Ճարահատյալ տեղափոխվել են գյուղապետարան՝ ապրելու

Ճարահատյալ տեղափոխվել են գյուղապետարան՝ ապրելու
Ճարահատյալ տեղափոխվել են գյուղապետարան՝ ապրելու

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի երկու ընտանիք տեղափոխվել և ապրում է գյուղապետարանում: 4-րդ կարգի վթարային շենքը, որտեղ իրենցից բացի ևս 20 ընտանիք է ապրում, ամեն րոպե կարող է փուլ գալ:

22 ընտանիքի կեցության խնդրին ծանոթ են թե նախկին, թե՝ ներկա իշխանությունները: Բնակիչներն անցած հինգշաբթի նույնիսկ կառավարություն էին գնացել՝ վարչապետի հետ հանդիպելու, նրանից լուծման առաջարկ լսելու ակնկալիքով: Ապարդյուն:
Վիրավորված ու հուսալքված, լենուղցիները վերադարձել են գյուղ և առաջին քայլը որ արել են՝ հավաքել են իրերն ու տեղափոխվել գյուղապետարան:

Մկրտիչ Սահարյանը պատմում է, որ իր մանկահասակ երեխաները փլուզվող տանը վախով են ապրում: «Գիշերները, քնած տեղը վեր են թռնում, որովհետև առաստաղը մաս-մաս պոկվում-թափվում ա գլխներին: Տան մեջ ոտնաթաթերի վրա ենք քայլում, որ հատակը չփլվի, որովհետև  ճոճվում ա: Իմ համար ընտանիքիցս թանկ բան չկա: Եթե պետությունը մեր խնդրին անտարբեր ա, մեզ ուրիշ ելք չի մնում: Ստիպված ենք այս ծայրահեղ քայլին գնում; Բա հո չե՞նք նստելու՝ նայենք, թե ոնց են հարազատներս մնում փլատակների տակ»:

Լենուղու երեք բազմաբնակարաններում 29 ընտանիք էր ապրում: 2014 թվականին 7 ընտանիք կառավարությունից 6 մլն 600 հազար դրամ փոխհատուցում ստացավ ու տեղափոխվեց: Մարզի նախկին իշխանությունները մնացած 22 ընտանիքին խոստացան, որ նրանց էլ հաջորդ փուլերով կտեղափոխեն: Խոստումը մնաց օդում, բնակիչները՝ քայքայված շենքի մեջ: 

Լենուղցիների ահազանգն անարձագանք չի թողել երիտասարդ մարզպետը՝ Համբարձում Մաթևոսյանը: Եկել, տեսել, համոզվել է՝ տարհանումն օր առաջ է պետք՝ շենքում ապրելը ռիսկային է: Մաթևոսյանն առաջարկել է ժամանակավոր տեղափոխվել գյուղի բուժամբուլատորիա: Բնակիչները չեն համաձայնել: «Գլխներիս տակ փափուկ բարձ են ուզում դնեն: Նախ ամբուլատորիայում 22 ընտանիքի համար տեղ չկա. հազիվ մեկ-երկուսը տեղավորվեն, հետո էլ՝ որ տեղափոխվենք, էլ մեզ չեն հիշի, մեր գումարներն էլ չեն տա: Թող մեզ հասանելիք փողը տան, գնանք մեր անկյունը ստեղծենք»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

«Անկոչ» հյուրերի՝գրասենյակում ապրելու վճռականությունը Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանին զարմացրեց, բայց չզայրացրեց: «Թող ապրեն, ինձ չեն խանգարում»:
Մկրտիչ Սահարյանն իր բազմանդամ ընտանիքով չի պատրաստվում հեռանալ գյուղապետարանի հարմարավետ անկյունից: «Մնալու եմ անժամկետ, մինչև հարցը լուծվի»,-ասաց: Ստեղծված վիճակը անհարմարություններ է ստեղծել աշխատակազմի համար, բայց չեն նեղվում: «Մեր բնակիչներն են, պետք է օգնենք»:

Շենքի մնացած բնակիչներն էլ այլ հասցեներ են փնտրում: Բոլորի համար ընդունելի տարբերակը դպրոցն է, որտեղ էլ, առաջիկայում, հնարավոր է՝ տեղավորվեն: