացքի վրա․

«2 կոմպոնենտ կա, որոնց մասին մենք անընդհատ բարձրաձայնել ենք մի քանի անգամ․ մեկը վերաբերում է հենց փաստաբանների վրա ճնշումներին, կամ վիրավորանքի, կամ մեղադրանքների տարափին, մյուսը, որը շատ ավելի զգայուն և ցավոտ թեմա է, դատավորների նկատմամբ ճնշումներին։ Այսինքն՝ մենք դիտարկում ենք փաստաբանի վրա ճնշումը՝ որպես ուղղորդված կամ միջնորդավորված ճնշում դատարանի նկատմամբ, իսկ դա արդեն հնարավորություն ունի ունենալ բավականին մեծ բացասական ազդեցություն։ Այս պահին օբյեկտիվորեն գնահատել, թե ինչ աստիճանի ազդեցություն է ունեցել կամ չի ունեցել հանրային ճնշումը դատարանի վրա, շատ բարդ է, բայց  այն փաստը, որ օբյեկտիվորեն կարելի է հանգիստ եզրակացնել, որ կա հավանականություն և բարձր հավանականություն, որ նման ճնշումներ տեղի ունեցել են, կարծում եմ՝ նույնպես փաստ է։

Հետևաբար, եթե կան ռիսկեր, որ եղել են նման ճնշումներ, ապա պետք է պետությունը ձեռնարկի գործողություններ՝ ապահովելու դատարանների անկախությունը։ Տարբեր երկրներում լինում են միտինգներ, ցույցեր, դատական ինչ-որ հարցի վերաբերյալ հանրային կարծիքի դրսևորումներ, բայց այս բոլոր դեպքերում պետությունը որոշակի գործառույթ ունի՝ ապահովելու դատարանի ներքին անկախությունը, որ դատավորը և փաստաբանները որևէ կերպ կաշկանդված չզգան իրենց։
 Մենք, ցավոք սրտի, արդեն տեսանք դեպք, երբ ոստիկանների ներկայությամբ քաշքշուկ է տեղի ունեցել փաստաբանի և, պայմանական ասած, ցուցարարների միջև, ընդ որում՝ կարևոր չէ, թե պատճառը որն է։ Շատ ցավալի է, որ ընդհանրապես ոստիկանի ներկայությամբ 2 անձի միջև կարող է քաշքշուկ լինել՝ անկախ այն բանից, թե այդ անձինք ովքեր են։ Այստեղ մենք խնդիր ունենք պետական համակարգի աշխատանքի, պետական մարմինների նկատմամբ վստահության, պետական մարմինների նկատմամբ համապատասխան հարգանքի։ Այս գործընթացները պետք է որաշակիորեն կարգավորվեն, հույս ունենք, որ կարճ ժամանակ հետո կկարգավորվեն։ 

Ընդունենք, որ սա անցումային փուլ էր, բայց միևնույն ժամանակ անցումային փուլը չի կարող լինել շատ երկար։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ դատարանի նկատմամբ այս ճնշումները խնդիր չլինեն՝ փաստաբանների նկատմամբ՝ իր հերթին, դատարանների նկատմամբ՝ իր հերթին։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաբաններին, ապա  Հայկ Ալումյանը ներկայացրել է հաղորդում, մենք նույնպես որպես տուժող ներկայացրել ենք այն նյութերը, ինչ-որ կա։ Այս պահին չունեմ տեղեկատվություն ընթացքի մասին, ենթադրում եմ, որ ինչ-որ ընթացք կա, բայց քանի դեռ մեր գործով որևէ ծանուցում չենք ստացել,  կսպասենք, տեսնենք՝ ինչպես է ընթանում։ Ամենասկզբում, երբ Մանվել Գրիգորյանի գործով մի հոգի սպառնացել էր, գտել էին, զղջացել էր, բայց, կարծես թե, նորից շարունակվեց։ Հիմա պետք է հասկանալ, որ ամեն դեպքում պետությունը պետք է հանրային ինչ-որ գործընթաց սկսի։ Խոսքը չի գնում մարդկանց լռեցնելու, սպառնալու, մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին, բայց պետությունը պետք է միևնույն ժամանակ շատ հստակ իր դիրքորոշումը ցույց տա, որ նման մոտեցումները անընդունելի են՝ անկախ նրանից, թե ինչքանով են դուր գալիս կամ դուր չեն գալիս դատական պրոցեսները»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Օրբելյանը։  

- Հասարակական ակտիվություն, թերևս, դրսևորվում է Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերի մասով։ Ձեր գնահատմամբ՝ այդ ցույցերը ուղղորդվա՞ծ են, թե՞ ինքնաբուխ են։ Վերլուծություններ արե՞լ եք։

- Քոչարյանի գործով, որքան էլ որ տարօրինակ հնչի, ցույցերը, որպես այդպիսին, այդքան շատ չեն՝ համեմատած Մանվել Գրիգորյանի գործով ցույցերին, բայց Քոչարյանի գործով կա ցավալի մեկ այլ մոտեցում, որ պետության տարբեր ներկայացուցիչներ են խաթարել պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, դա է հիմք ծառայել Եվրոդատարան դիմումներից մեկի համար։ Այդ ծավալի ցույցեր, ինչպես կա Մանվել Գրիգորյանի գործով, չեն եղել, բայց  ցույցերից մեկի ժամանակ   ցուցարարներից մեկը ասաց, որ եթե Քոչարյանին բաց թողնեն, իր նկատմամբ էլ են նույնը անելու։ Կարող է տառացի սխալ ցիտեմ, բայց ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ կա արդեն գործընթաց։ Կարևոր է, որ ոչ միայն փաստաբանների պալատը հավաքվի և քննարկի, թե ինչ պետք է անել, այլ պետությունը նույնպես ձեռնարկի որոշակի գործողություններ։ 

- Ինչպիսի՞ն պետք է լինեն պետության գործողությունները։

- Ես իմ անձնական կարծիքը ասեմ․ առնվազն ես տեսնում եմ, որ պարբերաբար, եթե այսպես շարունակվի, պետք է արդարադատության նախարարի, եթե պետք լինի, փոխվարչապետի, եթե պետք լինի, վարչապետի, ԱԺ խոսնակի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի  մակարդակով պետք է հստակ դիրքորոշում հայտնվի, որ սա անընդունելի է։ Դա առնվազն է, որ ասում եմ։ Եթե կլինեն կազմակերպիչներ, ես հիմա դա չեմ կարող պնդել, ապա պետք է գնահատվի այդ կազմակերպիչների գործողությունները, դրանց մոտիվները, և թե արդյոք կա՞ն իրավախախտումներ, և պետությունը այդ մասով ձեռնարկի գործողություններ։ Իսկ եթե ինքնաբուխ են, ապա պետք է հասկանալ այդ ինքնաբուխության կարևորությունը, իմաստը, և թե որտեղից է ծագել։ 
Կարևոր է, որ պետությունը չսերմանի բացասական վերաբերմունք, եթե դատարանի որոշումը որևէ մեկին դուր չի գալիս, կամ հանրությանը դուր չի գալիս, կամ մեծ մասին դուր չի գալիս, իշխանություններին կամ ընդդիմությանը դուր չի գալիս։ Մասնավոր անձինք կարող են դժգոհություն հայտնել, բայց պետությունը պետք է իր գործողություններով ապահովի դատական համակարգի որոշումների նկատմամբ համապատասխան հարգանք՝ անկախ որակից։ Իսկ եթե որակի խնդիր կա, ապա պետք է քայլ առ քայլ այդ որակի լավացման ուղղությամբ աշխատենք։

- Փաստաբանների պալատի նախագահը ասաց, որ խնդիրն այն է, որ պաշտպաններին ասոցացնում են իրենց պաշտպանյալների հետ։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեզ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացնո՞ւմ են։

- Կա ընդհանուր մոտեցում, որ բոլոր պաշտպաններին ինչ-որ ձևով ասոցացնում են պաշտպանյալների հետ։ Ես զուտ փաստաբանի մասով չեմ գտնում նպատակահարմար, որ ամեն փաստաբան իր գործով նման դիրքորոշում հայտնի, որովհետև պարբերաբար տպավորություն կարող է ստեղծվել, որ ամեն փաստաբան ասի՝ դե իմ վստահորդը լավ մարդ չի, ինձ մի ասոցացրեք իր հետ։ Ես նման բան չեմ պնդում, չեմ էլ պնդում, որ լավ մարդ է, ես ասում եմ, որ պետք չէ նման բան պնդել, բայց դա ճիշտ է, երբ որ ասում է 3-րդ անձը։ Դա «Հավանայի» սկզբունքներից մեկն է, և ես մեր պաշտպանական խմբին խնդրել եմ, որ չկրկնենք, որ ուղղակի չստացվի, որ, որպես այդպիսին, արդարանում ենք։ Փաստաբանը իրականացնում է իր գործունեությունը և արդարանալու որևէ խնդիր չկա, այնպես ինչպես կարիք չունի արդարանալու բժիշկը, ոստիկանը, հրշեջը։ Բոլորը պետք է կատարեն իրենց մասնագիտական գործունեությունը, և բոլորի՝ իրենց մասնագիտությունը ճիշտ կատարելու դեպքում պետությունը կունենա տնտեսական, սոցիալական, մարդկային ռեսուրսների աճ։ Հակառակ դեպքում, երբ մենք փորձենք տարբեր մարդկանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, մենք երբեք աճ, զարգացում չենք ունենա։