Ինչու՞ աղմկել

Ինչու՞ աղմկել

Արցախի գործող եւ երկրորդ նախագահները երաշխավորություն են ներկայացրել դատարան, որ խափանման միջոցի փոփոխության դեպքում Ռոբերտ Քոչարյանը պարտաճանաչ կմասնակցի դատավարական գործողություններին: Դատարանը պահանջել է, որ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ներկայանան եւ վերահաստատեն իրենց երաշխավորությունը: Գործնականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու հարցով ավելի վաղ հանդես էին եկել Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ: Եւ հարցի շուրջ հայրենական մամուլում տեղեկատվա-քարոզչական աղմուկը պարզապես անհասկանալի է:

Մանավանդ այն կտրվածքով, որ դա «միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Արցախում հակահեղափոխություն է խմորվում, վարչապետ Փաշինյանը պետք է անցնի վճռական քայլերի» եւ այլն: Մինչդեռ հարցը պետք է դիտարկվի զուտ իրավական հարթությունում` Արցախի գործող եւ երկրորդ նախագահներն ունե՞ն Հայաստանի դատարանին Ռոբերտ Քոչարյանի հարցով երաշխավորություն ներկայացնելու իրավունք: Եթե` ոչ, ապա ինչու՞ դատարանն այդ մասին ոչինչ չի ասել, այլ պահանջել է, որ նրանք ներկայանան եւ ինչպես օրենքն է պահանջում` վերահաստատեն երաշխավորությունը:

Կներկայանա՞ն դատարան Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը: Դա արդեն նրանց որոշելիքն է: Եթե չներկայանան, հարցը դուրս կգա քննարկումից, թեման կփակվի: Իսկ եթե ներկայանան, վերահաստատեն իրենց երաշխավորությունը, ապա դատարանը պարտավորված կլինի քննել հարցը եւ կայացնել որոշում: Ինչպիսի՞ն կլինի այն` դատարանի իրավասության տիրույթում է: Մեղադրող կողմն, իհարկե, կպնդի, որ ազատության մեջ գտնվելով` Քոչարյանը կարող է ազդել դատաքննության վրա: Պաշտպանները եւ երաշխավորողները կբերեն իրենց փաստարկներն ու հիմնավորումները, եւ դատարանին կմնա լուծել զուտ իրավական հարց: Ի՞նչ կապ ունի դա Արցախ-Հայաստան հարաբերությունների, հեղափոխության եւ հակահեղափոխության հետ: Եթե Արցախի նախագահը համարում է, որ կարելի է փոխել Քոչարյանի խափանման միջոցը, ուրեմն հակադրվում է վարչապետ Փաշինյանի՞ն:

Բազմաթիվ իրենց քաղաքագետ համարողներ հատկապես այս կտրվածքով են ներկայացնում խնդիրը: Բայց նրանք չեն հասկանում, որ Փաշինյանին արջի ծառայություն են մատուցում: Քանի որ ստացվում է, որ Փաշինյանի ցանկությամբ է, որ Քոչարյանը կալանավորված է եւ հակառակ ցանկացած տեսակետ հակափաշինյանական եւ, բնականաբար, հակահեղափոխական է: Այդ մարդիկ ակամայից քաղաքականացնում են խնդիրը: Բայց չէ՞ որ հեղափոխություն արվել է նաեւ նրա համար, որպեսզի հաստատվի օրենքի գերակայություն: Ուրեմն թող օրենքն էլ տա նախագահներ Սահակյանի եւ Ղուկասյանի երաշխավորության գնահատականը: Թող դատարանը որոշի` կարելի՞ է փոխել Քոչարյանի խափանման միջոցը: Դրանից Հայաստան-Արցախ հարաբերությունները չպետք է տուժեն: