2018-ի «թավշյա» մշակույթը

2018-ի «թավշյա» մշակույթը

Տարվա աղմկոտ գրքերը 

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում փետրվարի 7-ին նախատեսված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի չեղարկումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Քննարկումները շատ էին, գրքի շնորհանդեսի չեղարկումը քննարկվում էր հիմնականում գրաքննության տիրույթում, որի սլաքներն ուղղվեցին դեպի Չարենցի տուն-թանգարան եւ մշակույթի նախարարություն։ Հեղափոխությունից հետո գրախանութներում ամենապահանջված եւ ամենավաճառված գիրքը դարձավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», որը մաս-մաս տպագրվել էր դեռ 2008-ի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր։ Թավշյա հեղափոխության մասին եւս մի գիրք լույս տեսավ։ Դա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխությունն» էր, որը թարգմանվեց նաեւ անգլերեն:  
 
Մերժվածը

Դեռ 2017-ին որոշվեց, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում Հանրապետության հրապարակում պետք է տեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանը։ Այդ առիթով Երեւանի քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց, որն անցկացվեց 2 փուլով, քանի որ արժանի գործեր չկային։ Ի վերջո, հանձնաժողովը նախապատվություն տվեց Դավիթ Մինասյանի աշխատանքին, որի լուսանկարները մեծ իրարանցում առաջացրին, քանի որ հանձնախմբի անդամներն այդ լուսանկարներում չճանաչեցին այն արձանը, որի համար քվեարկել էին։ Ավելին՝ հանձնաժողովի անդամները բարձրաձայնեցին, որ մրցույթն արդար չի անցել, եւ այլ տարբերակ է հաստատվել։ Ի պատասխան դրան՝ հեղինակն ասաց, որ եթե չլիներ ներկայիս վարչապետի հավանությունը, հաստատ արձանը չէր տեղադրվի։ Պարզվեց՝ մշակույթի նախարարությունը համաձայնություն չի տվել արձանի տեղադրման համար, իսկ քաղաքաշինության կոմիտեն էլ առաջարկեց դադարեցնել տեղադրման շինարարական աշխատանքները, բայցեւայնպես, արձանը տեղադրվեց, ու կարծես աղմուկը դրանով էլ ավարտվեց։  

2018-ի կորուստները 

Փետրվարի 28-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը։ Ապրիլին երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ նաեւ քանդակագործ, հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանը։ Հոկտեմբերին չքավորության եւ միայնության մեջ մահկանացուն կնքեց արձակագիր, Գուրգեն Մահարու կին Անտոնինա Մահարին։ Ստամբուլում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Աշխարհը Հայաստանի հետ հավասար սգաց նաեւ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստը։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի հաշմանդամների պալատում, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ հետ։ Հայաստանից նույնպես պատվիրակություն էր մեկնել Փարիզ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունն իր բովանդակությամբ բարձր մշակույթի դրսեւորում էր՝  կազմակերպված զուսպ, համեստ եւ քաղաքակիրթ, որն ուղեկցվեց «Դլե յամանի» եւ դուդուկի հնչյունների ներքո։ Ու եթե Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց հիմնականում Ազնավուր հայի մասին, Մակրոնը խոսեց Ազնավուր պոետի եւ մարդու մասին՝ իր խոսքում նկատելով․ «Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»։   

Նարեկացին՝ Վենետիկում եվ Երեվանում 

Տարեսկզբին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում օծեց Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Երեւանցին։ Օծման արարողությանը Հայաստանից ներկա էին Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Բրոնզե արձանը պատրաստվել էր Չեխիայի ձուլարաններից մեկում։ Այդուհանդերձ, արձանի հակաէսթետիկան շատ քննարկվեց ու չընդունվեց։ Արդեն տարեվերջին պարզ դարձավ, որ Երեւանում քաղաքի կենտրոնում՝ Սբ Աննա եկեղեցուն կից տարածքում կունենանք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկին նվիրված քանդակ․ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել քանդակագործ Սահակ Պողոսյանի աշխատանքը, որը, ի տարբերություն Երեւանցու քանդակի, դրական արձագանք գտավ։   

Անծանոթուհին 

Մայիսի 2-ին մշակույթի նախարարության շենքի դիմաց մի քանի տասնյակ մշակույթի գործիչներ՝ երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, ուսանողներ, պահանջում էին նախարար Արմեն Ամիրյանից՝ միանալ համաժողովրդական շարժմանը: Ժամեր անց դրան հաջորդեց նախարար Ամիրյանի հրաժարականը։ Նոր կառավարության նոր նշանակումներից ամենաուշագրավը, թերեւս, մշակույթի նախարարի նշանակումն էր։ Այդ պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նշանակվեց Լիլիթ Մակունցը, ում մասին տեղեկատվությունն այնքան սակավ էր, որ «գուգլելու» բոլոր փորձերը սկզբում անարդյունք էին։ Այն աստիճան, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա դեմքը պատկերեցին Կրամսկոյի հայտնի «Անծանոթուհին» կտավի հերոսուհու կերպարում։ Ինտրիգը Լիլիթ Մակունցի շուրջն ավելի սրվեց, երբ նա իր նշանակման մասին գրառում արեց ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Մշակույթը ես եմ», ինչն ավելի շատ աշխատեց իր դեմ։    

