Գևորգ Գյոզալյանը կողմ է դատավորների վեթինգի բովանդակությանը, ոչ՝ ձևին

Գևորգ Գյոզալյանը կողմ է դատավորների վեթինգի բովանդակությանը, ոչ՝ ձևին

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների վերաբերյալ հայտարարություններին, մասնավորապես, վեթինգ անցկացնելու առաջարկին կողմ է։ Այսինքն՝ ասվածի բովանդակությանը կողմ է, ձևին` ոչ։

«Առաջին մասը՝ դատարանների արելափալակումը մտահոգիչ է ու սխալ, չի կարելի նման ձևով հարցեր լուծել, այսինքն՝ մարդկանց հավաքել ու դատարանների մուտքերը փակել », -«Հրապարակի»-ին ասաց Գևորգ Գյոզալյանը, ով, սակայն, կողմ է վարչապետի հայեցակարգային մոտեցմանը դատարանների հարցում։ Ասաց, որ դա այն է, ինչը ինքը և մի քանի այլ փաստբաններ բազմիցս ասել են, և դեռ մի բան էլ ուշացած է։  Բայց  Գյոզալյանը պնդում է, որ լինի հայեցակարգային մոտեցում, ոչ թե հանկարծ այնպես լինի, որ Աժ-ն վեթինգ անելով՝ դատավորներին բոլորին տուն ուղարկի։ Այս դեպքում կլինի խայտառակություն։

«Եթե վեթինգ ասելով՝ հասկանում ենք ինչ-որ նախագիծ, որի շնորհիվ կգան դատական իշխանությունը՝ հանձին ԲԴԽ-ի կքննի բոլոր էդ գործերը, դա նորմալ եմ համարում, բայց եթե ԱԺ-ն դնի որոշի, որ  դատավորը պետք է աշխատի, որը՝ ոչ, սա խայտակություն է։ Ոնց կարող է ԱԺ-ն որոշի իրեն հավասարազոր մեկ այլ մարմինը։ Սա ըստ էության նշանակում է՝ գլխատել դատական համակարգը։ Կամ, որ ԱԺ-ն կփոխարինի նաև դատականին»,-ասում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Նման սյուրռեալիստական իրավիճակն, ըստ նրա՝ կնշանակի, որ Ազգային ժողովը նաև դատարան է։ Ավելին՝ ներկա իրողությունների պարագայում, երբ ԱԺ-ում իշխող ուժը բացարձակ մեծամասնություն լինելով՝ չունի հակակշռող ուժ, գործադիրն էլ  նույն տրամաբանության շարունակությունն է, ապա այս երկու մարմնին կարող է հակակշռել միայն դատական իշխանությունը։

«Բայց այն դատական իշխանությունը, որ մենք ունենք, ցավոք սրտի, և տարիներ շարունակ մենք նախկին իշխանություններին ասում էինք, որ սա պրոբլեմ է,  սա արդյունքն է նրա, ինչ հիմա ունենք»,-շարունակեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին հրավիրված ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բացի հայտարարությունից, որ դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում, ավելացրեց․«Դատական համակարգի ժողովրդական վստահությանն արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը»։  Իսկ Փաշինյանն ասաց «վիրահատական միջամտություններ» իրականացնելու  ձևերը պետք է ներառեն մի շարք քայլեր, որոնց արդյունքում՝ մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին: 

Հիշեցնենք, որ Փաշինյանի հիշատակած վիահատական մյուս մեթոդներն են, այն որ՝
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: 
Բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:

Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ-ի համար:

 ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:

Գևորգ Գյոզալյանը աբսուրդ է համարում ՄԻԵԴ-ում  պարտված լինելու «չափանիշը»։
Բացի այդ, նա հարցնում է՝ ընդհանուր իրավասության դատարա՞նն է հրաժարական տալու, Վերաքննինչն ու Վճռաբեկը։

«Այլ հարց է, եթե քննվի ու պարզվի, որ այդ ամբողջի մեջ սուբյեկտիվ գործոն է եղել։ Օրինակ՝ հայտնի Մ-ի վճիռը ակնհայտ սուբյեկտիվ գործոն էր (Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ), երբ Բյուզանդի բնակիչներին հաշտություն էր պարտադրում հօգուտ կառավարության։ Սա հիմք կարող է լինել, բայց վերցնել բոլոր պարտված գործերն ու ասել, որ էդ չափանիշով դատավորներ ազատեն, խորապես դեմ եմ»։

Ինչ վերաբերում է այն դատավորներին, որոնք վճիռներ են կայացրել  գերակա շահի զոհ դարձած քաղաքացիների հարցով, ապա այստեղ Գյոզալյանը կողմ է, ասում է, որ այս գործերը պետք է լրջագույն ուսումնասիրության ենթարկվեն, քանի որ միանգամայն համամիտ է գործընկեր Վահե Գրիգորյանի հետ, ով ասում է, որ սա Հայաստանի արյունահոսող վերքն է։

Ըստ Գյոզալյանի ակնհայտ է, որ այն ժամանակ դատական և գործադիր իշխանությունների միջև կոնսենսուս կար ընդդեմ քաղաքացիների։ 

Փաստաբան Գյոզալյանն ասում է, պետք է լուծվի նաև այլ խնդիր, այդ գերակա շահի զոհ դարձած քաղաքացիներին տրվի արդարացի փոխհատուցում։