ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն աշխատում է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն հանդիպելու ուղղությամբ 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն աշխատում է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն հանդիպելու ուղղությամբ 

Շաբաթ օրվանից Հայաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովի վերաբերյալ ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկատվություն չեն հաղորդում։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը «դեռ մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունենք» բառակապակցությամբ պատասխանեց հարցերին, թե տառապո՞ւմ է արդյոք ադրբեջանցին հոգեկան հիվանդությամբ և՛ հոգեբուժական փորձաքննության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Ըստ նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի՝ անձն Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, հաղորդել էր, որ Հիբրագիմովը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին, ի պատասխան հարցին, թե հանդիպե՞լ են ադրբեջանցու հետ, Hraparak.am-ին հայտնեց․ «Հանդիպման հետ կապված կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք  այդ ուղղությամբ, բայց հանդիպում դեռ չի եղել»։

Մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 27-ին, ԱՀ Գյանջայի դատարանը  հայազգի Կարեն Ղազարյանին դատապարտեց 20 տարի ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում։ Չնայած մեր իշխանությունների հավաստիացումներին, որ Բերդավան գյուղի բնակիչ Կարենը քաղաքացիական անձ է և ունի առողջական խնդիրներ, նա Ադրբեջանում ներկայացվեց որպես դիվերսանտ։ Արդյոք Հայաստանն իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը ստանալուց հետո (ադրբեջանցին քաղաքացիակա՞ն անձ է, հոգեկան հիվա՞նդ, դիվերսիա իրագործելու մտադրություն ունենալ-չունենալ և այլն) չի՞ կարող Արիֆ Օղլու Հիբրագիմովին փոխանակել Կարեն Ղազարյանի հետ։

Այս հարցն ուղղեցին պաշտպանության նախարարությանը կից գերիների և անհայտ կորածների հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանին, որն ասաց․ «Հայաստանը վերադարձը չի պայմանավորել ոչ մի բանով, բայց կարծում եմ, որ տվյալ դեպքում ճիշտ կլիներ, որ ոչ թե որպես պայման, այլ որպես պահանջ, որ արդեն դատապարտված անձինք վերադարձվեն, և եթե Ադրբեջանը գտնում է, որ դա բարի կամքի դրսևորում է, ի սեր Աստծո, դա կհուշի ադրբեջանցիներին, որ կարելի է իրականացնել անձանց վերադարձ։

Ճիշտն ասած, չգիտեմ՝ դեռ ինչ որոշում կկայացվի հանձնաժողովում, դեռ այս հարցը չենք քննարկել, բայց իմ դիրքորոշումն այն է, որ կարելի է սկսել համապատասխան գործընթաց՝ փոխադարձաբար վերադարձնելով անձանց, որոնցից մեկն արդեն Ադրբեջանում դատապարտված է։ Եվ ոչինչ չի խանգարում, հակառակը, միջազգային օրենսդրությամբ նույնիսկ խրախուսվում է, որ դատապարտված անձը վերադարձվի իր քաղաքացիության երկիր»։

Իրավապաշտպանը նաև ասում է՝ իհարկե, մենք չգիտենք, թե Հայաստանում հայտնված ադրբեջանցու պարագայում ինչ կլինի, կհաստատվի՞, որ Հայաստանում հայտնվել է պատահաբար, թե՞ ոչ, հոգեկան հիվա՞նդ է, թե՞ ոչ, բայց կարծում է, որ անկախ նրանից՝ հոգեկան հիվանդ է, թե ոչ, Հայաստանի կողմից շատ լավ քայլ կդիտարկվի, եթե ադրբեջանցին վերադարձվի իր երկիր։ «Բայց նախ մենք պետք է պարզենք։ Մենք գիտենք, որ, փաստորեն, մեզ մոտ հայտնվել է մի անձ, որը փորձել է անօրինական անցնել սահմանը։ Մենք գիտենք այսքանը։ Հիմա, որ Ադրբեջանը հայտարարել է, որ նա հոգեկան հիվանդ է և այլն, կարծում եմ, ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ դա շատ հանգիստ կպարզվի՝ նա այդպիսի՞ն է, թե՞ ոչ։ Դա Ադրբեջանում չարեցին։ Եվ երկրորդ․ հաստատելուց հետո, թե ինչ է տեղի ունեցել, անգամ, եթե տեղի ունենա դատական գործընթաց, կարծում եմ՝ ոչինչ չի խանգարում Հայաստանին, որպեսզի կա՛մ մեղադրվող, կա՛մ դատապարտված անձին վերադարձնեն Ադրբեջան»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։ 

Նա, ի դեպ, կտրականապես դեմ  է «փոխանակում» բառին և միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից ճիշտ է համարում օգտագործել «անձանց փոխադարձաբար վերադարձնել իրենց քաղաքացիության երկիր» նախադասությունը։

Պաշտպանության նախարարությանը կից գերիների և անհայտ կորածների հանձնաժողովի անդամը նշում է, որ նախորդ տարիներին Հայաստանի սահմանն ադրբեջանցիների կողմից հատելու մի քանի դեպք է եղել։ Օրինակ՝ 2012-ի նոյեմբերի 13-ին Ղազախից մեզ մոտ էր հայտնվել Ադրբեջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ջավաշիր օղլու Ալիևը։ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նրան, այդ թվում մյուս ադրբեջանցիներին, Հայաստանը չի պահել, բոլորին վերադարձրել է։