Սարյանի գործերի սեփականատերը  

2018-ին ԱԱԾ-ի շնորհիվ պարզվեց, որ դեռեւս 2013-ին Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը: Այս իրողությանը ծանոթ չէին Սարյանի ժառանգները, ավելին՝ նրա տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը որոշ ժամանակ անց խոսեց խնդրի մեկ այլ կողմի մասին, թե ով է հովանավորում Սարյանի կտավների կեղծարարությունը միջազգային աճուրդներում։     

Ընտրություններ ու նշանակումներ 

Դեկտեմբերին թավշյա հեղափոխությունը մտավ նաեւ Նկարիչների միություն, որի անդամները 20 տարի անց ըմբոստացան եւ որոշեցին փոխել միության կառավարման ղեկը՝ այն հանձնելով երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանին, ով խոստացավ նոր փուլ սկսել միության կյանքում։ Ի տարբերություն նկարիչների, Գրողների միության համագումարում միակ թեկնածուն Էդվարդ Միլիտոնյանն էր, ում միության անդամներն ընտրեցին բաց քվեարկությամբ։ Գուցե քվեարկության պատկերն այլ լիներ, եթե համագումարը տեղի ունենար հեղափոխությունից հետո։  
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը քննարկվեց գրեթե ողջ տարի։ Հանգուցալուծումն անսպասելի էր շատերի համար․ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը որոշում կայացրեց թատրոնի գեղղեկավար նշանակել ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին։ Տարեվերջին ոտքի կանգնեց նաեւ Համազգային թատրոնը, որը գործադուլի միջոցով 10 օր շարունակ պահանջեց թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Ճնշման արդյունքում, ի վերջո, Չալդրանյանը հրաժարական տվեց, իսկ նախարարությունը որոշեց 6-ամսյա ժամկետով թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանին, մինչեւ կհայտարարվի մրցույթ։ 

Երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նշանակումը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում միանշանակ չընդունվեց հանրության շրջանում․ եթե ակտիվ մի զանգված «բռավո»-ներով ընդունեց այդ լուրը, ապա մի հատված էլ այս նշանակումը որակեց որպես նորանշանակ քաղաքապետի առաջին սխալ։ Շատերի կարծիքով՝ Մեսչյանն այս պաշտոնում արդեն ձախողվել էր, երբ 96-97թթ․ կարճ ժամանակով նշանակվեց Երեւանի գլխավոր ճարտարապետ, ապա, տարաձայնությունների պատճառով, թողեց-հեռացավ Բոստոն։

Տապալված «Գայանեն»

Այս տարի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում, ու մինչ հայաստանյան մամուլն «ուռա»-ներով էր արձագանքում այդ հյուրախաղերին, ռուսական մամուլում այն խիստ քննադատության ենթարկվեց, մասնավորապես՝ «Կոմերսանտը» քննադատել էր «Գայանեի» թե՛ լիբրետոն, թե՛ խորեոգրաֆիան, որը, ըստ թերթի, 70-ականների հնացած խորեոգրաֆիա է եւ այլեւս ակտուալ չէ։ Ավելին՝ հեղինակն իր հոդվածում կանխատեսել էր, թե սրանք գուցե Երեւանի օպերային թատրոնի առաջին եւ վերջին հյուրախաղերն էին Մեծ թատրոնի բեմում։ Տարվա 2-րդ կեսին օպերային թատրոնը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում բանավոր զգուշացում էր հղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Քանի որ ոչ մի ապացույց չներկայացվեց նախարարի կողմից, այն ընկալվեց որպես նվազագույնը նախընտրական PR քայլ Մակունցի կողմից։  

Հուշարձանները՝ հանրային գերակա շահ 

Չնայած քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնապես հայտարարեց, որ քանի դեռ ինքը Երեւանի գլխավոր ճարտարապետն է, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու, այդուհանդերձ, տարեվերջին կառավարությունը որոշեց Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքները հանրային գերակա շահ ճանաչել՝ այդպիսով հարվածի տակ դնելով այդ հատվածում գտնվող մի շարք հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների պահպանության հարցը։  

Մշակույթ՝ առանց մշակույթի նախարարության 

Տարեվերջին «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսվեց մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները կառուցվածքային փոփոխությունների ենթարկել, մասնավորապես՝ մշակույթի նախարարությունը միավորվելու է եւ դառնա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Այս հանգամանքը վերջին շաբաթներին ալեկոծեց մշակութային եւ ոչ միայն մշակութային շրջանակները։ Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլի միջոցով իրենց բողոքն արտահայտեցին սույն նախագծի դեմ՝ նամակով դիմելով վարչապետին՝ վերանայել նախագիծը եւ դնել հանրային լայն քննարկման։ Մտավորականների մի լայն շրջանակ էլ հորդորում էր մշակույթը չնույնացնել համանուն նախարարության հետ եւ ազատվել ուռճացված հաստիքներից։ Կընդունվի նախագիծը, թե ոչ, կարդարացնի այդ մոդելն իրեն, թե ոչ՝ ցույց կտա արդեն հաջորդ տարին։