Կոմիտասն ու վարչապետը, Տավուշի պառավն ու մոլլան․․․

Կոմիտասն ու վարչապետը, Տավուշի պառավն ու մոլլան․․․

Իմ նախորդ հոդվածում գրել էի` եթե Մշակույթի նախարարությունը, իր գործառույթը թողած, պարապսարապությամբ շարունակելու է կատարել Սոցապնախարարության դերը, ապա այն կարելի է միացնել Սոցապնախարարությանը (ողջ նախարարությունը թոշակավորելու համար), իսկ եթե ի զորու չէ ժողովրդին փրկելու «մշակութային» ճահճից, այլ շարունակելու է «կուլտմասսավիկության» անցողիկ միջոցառումները, ապա թող միանա Կրթության նախարարությանը: 

Եվ ահա այսօր միանում է Կրթության նախարարությանը: Սա նշանակում է, որ այդպես էլ ցանկություն չեղավ վերացնելու թերությունները եւ մշակելու ծրագրեր: Ինչ տարբերություն կա միացնել-չմիացնելու միջեւ, եթե չկա նպատակ, բովանդակություն ու ծրագիր (1920-ականների բոլշեւիկյան Հայաստանի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանը ծրագրեր ուներ եւ իր շուրջն էր բոլորել Չարենցին, Թամանյանին, Սարյանին, Հրաչյա Աճառյանին): Հովհաննես Թումանյանը գրում է. «Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ:

...Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ խաղում: Իսկ դերասան կնշանակի-բեղերը վեր արած մարդ... Ձեւն ու ձեւապաշտությունը ամեն տեղ, եւ վայ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի եւ երեւույթների ներքին իմաստը եւ մանավանդ նրանց ամբողջությունը»: Եթե ծրագիր լինի եւ այն իրագործելու ցանկություն ու միջոց, ապա գործը կարելի է «բունկերում» կամ գոմում էլ անել եւ անել խիստ գաղտնի, ճիշտ` հզոր ռազմական հաստատությունների գործելաոճով, քանի որ մշակույթը հավասարազոր է բանակին եւ ազգային անվտանգությանը: Եթե կորցնես հոգեւոր-մշակութային հայրենիքը, կկորցնես նաեւ ֆիզիկական հայրենիքը:

Այսօր մեր ժողովուրդը հիմնականում թաղված է «մշակութային» մի ճահճի մեջ, որտեղ նեխելու փոխարեն ծաղկում են «արեւելյան կլկլոցն» ու ռաբիսը, ժարգոնն ու «լուծողական» ընդունած էստրադան: Մեր երեխաների հոգին թունավորել են, եւ այս մեծ ու մարմանդ համազգային աղետի «գրկում» ծիծաղելի է նախ եւ առաջ քննարկել մոտ 1000 հանդիսատեսի (նույն մարդկանց) համար «գործող» օպերային թատրոնի հարցերը: Եթե Թուրքիան մեկ միլիարդ դոլար ծախսեր, նման հաջողության չէր հասնի:

Հեռուստատեսություն, ժամանցի վայր, արվեստի վաստակավոր գործիչ, փողատեր, վաճառակետ, հասարակական տրանսպորտ եւ այլն, ամենքը եւ ամեն բան լծվել է այդ ճահճի տարածմանը: Էհե՜յ, միացնել միացնել է` Մշակույթի նախարարությունը միացրեք Տրանսպորտի նախարարությանը, քանի որ տրանսպորտում մեր ժողովուրդն ավելի է առնչվում «մշակույթին»` կլկլոցի միջոցով, քան  կրթվում է մշակութային օջախներում, եւ, փաստորեն, երթուղայինի վարորդն ու տաքսու վարորդն ավելի մեծ «մշակութային» ազդեցություն ունեն հասարակության վրա: Եվ դեռ Մշակույթի նախարարությունը զբաղվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային արժեք հաստատելով: Տանը` աղբի մեջ, դրսում` մաքուր. Եվրոպայում համերգ տանք, պատմամշակութային ցուցահանդես անենք (մեր հաշվին), որ մեզ «ցույց տանք». տանը չլողացած եւ հոտած ներքնաշորով, բայց դրսում արտաքուստ լավ հագուկապով զարմացնենք օտարին: Կոմիտասն ասում էր` դուք ձեր տանը մեջ երգեք. օտարն ականջ ունի` կլսի, աչք ունի` կտեսնի:
Մեծարգո պարոն վարչապետ, նախեւառաջ երախտապարտ ենք Ձեզ եւ մեր նոր սերնդին` ստրկությունից մեր ժողովրդին ազատագրելու համար:

