Ճանաչեք «Հրապարակի» լրագրողներին՝ նրանք ձեզ համար են աշխատում

Ճանաչեք «Հրապարակի» լրագրողներին՝ նրանք ձեզ համար են աշխատում

Ես այն կարծիքին եմ, որ Ամանորը լավագույն ժամանակն է տարվա արած-չարածի մասին խոսելու, խոստովանություններ անելու, մեղքերի թողություն հայցելու, ինչու չէ՝ նաեւ ապագային միտված խոստումներ տալու։ Դա առաջին հերթին վերաբերում է, իհարկե, քաղաքական գործիչներին, բայց լրագրողներն էլ հաշվետու լինելու պարտավորություն ունեն հանրության առաջ։ Խոսքը, ի դեպ, ոչ միայն ֆինանսական թափանցիկության մասին է, ինչը պարբերաբար պահանջում են մամուլը չսիրողները՝ չհասկանալով, որ դրանով բաց դռներ են ջարդում՝ չէ՞ որ մեր հաշվետվությունները մենք բարեխղճորեն ներկայացնում ենք հարկային մարմիններին ու հանրությանը։ Խոսքն առհասարակ մեր գործունեության, մեր սկզբունքների, մեր վարքուբարքի, բաց ու հրապարակային լինելու մասին է։ Եվ այդ առումով արժի, որ հասարակությունը ճանաչի իր «հերոսներին» (կամ «հակահերոսներին»՝ կախված ձեր ընկալումից)՝ այն լրագրողներին, ովքեր ամեն օր ձեզ տեղեկատվություն են հասցնում, հարցազրույցներ ու վերլուծություններ անում, ընդհանրապես՝ ապահովում քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը։ 

«Հրապարակի» խմբագրակազմն այդ առումով մեծ, խայտաբղետ ընտանիք է հիշեցնում, որտեղ կան «հեղափոխականներ ու հակահեղափոխականներ», աշխատասերներ ու ծույլեր, լավատեսներ ու հոռետեսներ, չարաճճիներ ու «մարմանդ գետեր»։ Մի խոսքով՝ ամեն ինչ։ Դժվար է նման ընտանիքում սերն ու համերաշխությունը պահպանելը, այնպես, ինչպես մեր երկրում է բարդ, եւ մենք նաեւ լուրջ տարաձայնություններ ու վեճեր ենք ունենում։ Իսկ վերջերս մի դեպք ունեցանք, երբ հազիվ «չհատեցինք» ծեծկռտուքի սահմանը։ Բայց մեծ հաշվով, մենք գտել ենք խաղաղ գոյակցության բանաձեւը տարբեր բնավորության ու խառնվածքի, առաջին հայացքից՝ անհամատեղելի մարդկանց միջեւ։ Հուսամ՝ այդ հարցում փոքր չեն նաեւ իմ դերակատարումն ու հորիցս ժառանգած դասերը, երբ ամենաթեժ կռվի պահին ինձ ու փոքր քրոջս սաստում էր, եւ ես հիմա նույնը լրագրողներին եմ ասում․ «Մի դռան շան պես յոլա գնացեք»։ Բայց, առհասարակ, վեճերը նաեւ առողջացնող, կառուցողական դեր ունեն մեր կյանքում։ Վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը։ Վիճող, առարկող մարդն անվնաս է, իր առարկությունները, դժգոհությունները «ներս գցող» մարդը՝ վտանգավոր։ Իսկ մեր վեճերը, բարեբախտաբար, հիմնականում աշխատանքային են, երբեմն՝ առողջ մրցակցությունից ծնվող։ 

Տարեվերջյան համարում ուզում եմ ընթերցողին ներկայացնել «Հրապարակի» լրագրողներին, ում հոդվածները դուք կարդում եք, բայց չեք ճանաչում։ 

Մեր հնաբնակները երկուսն են՝ Լուսինե Շահվերդյանն ու Սոնա Ադամյանը։ Այս անբաժան զույգը որքան մտերիմ է, նույնքան էլ տարբեր՝ տեսակով, խառնվածքով, աշխատելու ռիթմով։ Լուսինեն մեր առաջատարն է՝ քաղաքական լրագրության մեջ բավականին հմտացած, լավատեղյակ։ Այս տարիներին արդեն հասցրել է ճանաչելի դառնալ քաղաքական շրջանակներում։ Այնքան է հմտացել իր գործի մեջ, որ ամենաբարդ ոլորտն է լուսաբանում, բայց ամենաշուտն է ավարտում իր աշխատանքը։ Եթե ուզենա, անշուշտ, շատ ավելի լավ եւ ավելի արդյունավետ կաշխատի, բայց գտել է «երջանիկ լինելու» իր բանաձեւը եւ հարմար տեղավորվել իր ամպլուայում։ Թեեւ չկարծեք, թե հեշտ մարդ է, եւ հեշտ է նրա հետ աշխատելը․ նոր լրագրողների առաջին խնդիրը Լուսինեի կողմից ընդունվելն է, նրա սրտում «տեղ» զբաղեցնելը։ Եթե չստացվեց, նորեկն օր ու արեւ չի ունենա, ես էլ՝ քուն ու հանգիստ։ Բայց քանի որ վստահելի ու պինդ մարդ է, սիրով ենք «հանդուրժում»՝ հումորով նայում նրա կապրիզներին։

