Դավադրությունների տեսությունները

Դավադրությունների տեսությունները

Անցնող տարին որքան լի էր գլխապտույտ շրջադարձներով, նույնքան շատ էին այդ իրադարձությունների վերաբերյալ գնահատականներն ու դատողությունները։ Մարդիկ երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունները կապում էին մութ ուժերի եւ մութ պրոցեսների հետ։ 

1. Չնայած որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ողջունվեց հասարակության եւ քաղաքական դաշտի լայն շրջանակների կողմից, սակայն, այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր չէին հավատում տեղի ունեցողի մաքրությանը եւ հեղափոխության ետեւում տարբեր ականջներ էին տեսնում, հիմնականում՝ Սերժ Սարգսյանի, տեղ-տեղ՝ նրա փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի։ 

2. Ակտիվ գործունեություն ծավալած «Ռեստարտ» նախաձեռնությունը, որը համալսարանական երիտասարդների կողմից է ձեւավորվել՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ, սակայն հիմա մոռացել է իր նպատակը եւ այլ նպատակներ է դրել, ըստ ուսանողական շրջանակների՝ գործում է ՀԿ-ների դաշտում, Սորոսի հիմնադրամից գումարներ է ստանում եւ իդեաներ։ 

3․ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման դեպքից հետո գաղտնալսողի բացահայտումը տեղի չունեցավ, փոխարենը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեթեւ ձեռքով կասկածներն ուղղվեցին դեպի Ռոբերտ Քոչարյան։

4․ Նախընտրական սեւ փիառի շրջանակներում Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» ետեւում ոմանք շոշափում էին Միքայել Մինասյանի անունը եւ նրանց հաջողությունն էլ նրան վերագրեցին։

5. Անցնող տարին, թերեւս, ամենածանրն էր դատավորների համար։ Նրանց կայացրած ցանկացած որոշում դժգոհության ալիք էր բարձրացնում, եւ լուրեր էին շրջանառվում, թե այն թելադրված է ներկա կամ նախկին իշխանություններին։ Քոչարյանը կալանավորվա՞ծ է, ուրեմն դատավորը կատարել է նոր իշխանությունների պատվերը, Քոչարյանն ազա՞տ է արձակվել, ուրեմն գործել է հների հրահանգով։ Նույնը՝ Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի, Յուրի Խաչատուրովի, «Սասնա ծռեր»-ի, Դավիթ Համբարձումյանի եւ այլ դեպքերում։