Ուստի չենք բողոքում, այլ հորդորում ենք (ըստ Օսիպյանի) անել նաեւ մշակութային հեղափոխություն: Դրա ձեւը կա, պատրաստ ենք օգնելու, միայն թե Դուք (աղաչանք-պաղատանք) մի կապեք մեր գլխին անտեղյակ ու անճար մարդկանց: Վերոնշյալ ցավոտ խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակում. օրինակ` «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի միջոցով (տնօրենին հեռացնելուց հետո, այսինքն` Արմեն Սմբատյանի «կոնտրոլից» ազատագրելուց հետո, ինչպես ազատագրվեց Կոնսերվատորիան) կարելի է իրագործել Կոմիտասի ծրագիրը` ժողովրդին վերադարձնել  իր իսկ տեսակը: Բայց, հարգարժան վարչապետ, ես գիտեմ, որ «ինչ-որ տեղ», «Ձեր հոգու խորքում», ցավոք, համարյա թե, նրբորեն` Դուք էլ դեմ չեք «կլկլոցին»: Ձեր գրքում գրում եք, թե` «որքա՜ն ընդհանուր բան կա մոլլայի կանչի եւ Արտիստի ֆլամենկոյի ելեւէջների միջեւ», եւ որ այս նույն ելեւէջներով եւ «այսպես Տավուշի հեռավոր գյուղերում տարիքով կանայք են ողբում իրենց ջահել բալեքի կամ սիրասուն ամուսինների դիակների վրա», ապա շարունակում եք. «Ու եթե Հայաստանում մոլլաների կանչից մնացել է կանանց` լսողության ոչ այնքան հաճելի, երբեմն նույնիսկ գռեհիկ ողբը, Իսպանիայում ստեղծվել է մշակույթ... Եվ այս իմաստով ծիծաղելի են դառնում նրանք, ովքեր Հայաստանում փրփրած բերաններով «պայքարում» են «մշակութային օտար ազդեցությունների դեմ»: Ինչքան շատ ենք մենք դրա դեմ պայքարում, այնքան ավելի շատ ենք կորցնում մեր մշակույթը, մեր ինքնությունը»  («Երկրի հակառակ կողմը», էջ 58-59): 

Բա եղա՞վ, պարոն վարչապետ: Աղաչանք-պաղատանք, մատաղ, էս մի քարը փեշիցդ թափիր: Կոմիտասը հենց էդ լացուկոծը մի կողմ դրեց, իսկ թե` ողբ, ապա Տավուշի պառավի մոլլայակերպ լացուկոծի փոխարեն տվեց հայեցի ողբի օրինակը (Ակնա ողբը, Ապարանի «Ա՜խ, ա՜խ» մահերգը, «Վարդեւանն ելավ» ողբը եւ այլն), զուսպ եւ խոր, մեր ճշմարիտ տեսակի նման: Անհիշելի ժամանակներից մեզ ավանդված մեր բնիկ երաժշտական ծովը չմտած, մեր երեխաներին իրենց արյան կանչը, իրենց օրինական ժառանգությունը չվերադարձրած` մոլլայի «ազանից» մեզ համար ֆլամենկո շինելու կարիքը հաստատ չունենք: Բայց եթե ազդվելու ցանկություն կա, ապա ավելի լավ է մոլլայի փոխարեն Բախից ազդվենք:

Ի դեպ, այս մոլլայի թեզի հեղինակային իրավունքը Ձերը չէ, այլ 19-րդ դարավերջի պալսահայ տիրացուներինն է, ովքեր պատարագը երգում էին մոլլայակերպ կլկլոցներով, եւ որոնց դեմ հենց «փրփրած բերանով» պայքարում էր Կոմիտասը (շատ թունդ հոդված ունի այս մասին): Իսկ մեր էպոսը հայտնաբերած Գարեգին Սրվանձտյանցը գրում էր, որ մոլլան մտնում էր հայկական եկեղեցի, հնչեցնում «մոլլայի կանչը» («ազանը») եւ ասում, որ այս կանչով եկեղեցին դարձավ մզկիթ, եւ հայերը թող դուրս ելնեն: Հիմա, պարոն վարչապետ, մեր ողջ սուրբ Հայրենիքում համատարած հնչում է այդ «ազանը» եւ մեզ դուրս հրավիրում մեր հոգեւոր-մշակութային հայրենիքից, ինչին, այսպես շարունակվելու դեպքում, կհետեւի ֆիզիկական վտարումը: Այնպես որ, ո՛չ Տավուշի պառավի ու «ազանի» միացումից, ո՛չ էլ նախարարությունների միանալ-չմիանալուց մշակույթ չի գոյանա, քանի որ չկա ծրագիր:

Արթուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