Իսկ Սոնան ճշտապահության եւ խստապահանջության մարմնացում է, տարիների հետ այդ որակները երբեմն ծայրահեղության են հասնում, բայց իր զուսպ ու աղջկական տեսակը սիրելի է բոլորին, անգամ նրանց, ովքեր «Հրապարակն» ու «Հրապարակի» լրագրողներին չեն սիրում։ Սոնան անցած տարի նոր ամպլուայում հանդես եկավ՝ «Հրապարակ մշակութայինի» խմբագրի դերում, պարզվեց՝ ճիշտ ընտրություն էր, այդ դերը սազում է նրան, եւ նա հաճույքով ու լավ է անում այդ գործը։
Մյուս հնաբնակը, ինչպես լրագրողներն են ասում՝ մեր «գնացած- հետ եկած» Սյուզան Սիմոնյանն է՝ տարիքով, փորձով ամենահասունը, ով օրիգինալ հայացք ունի ամեն ինչի եւ իր արած գործի նկատմամբ էլ՝ օրինակելի վերաբերմունք։ Նա կարող է «օդից» նյութ հայթայթել եւ ամենաչգրվող թեմայից շատ հետաքրքիր հոդված սարքել։ Նրան «խանգարող» մի բան կա՝ թոռը, ում պահելու պարտականությունը հարսն ու որդին պարբերաբար դնում են տատի ուսերին՝ խոչընդոտելով մեր աշխատանքը։ 

Մյուս «դասականը» Վահե Մակարյանն է, ով ուշ է միացել մեր կոլեկտիվին, բայց սրընթաց քայլերով առաջ է ընթանում։ «Թունոտ ու թարախ» լրագրողի իրական կերպար է նա, ով «երեւի գիշերը հանգիստ չի քնում», եթե այդ օրը որեւէ մեկին չի խայթել, չի քննադատել։ Նա մեր լրագրողների մեջ ամենահումորովն է եւ ամենից շատ ստատուսներ գրողը։ Նրան երբեմն մեղադրում են լրագրողական մանիպուլյացիաների ու «մատից ծծած» նյութեր գրելու մեջ, բայց նա արդեն ընթերցողների լայն շրջանակ ունի, եւ նրա հոդվածներին, կարծում եմ, սպասում են։ Եթե մի փոքր հավասարակշիռ ու չբռնկվող լիներ, անշուշտ, դրանից նյութերը կշահեին, ինչպես կշահեին նաեւ իր կողքին աշխատողները, բայց Վահեին ճանաչողները գիտեն, որ չպետք է «բզբզեն»։ Մեղվի փեթակը բզբզելը ոչ մեկի համար դեռ լավ ավարտ չի ունեցել։

Իսկ «բզբզացողներ» կան, օրինակ՝ Կորյուն Սիմոնյանը, որ մեր խմբագրության նորեկներից է՝ նվիրված, աշխատասեր, սեփական կարծիքն ամեն ինչի մասին ունեցող մի երիտասարդ, որից լավ լրագրող կստացվի։ Խմբագրությունում այնքան էլ լավ չեն վերաբերվում Կորյունի «նախաձեռնողականությանը», երբ պատրաստ է գրել ամեն ինչի մասին եւ գնալ ամեն տեղ, բայց սա խմբագրի համար փնտրված տեսակ է։ Երբ մարդը լավ լրագրող դառնալու ամբիցիաներ ունի եւ թերթի պատիվն էլ իր պատվից ցածր չի դասում։

«Հրապարակի» մյուս «գանձն» Աննա Պապիկյանն է, որի անցած ճանապարհը՝ իր գալու օրվանից մինչեւ այսօր, լրագրողական աճի ու վերելքի իսկական պատմություն է։ Երբ մարդն ինքն իրեն է կերտում՝ ամեն օր աշխատելով ինքն իր վրա եւ զարգանալով։ Արագաշարժ է եւ օպերատիվ՝ լրագրողի ամենափնտրված որակներն ունի։ Եթե սրան ժամանակի ընթացքում գումարվեն նաեւ ֆանտազիան ու մի քիչ վերլուծելու-գունեղ շարադրելու որակները, Աննան մրցակից չի ունենա։ Քչախոս, զուսպ էմոցիաներով այս աղջիկն իր գործն անում է առանց աչքդ մտցնելու, առանց մյուսների անձնական տարածք ներխուժելու, անգամ երբեմն առանց խմբագրի վերահսկողության։ Ինքնակարգավորման հստակ մեխանիզմներն են նրան առաջնորդում, եւ ես այս վարքի մեջ իմ երիտասարդությունն եմ տեսնում։ 

