Իրական պատմություն՝ խոպանչիների կյանքից

Իրական պատմություն՝ խոպանչիների կյանքից

Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ, բրիգադավար Սամվել Սողոմոնյանն Ամանորին սպասում է ոչ թե Ձմեռ պապիկին, այլ՝ Սոլակ գյուղի բնակիչ Սեդրակ Գրիգորյանին։ Վերջինս մեկ տարի առաջ «քցել» է բրիգադավարին, չի տվել նրա որդիների գումարը, եւ հիմա բրիգադի անդամները՝ 10 հոգի, իրենց 7 հազար դոլարն ուզում են Սամվել Սողոմոնյանից։ Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել՝ Սամվելը չգիտի։ Նրա ցանկությունն է խոպան տանել Ձմեռ պապիկին, նրան ստիպել, որ 7 հազար դոլարի՝ գումարած տոկոսները, աղյուս շարի, ու նոր բաց թողնել, որ գնա։ Նա մեզ ներկայացրեց դժոխքի շրջանակները, որոնցով անցնում է հայ խոպանչին։ Սողոմոնյանն իր գործատուի հետ ծանոթացել է խոպանչիների կապի միջոցով՝ «վայբերով»։ «Գրիգորյան Սեդրակն ասեց «վայբերով»՝ մեզի մոնոլիտչիկ է պետք, բետոնչիկ է պետք․ 18 հոգու վերցրել՝ գնացել եմ Վոլգոգրադ։ Կիրպիչ ենք շարել պադվալային հարկերում, հետո բարձրացել ենք հարկերի մեջը՝ գազաբլոկներ շարելու։ Ավանսային գումար հենց առաջին օրը չտվեցին, 18 հոգուց 8-ը հետ գնաց»։

Մյուս տասը հոգին ավելի ուշ են «քցվել»։ Սեդրակ Գրիգորյանը վերցրել է նրանց 2,5 ամսվա աշխատավարձը եւ փախել։ Սամվել Սողոմոնյանն իր «կանալներով» իմացել է, որ այս գումարը հարկավոր է եղել Սեթոյին՝ կնոջը գրավից ազատելու համար։ Յարոսլավլում պարտքերի դիմաց «գողականները» պահել էին նրա կնոջը՝ Համեստ Հովհաննիսյանին։ «Էդ փողը պետք էր, որ կնոջը «զալոգից» ազատի»,- պատմում է Սամվելը։ Տասը խոպանչիներն իրենց «Ձմեռ պապիկին» փնտրել ու գտել են Մոսկվայում։ Բոլորով մեկնել են այնտեղ՝ հետը հախուհաշիվ անելու։ «Մոսկվայում օգոստոսին իրան տեսել ենք, հեռախոսով «բարձր զվուկ» դրած, 10 հոգի կանգնած՝ լսում ենք, որ օֆիսի փող տվողը՝ տաջիկը, ասում ա՝ ես ձեզ մտցրել եմ օֆիս, աշխատել եք, փողը տվել ենք Սեթոյին»։ Խոպանչիները Սեթոյին կալանավորում ու տանում են հետները Վոլգոգրադ՝ դիմակայելով «սուտի» գողականների հակահարվածներին։ Բայց Սիմֆերոպոլի օդանավակայանում, ուղեւորների գրանցման ժամանակ, Սեդրակ Գրիգորյանին հաջողվում է փախչել առհավետ։ Իր հետ նա վերցնում է Սամվելի որդու ճամպրուկը։

«Մեծ տղուս անունն էլ ա Սեթո, ազգանունները խառնվել են չամադանները հանձնելուց։ Տղուս ուսանողական տոմսով, բումաժնիկով՝ ինքը ստացավ, տարավ։ Իրա վեշն էլ՝ մի զույգ տաք նասկի ու կտրտած սպարտիվկա, թողեց մեզ»,- պատմում է Սամվել Սողոմոնյանը։ Նա չգիտի ում դիմի, որ բերման ենթարկեն «Ձմեռ պապիկին», որը շատերի է «քցել»։ Մենք փորձեցինք կապվել Սեդրակ Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Չարենցավանի բնակիչ Համեստ Հովհաննիսյանի հետ, սակայն նրանց հեռախոսահամարներն անհասանելի էին։ Սոլակի գյուղապետ Էդգար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ Սեդրակ Գրիգորյանը գյուղում շատ վաղուց չի երեւացել։ «Ես իմացա, թե ում մասին եք ասում։ Ինքը դրսում է, իրեն ճանաչեցի, թե ով է, արդեն մի քանի տարի է՝ դրսում է, տեղեկություն էլ չունենք, թե որտեղ է, մի 4-5 տարուց ավելի այստեղ չի։ Նա այստեղ մի ծեր մայր ունի, հայրը մահացած է, այդ կինը շատ վատ վիճակում է, մենակ, օգնող չունի», - ասաց գյուղապետը։ Խոպանչիները Հայաստանից Ռուսաստան աշխատանքի են մեկնում՝ նախապես իմանալով, որ ապրելու են օրենքից դուրս, եւ կարող է պատահել այնպես, որ գումարները հետ չստանան։ Այնտեղ՝ արտագնա աշխատանքի վայրում, նրանք ապրում եւ աշխատում են առանց գրանցման։

Գործատուների հետ հարաբերությունները կարգավորում են «օֆիսները»՝ երկակի հաշվապահություն պահող փոքրաթիվ աշխատակազմով գրասենյակները։ Ոստիկանությունը «քցված» խոպանչիներից, որպես կանոն, հաղորդումներ հանցագործության մասին չի վերցնում եւ, որակելով խարդախությունը որպես քաղաքացիաիրավական հարաբերություն, խորհուրդ է տալիս դիմել դատարան։ Ոստիկանությանը հետաքրքիր չէ, թե քանի մարդու է խաբել Ռուսաստան աշխատանքի տանող խարդախը։ Արտագնա աշխատանքի մեկնողի միակ փրկությունը «գողականներն» են, «ստացողները»։ «Ստացողի» միջոցով երբեմն հաջողվում է փողը հետ բերել։ Ահա ինչու Ռուսաստան գնալուց առաջ խոպանչին անպայման կապեր է հաստատում գողական աշխարհի ներկայացուցիչների հետ։ Բայց «քցողն» էլ իր ներկայացուցիչներն ունի քրեական աշխարհում։ Ուստի ամեն մեկը հաշիվներ մաքրելու գնում է իր «գողականի» հետ։