Չկան օլիգարխներ, կոռուպցիայի դեմ պայքար է ծավալվել․ քաղաքագետ

Չկան օլիգարխներ, կոռուպցիայի դեմ պայքար է ծավալվել․ քաղաքագետ

Ավելի քան երկու տասնամյակ ընտրության հնարավորությունից զրկված մեր հասարակությունն անցյալ տարվա ապրիլին կարողացավ խաղաղ անհնազանդության միջոցով հասնել իշխանափոխության։ Իսկ դեկտեմբերին էլ ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորվեց նոր խորհրդարան, որտեղ մեծամասնություն է կազմում թավշյա հեղափոխություն իրականացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը։

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել գրեթե մեկ տարվա ընթացքում քաղաքական համակարգում, դատաիրավական ոլորտում, տնտեսության մեջ, արդյո՞ք այդ հեղափոխությունը շարունակվել է մեր կյանքի մյուս ոլորտներում եւս, թե՞ դեռեւս հայտնվել ենք ակնկալիքների եւ չիրականացված խոստումների շրջապտույտում։

Քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը կարծում է, որ այն քաղաքական տեքստերը, որոնք շրջանառվում էին հեղափոխության օրերին, ելույթների ժամանակ, ձեւավորում էին ակնկալիքներ։
«Ըստ էության, երբ մենք հարցնում  ենք՝ կատարվեցի՞ն ակնկալիքները, թե՞ ոչ, պետք է հասկանանք՝ կատարվեցի՞ն տրված խոստումները, թե՞ ոչ։

«Ակնհայտ փաստ է, որ այդ խոստումների մի մասը կատարվել է։ Երկրում չկան օլիգարխներ, կոռուպցիայի դեմ մեծ պայքար է ծավալվել նախորդ ամիսներին։ Այդ առումով հանրությունը կարող է բավարարված լինել»,- նշեց Սարո Սարոյանը։

Քաղաքագետը, սակայն, հիշեցնում է, որ կան հայտարարված այլ նպատակներ, որոնք լուծման կարիք ունեն։ 

«Մենք հիշում ենք, որ հայտարարվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, բիզնես կառավարման համակարգից ձերբազատվելու մասին։ Ընտրական օրենսգիրքը դեռ չի փոխվել։ Կար նաեւ ակնկալիք, որ կձերբազատվենք սուպերվարչապետական մոդելից, սակայն դա եւս իրականացել, ինչը վկայում է քաղաքական կամքի բացակայության մասին։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար բացակայում է քաղաքական կամքը»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, ապա Սարո Սարոյանը կարծում է, որ ստեղծվել է նոր իրավիճակ, քանի որ կարիք կա ամբողջովին փոխելու համակարգի մտածողությունը։ 
Քաղաքագետի կարծիքով՝ «Դեռեւս երեսնամյա փորձով առաջնորդվող դատավորները չեն կարողանում հասկանալ, թե նոր իրավիճակում որը պետք է լինի իրենց դերը։ Ներկայիս կառավարությունը փորձում է այդ հարցը լուծել, սակայն համակարգված կերպով այն լուծելու ճանապարհը դեռ չի գտել։ Իհարկե, կարելի էր մտածել այդ հարցը խորքային ձեւով լուծելու մասին։ Ես նկատի ունեմ, որ եթե լինեին սահմանադրական փոփոխություններ, դատական իշխանության կառուցման բոլորովին այլ մոդել կլիներ, դրա միջոցով էլ կկառուցվեր արդարադատության համակարգը։ Իսկ դա կլիներ խելամիտ լուծում։ Առայժմ չի երեւում կառավարության կողմից այդ նպատակադրումը, եւ հին մարդկանցով դատական իշխանության գնացքն առաջ տանելը չի ստացվում։ Գնացքն ինքն իրենով առաջ չի շարժվում, բոլորն այն հրում են»։

Իսկ ներկա խորհրդարանն արտացոլո՞ւմ է հանրության սպասելիքները։

«Ազգային ժողովը ձեւավորվել է նախկին Ընտրական օրենսգրքով։ Կային ակնկալիքներ, որ տեղի կունենան փոփոխություններ, եւ բոլորովին այլ ԱԺ կունենայինք։ Սակայն մենք տեսանք, որ նորից կիրառվեց ռեյտինգային ընտրակարգը։ Իհարկե, այսօր չկա որեւէ մտահոգություն, որ եղել են ընտրակեղծիքներ։ Կա, սակայն, անարդարության զգացում, քանի որ ռեյտինգային համակարգը չի բավարարում հանրության սպասելիքները։ Քաղաքացիները ստիպված են իրենց ընտրությունը կատարել այս կամ այն կուսակցության միջոցով, բայց շատ լավ հասկանում են, որ իրենց շահերը, իրավունքները կուսակցությունները չեն պաշտպանում։ Գործող կուսակցությունները չեն էլ կարող ամբողջությամբ լուծել այդ խնդիրը։ Պետք էր գտնել այլ մոդել, որը չի գտնվել»,- նշեց քաղաքագետը։