«Հրապարակի» թագուհին բոլոր իմաստներով Թագուհի Հակոբյանն է՝ գրում է այն, ինչ ուզում է, գալիս է, երբ ուզում է։ Դու մի բան ես հանձնարարում, նա բոլորովին այլ հոդված է տալիս։ Ժողովներին, որպես կանոն, չի լսում, թե ով ինչ է խոսում, հանկարծ «արթնանալով»՝ որեւէ դատողություն է անում, որը, անշուշտ, ճիշտ է, բայց կոնտեքստից դուրս։ Մենք ներողամտությամբ ենք վերաբերվում նրա «թերություններին», քանի որ, միեւնույն է՝ ամենագրագետ հոդվածները Թագուհունն են, ամենամոռացված թեմաներն ու մարդկանց նա է հայտնաբերում, ամենից շատ հարցումներ տարբեր գերատեսչություններ նա է անում եւ բարեխիղճ է՝ իր պատկերացումների չափով ու ձեւով։

Լուսինե Պետրոսյանը, Վահրամ Աթանեսյանը, Էդիկ Անդրեասյանը, Արեւիկ Հակոբյանը, Նելլի Կարապետյանը մեր երկարամյա աշխատակիցներն են, բայց դրսից են թղթակցում՝ տարբեր հաճախականությամբ, Արեւիկը՝ Գյումրիից, Նելլին՝ Հրազդանից, Վահրամը՝ Արցախից, Էդիկը՝ ՀՅԴ-ից, Լուսինե Պետրոսյանը՝ հիմնականում արտաքին քաղաքական աշխարհից։ Բոլորն էլ սիրելի մարդիկ են՝ գորշ զանգվածից առանձնացող, ուրույն խասյաթով ու հայացքներով, ու թեեւ խմբագրությունում չեն լինում, հաճախ չենք շփվում, եւ խիստ տարբեր հայացքներ ունեն ու անգամ երբեմն բանավիճում են իրար հետ «Հրապարակի» էջերում, բայց որ մեծ ընտանիքի անդամներն են՝ միշտ ներկա մեր կողքին։ Բանավեճն էլ, պատահում է, անցնում է թույլատրելիի սահմանները՝ ստիպելով, որ ես միջամտեմ վեճին ու խաղաղության կոչեր անեմ, բայց ամենակարեւորը՝ քեն չեն պահում միմյանց դե։ 

Մի նորեկ էլ ունենք՝ Անուշ Դաշտենցը, որը «տարած-հետբերածների» շարքից է՝ տարիներ առաջ աշխատել է «Հրապարակում», հիմա վերադարձել է հարազատ «օջախ», տեսնենք՝ ինչքան կտեւի եւ ինչպես կդասավորվի նրա լրագրողական «ճակատագիրը»։ Ամեն դեպքում, այս կարճ միջոցում ապացուցել է իր օգտակարությունը եւ տեղավորվել է հնաբնակների արանքում։

Եվ վերջապես, իմ սեփական դուստրը՝ Զարուհի Մարգարյանը, որ մանկուց գրելու մեծ ձիրք ուներ եւ լիդերության հակումներ։ Նա վեց ամիս առաջ է Մոսկվայից տեղափոխվել Երեւան եւ փորձում է ստանձնել կայքի խմբագրի պաշտոնը։ Չգիտեմ՝ ստացվում է, թե՝ ոչ, սակայն, կարծում եմ՝ գիտի, որ ոչ մի հատուկ արտոնություն չի ունենալու։ Թերթը տաժանակիր աշխատանք է եւ արտոնյալներ ու անհավասարություն չի հանդուրժում։ Դիմացկուններն ու ընդունակները մնում են, ծույլերն ու անաշխատունակները՝ հեռանում։    

Առհասարակ, ես համարում եմ, որ «Հրապարակի» ողջ կոլեկտիվը, որն օրական ընդհանուր հաշվով 17-18 ժամ «պոստի» է, կարեւոր գործ է անում։ Անկախ նրանից, որ մենք բազում թշնամիներ ու «չուզողներ» ունենք, մեզնից շատ մարդիկ են դժգոհ ու «վառված»։ Մենք հասկանում ենք, որ լինել մամուլի մեծ ընտանիքում առաջատարներից մեկը, ամեն օր քննադատել տարբեր մարդկանց, «դիպչել» նրանց կենսական շահերին, ցավ պատճառել ու բացահայտել, հեշտ գործ չէ։ Եվ այն հակազդեցությունը, որը մենք ամեն օր զգում ենք մեր մաշկի վրա, բնական է ու սպասելի։ Բայց հասարակությունը, մեծ հաշվով, պետք է նաեւ գնահատի մամուլի ու լրագրողի աշխատանքը, հասկանա, որ բոլոր թերություններով հանդերձ, մենք օգտակար գործ ենք անում, եւ առանց մեզ չի լինի կյանք եւ չի լինի առաջընթաց։ 

Այնպես որ՝ մեզ խիստ մի դատեք, երբեմն գովաբանեք, եթե հնարավոր է՝ նաեւ գնահատեք ու սիրեք։

Ձեր խոնարհ ծառա՝ Արմինե ՕՀԱՆՅԱՆ